Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիգրանին հաղթել կլինե՞ր, եթե մեր տանկերն էլ ժամանակակից՝ S-90Ս լինեին». (Տեսանյութ)

Ապրիլ 28,2016 23:40

Ջեբրայիլում նահատակված գյումրեցի 20-ամյա տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը մեծ հպարտությամբ է պատմում նրա հերոսության մասին՝ նշելով, որ Տիգրանը, թշնամու հարձակման ժամանակ մղվելով առաջնագիծ ու իր տանկով մտնելով նրանց 8 տանկերի մեջ, խոցել է ոչ թե 3, այլ հինգ տանկ: Այնուհետ հարցնում է՝ չե՞ք տեսել համացանցում տեղադրված այն տեսանյութը, որ հայկական տանկը, ընդառաջ գնալով թշնամու տանկին ու ոչնչացնելով՝ հետ է գալիս, դա հենց Տիգրանի տանկն է:

«Տիգրանի հետ կռվի դուրս գալը հեշտ բան չէր, նա պրոֆեսիոնալ էր որպես տանկիստ. քանդում ու հավաքում էր տանկը: Լինելով ձախլիկ՝  էնքան ճարպիկ էր, էնպես էր խուսանավում, որ դիմացինը մինչեւ կողմնորոշվեր, նա կոչնչացներ… Տանկերի ինչ քանակ ուզում է լիներ, Տիգրանը կոչնչացներ, ուղղակի հեշտ չի եղել հին տանկով ժամանակակից՝ S-90Ս տանկերի դեմ դուրս գալը»,- ասում է եղբայրը:

Տիգրան Աբգարյան_2 Տիգրան Աբգարյան_3 Տիգրան Աբգարյան_4

Հայրը՝ Արամ Աբգարյանն էլ ասում է , որ ինքն էլ է տանկիստ եղել: Տիգրանն, անընդհատ թերթելով իր լուսանկարները, ոգեշնչվել ու շարունակել է հոր գործը: Հոր բնութագրմամբ, Տիգրանը պատրաստի զինվոր է եղել դեռ դպրոցական տարիներից. անընդհատ մարզվել է, զինվորականի շորեր հագած ման է եկել ու նկարվել՝ ինքնաշեն հրացաններով:

«Շատ էր սիրում արագություն, մեքենան էլ շատ արագ էր վարում, միշտ նեղվում էի, թե այ տղա ջան, վտանգավոր է, մեր քաղաքի փողոցներն էլ լրիվ փոս են: Մեր բակում կանգնած մեքենան իրենն էր, ասում էր՝ պապ ջան, կգամ տուն, կսարքեմ էդ մեքենան, տանկից էլ լավ կսարքեմ, դե տանկի բոլոր մասերը ուսումնասիրել էր, անգիր գիտեր, տանկ վարելը իր համար ինչ էր…

«Տանկային բիաթլոնում» առաջին տեղը գրավեց, իսկ Ռուսաստանում մերոնք գնացին երկրորդ տեղը գրավեցին, ինքն էլ պիտի մասնակցեր, բայց իր բիաթլոնը եղավ մարտի դաշտում, ինքն էլ այնտեղ հաղթեց…Ես կուզեի, որ բոլոր հայ տղաները իր պես հրաշալի զավակներ լինեն, շատ շնորհքով էր, ոչ մեկին չէր նեղացնում, աշխատում էր ֆիզիկապես ուժեղ լինել, շատ հումորով էր, շատ քաղցրարյուն: Արցախյան պատերազմում մեր տղաները չզոհվեցին, այլ անմահացան, Փառք մեր հերոսներին: Տիգրանս որ ծնվեց, նրա անունը ի պատիվ Տիգրան Մեծի դրեցի, նա էլ իրեն մարտի դաշտում հերոսի պես պահեց»,- հպարտանում է հայրը՝ հազիվ զսպելով արցունքները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930