Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներիր իմ մեղքը, եթե չարին, նեռին սպանելը մեղք ես համարում». տեր Հովհաննես

Ապրիլ 29,2016 13:30

«Աստված, ների՛ր ինձ, ես մարդ սպանեցի։ Ների՛ր ինձ, այլ կերպ հնարավոր չէր, նա գալիս է չար մտադրությամբ` քանդելու, այրելու իմ տունը, գալիս է սպանելու իմ զավակներին։ Աստված ամենակարող, ներիր իմ մեղքը, եթե չարին, նեռին սպանելը մեղք ես համարում»,- այսպես է աղոթել Գանձասարի հոգեւոր հովիվ տեր Հովհաննեսը, երբ առաջին անգամ մարդ է սպանել. «Գիշերը մոմի լույսի տակ Աստծո խոսքով դիմում էի նոր ժամանած տղաներին, ոմանց մկրտում ու ճանապարհում էի դիրքերը։ Խորհրդավոր ու անմոռաց պահեր էին։ Գիշերային լռության մեջ հատուկենտ կրակոցներ էին միայն հիշեցնում պատերազմի մասին, որովհետեւ բոլորս մի տեսակ վերանում, անէանում էինք մի պահ իրական կյանքից։ Որպես հոգեւորական, երբ առաջին անգամ մասնակցեցի կռվին, տեսա, թե ինչպես իմ գնդացրի կրակից զոհվեց թշնամու մի քանի զինվոր։ Ես մարդ էի սպանել, եւ մինչեւ օրվա ավարտը, երբ դադարեց մարտը, այդ միտքն ինձ տանջում էր։ Հետո երեկոյան, երբ իջնում էի վանք, պարսպի մուտքի մոտ վայր դրեցի զենքս, զինական ողջ հանդերձանքս ու ծնկաչոք ներս մտա վանք։ Խաչակնքեցի եւ Գանձասարի մթության մեջ բառերն ինքնաբերաբար դուրս բերեցին իմ հոգուց»:

Այս դեպքը տեր Հովհաննեսի հետ տեղի է ունեցել 90-ականների արցախյան մարտերի ժամանակ, որում նա ակտիվ մասնակցություն է ունեցել: Այս հիշատակությունը եւս  կա Մաքսիմ Ոսկանյանի «Արցախյան վկայություններ» գրքում:

Տիրոջ պատվիրաններից գիտենք, որ «մի՛ սպանիր» պատվիրանը քո ազգ ու ժողովրդին բռնատիրելու, պղծելու, բռնաբարելու ու փչացնելու եկած հակառակորդի համար չէ։   Այս նկատի  ունենալով՝ հայրերը կանոն սահմանեցին՝ պատերազմի ժամանակ եղած սպանությունից անպարտ ճանաչել քրիստոնյաներին։  Գիտենալով, որ այս հարցը շատերին կարող է հետաքրքրել, Մխիթար Գոշի «Դատաստանագրքից» Մաքսիմ Ոսկանյանը բերում է համապատասխան կանոնը. (Գլուխ ՃՀԳ- պատերազմի ժամանակ սպանության մասին) «Իսկ նրանք, որ պատերազմների ժամանակ մահ են գործում, մեր հայրերը ամենեւին սպանություն չհամարեցին։ Ըստ որի եւ մեզ եւս հաճելի է այդ նույն խորհրդին հետեւել։ Բայց, որպեսզի (պատերազմից եկածի) ձեռքը սրբվի, բարի է, որ այդպիսիները երեք տարիներ հաղորդությունից հեռու մնան» (Բարսեղի կանոններ)։

…Եվ միայն ասում է, թե` հաղորդությունից հեռու մնան։ Սրանից սովորեն դատավորները եւ չլինի թե վրիժառություն լինի։

Գոշի «Դատաստանագրքից» մի կանոն եւս կարեւորելով՝ հեղինակը հիշատակել է, որ կապված է պատերազմի աստվածահաճո ընթացքը մի կարեւոր կարգով եւս կարգավորելուն. (Գլուխ ՃԻԳ- այն մասին, որ նոր կին առնողը պարտավոր չէ պատերազմ գնալ) «Եթե մեկը նոր է ամուսնացել, ապա թող պատերազմի մեջ չմտնի եւ այս մասին նրանից պարտավորություն չպահանջեն, այլ թող ազատ մնա իր տան մեջ եւ իր կնոջն ուրախացնի» (Բ. Օրենքներ, Ի Գ 51)։

Մարդասեր է Աստված եւ կամենում է, որ չլինի թե պատերազմի մեջ մարդն ընկնի եւ սուգ լինի տարաժամ, այս բանի համար սրանք՝ պատերազմին չմասնակցող նոր ամուսնացողները, անմեղադրելի են միանգամայն եւ ճշմարիտ չէ ճակատ տալ կամ երկբայել այս պատվերը։ Այս իրավունքը հարկ է պահել զորավարներին իրենց բոլոր զորքերում։

Մակաբայեցիների գրքից մեջբերվում է մեկ հատված, որտեղ նշվում է, որ կա այս պատվերի կատարման պատմական օրինակը, երբ պատերազմի մեջ մտնելուց առաջ զորավարները նորապսակներին առանձնացնելով՝ ուղարկում են տուն, ապա նոր են մտնում մարտի մեջ եւ տանում են սքանչելի՛ հաղթանակ, եւ ոչ մի զոհ չեն տալիս։ Աստված սիրում է իր պատվերները պահողներին եւ առավել եւս է զորավորում ու պահպանում իրեն լսող բանակներին։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
28.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930