«Սիլվա Կապուտիկյան. Էջեր փակ գզրոցներից». այս թեմայով Մոսկվայի Լ. Ուկրաինկայի անվան գրադարանի դահլիճում կայացավ «Դեբեդ» գրական-լուսավորչական ակումբի հերթական միջոցառումը:
Ս. Կապուտիկյանի «Էջեր փակ գզրոցներից» վերնագրով գիրքը լույս է տեսել 1997թ.: Այդ ժամանակից անցել է գրեթե 20 տարի, բայց գրքում զետեղված թեմաներն այսօր էլ կարեւոր են, քանի դեռ մեր ժողովրդի կյանքը շատ հեռու է բարեկեցիկ լինելուց:
Գրքի նախաբանում հեղինակը նշում է. «Ճիշտն ասած, ես ինքս էլ չեմ կարողանում որոշել, թե որ ժանրին է պատկանում գիրքը: Հրապարակագրությո՞ւն է արդյոք, էսսե-խոհագրությո՞ւն, թե՞ ելույթների ու հարցազրույցների ժողովածու: Երեւի այս ամենի համադրումն է, յուրատիպ մի համահավաք: Կարծում եմ, որ գիրքը օգտակար կլինի բոլոր նրանց, որոնք կկամենան զգալ, ճանաչել ու հասկանալ 1919 թվականին աշխարհ եկած, իր ժողովրդի ցավերով եւ ուրախություններով տոգորված մի բանաստեղծի եւ նրա սերնդի ապրած կյանքն ու բարդ, դժվարին ժամանակաշրջանը»:
Երեկոյի ընթացքում հնչեցին Սիլվա Կապուտիկյանի բառերով գրված մի շարք երգեր: Գրադարանի աշխատակցուհի Նատալյա Իվանովնան ռուսերենով կարդաց Կապուտիկյանի երկու բանաստեղծություն, որից հետո երեկոյի մասնակիցները կարդացին այլ բանաստեղծություններ ու հատվածներ վերոհիշյալ գրքից: Ներկաներն առանձնակի ջերմությամբ ընդունեցին 9-ամյա Սոնա Աճեմյանի՝ Կապուտիկյանի մանկական բանաստեղծության ասմունքը:
Բոլոր ելույթ ունեցողները նվեր ստացան բանաստեղծի գրքերից:
Կարդացեք նաև
«Դեբեդ» ակումբի ղեկավար Ռուսլան Միսկարյանը հիշում է. «Սիլվա Կապուտիկյանը «Էջեր փակ գզրոցներից» գիրքն ուղարկեց ինձ յուրահատուկ խորիմաստ ընծայագրով: Հետագայում, բանաստեղծի հետ մի հանդիպման ժամանակ ասացի. «Տիկին Սիլվա, երբ կարդում էի, սկսեցի գրքի մեջ, իմ կարծիքով, կարեւոր տեղերում նշումներ անել, բայց շուտով թողեցի, քանի որ ստիպված պետք է լինեի գրեթե ողջ գիրքը լցնել ընդգծումներով»:
Նշենք, որ «Դեբեդ» ակումբը Մոսկվայում գործում է 2008թ. նոյեմբերից: Միսկարյանի ձեւակերպմամբ, իրենց հավաքույթների թեման ինչ էլ լինի, նպատակն է՝ խոսել հայերեն:
ԱԼԻՍԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.04.2016