Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ հակասության մասին

Ապրիլ 28,2016 22:00

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը ներկայացրել է իր վերջին հանդիպումները, հեռախոսազրույցները, իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական եւ արտաքին քաղաքական հարցեր:

Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով՝ «Մեր դիրքորոշումը հստակ է՝ ՀՀ նախագահն ասել է, որ բանակցությունների վերսկսման համար անհրաժեշտ է 3 կարեւոր քայլ՝ վստահության հետաքննության մեխանիզմների ներդնում, հասցեական հայտարարություններ եւ երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի ԼՂՀ ժողովրդի նկատմամբ: Երբ որ գնում են մարտական գործողություններ եւ երբ դեռ ամբողջությամբ չեն ավարտվել փոխհրաձգությունները, երբ Ադրբեջանը խախտում է թե՛ զինադադարի պայմանագիրը, թե՛ Մոսկվայում բանավոր պայմանավորվածությունը կրակի դադարեցման ուղղությամբ, բնականաբար, այս պայմաններում չեն կարող հասնել հարցի ամբողջական լուծման»: Այս պահին բանակցային գործընթացի վերսկսման համար այդ 3 պայմաններն են, որ առաջ է քաշում հայաստանյան կողմը»:

Հարցին՝ դուք ասում էիք, որ երբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ կսկսի՝ Հայաստանը կճանաչի ԼՂՀ անկախությունը, հիմա դրա ժամանակը չէ՞՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ երբ ՀՀ նախագահը կասի, դա կանեն. «Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, բայց որպեսզի վերսկսեն բանակցությունները, անհրաժեշտ են հասցեական գնահատականներ եւ մեր ասած նախապայմանները: ԼՂՀ ժողովրդի միակ ապագան՝ դա լինել դե յուրե ճանաչված ԼՂՀ քաղաքացիներ: Այլ ճանապարհ չկա՝ ուզի Թուրքիան, Ադրբեջանը, թե չուզեն»:

Հարցին՝ քիչ առաջ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իր հարցազրույցում ասել է, որ բացառում է հողերի վերադարձման որեւէ տարբերակ, իսկ ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ չեն բացառում նման բան, սա չի՞ նշանակում, որ հակասություն կա ՀՀ եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ՝  Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Թյուրընկալում է եղել իմ գործընկերոջ հարցազրույցի հետ կապված: Տիկին Նաղդալյանը բացատրել է, հետո նշել է, որ ԼՂՀ ժողովուրդն ու իշխանությունը պետք է որոշեն ԼՂՀ ճակատագիրը, որը, բնականաբար, չի կարող հակասության մեջ մտնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կարծիքի հետ: ՀՀ-ն սատարում է ԼՂՀ ժողովրդի եւ ԼՂՀ իշխանության արդար պայքարին՝ ապրելու ազատ ու անկախ հայրենիքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930