««Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի համահայկական փուլն արդեն երրորդ անգամ անցկացվում է ուսանողների և առաջին անգամ դպրոցականների շրջանում: Մրցույթը վերաբերում է չինարենին, առաջին հերթին՝ լեզվին:
Ուսանողները և աշակերտները հանդես են գալիս մենախոսությամբ, ներկայացնում մշակութային համարներ և չինարեն պատասխանում ժյուրիի հարցերին»,-այս մասին այսօր «Չինարեն լեզվի կամուրջ» համաշխարհային 15-րդ մրցույթի հայաստանյան փուլի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը:
Գոռը նշեց, որ մրցույթի հայաստանյան փուլին մասնակցում է 8 ուսանող և 6 աշակերտ. «Մասնակիցների քանակն ամեն տարի գրեթե նույնն է, սակայն թեկնածուների թիվն այս անգամ շատ ավելի մեծ էր: Առաջին անգամ աննախադեպ է դպրոցականների ներգրավվածությունը: Նրանք զարմացրին բոլորին՝ իրենց ակտիվությամբ և լեզվի իմացությամբ»:
Կարդացեք նաև
Ինստիտուտի տնօրենն ավելացրեց, որ առաջին տեղը զբաղեցրած աշակերտն ու ուսանողը մեկնելու են Չինաստան՝մասնակցելու «Չինարեն լեզվի կամուրջ»-ի համաշխարհային փուլին: Երկրորդ տեղերը գրավածները նույնպես կմեկնեն՝ որպես դիտորդ:
Միջոցառմանը ներկա ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը բացման խոսքում նշեց, որ առաջին անգամ հայ դպրոցականների՝ մրցույթին մասնակցելը հատկանշական է, քանի որ այն վկայում է Հայաստանում չինարեն լեզվի և մշակույթի նկատմամբ հետաքրքրության աճի մասին. « Ուզում եմ նշել, որ այս հետաքրքրությունը երկկողմանի է: Չինաստանում նույն հետաքրքրությունն է առաջացնում Հայաստանն ու հայկական մշակույթը: Դա են վկայում նախորդ տարի Չինաստանում բացված առաջին հայագիտության կենտրոնը, և չինական երկու բուհերում հայերենի ուսումնասիրումը»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ