Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեբրայիլում նահատակված Արմանի մայրը երազում տեսել էր, որ պատերազմ է սկսվելու (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ապրիլ 28,2016 19:11

19-ամյա սերժանտ Արման Անդրեասյանը Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Մեծ Մանթաշ գյուղից է. 5-ի եղբայրներից ամենակրտսերը: Մոր՝ Լիլիֆար Անդրեասյանի բնութագրմամբ, Արմանը իր հինգ զավակներից ամենաաշխույժն էր, ամենաթասիբովը: «Գյուղում որ մի գործ լիներ, Արմանը էնքան թասիբով էր, վազում էր գործը աներ, դե վերջը գյուղ է, գումար է, Արմանս էլ շատ էր սիրում աշխատել: Մենք էլ մեծ տուն, դժվար է գյուղում ապրելը»,- ասում է մայրը:

Տիկին Լիլիֆարի պատմելով, բանակ տանելու ժամանակ, երբ Արմանը բուժզննում է անցել, առողջական ինչ-որ խնդիրներ են նկատել, մորը մինչեւ օրս էլ անհայտ է մնացել, թե ի՞նչ խնդիր ուներ իր որդին,որ նրան հիվանդանոց ուղարկեցին կրկնակի ստուգման ու հարցրեցին ՝ ծխո՞ւմ ես: Տղան էլ պատասխանել է՝ ոչ, չեմ ծխում:

ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ_3 ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ_2 ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ_4 ԱՐՄԱՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ_5

Հորեղբոր կինն էլ՝ Ֆաթիմա Անդրեասյանը, որը Արմանի մասին խոսելով, լաց էր լինում, ասաց, որ տղան ամեն ինչ անում էր բանակ գնալու համար: «Մի տարի 3 ամիս ծառայեց, մի օր չեղավ, որ դժգոհեր, հետո իմացանք, որ մեծ շրջապատ էր ձեռք բերել այնտեղ: Մի օր էլ արձակուրդ էր եկել, սեղան գցեցինք, այսինք՝ Արման ջան, արի հաց կեր, վիրավորվեց, թե ձեզ թվո՞ւմ է բանակում հաց չեն տալիս, հա՞, դուք եկեք էնտեղ, ես ձեզ կհյուրասիրեմ, տեսեք թե ո՞նց ենք ապրում»: Մայրն ասում է, որ Արմանի ուշքումիտքը կրթվելն էր, գումար չեն ունեցել, որ նրան սովորելու ուղարկեն:

Նա սիրած աղջիկ էլ ուներ, այս մասին կիսվել է եղբոր կնոջ հետ: Արմանը նահատակվել է Ջեբրայլիում, մայրը պատմում է, որ մարտի վերջերին մի քանի օր անընդմեջ երազ է տեսել. խառը, պատերազմական իրավիճակ է եղել ու միշտ փորձել է իրենց տան պատուհանը բացել, որ դուրս թռնի այնտեղից, սակայն պատուհանը պինդ փակված է եղել: «Տղաս Ջեբրայլիում առաջնագծում էր, միշտ էլ անհանգիստ էի, բայց էդ մի քանի օրերին մղձավանջի մեջ էի ընկնում, մի անգամ տնեցիներին պատմեցի, ասի շատ վատ բան է լինելու, երեւի պատերազմ սկսվի: Նեղացան, թե էլ չխոսես, ստիպված էլ չպատմեցի, թեեւ խառը երազները հանգիստ չէին տալիս ինձ»,- ասում է Լիլիֆար Անդրեասյանը:

Արմանի ընտանիքը բնակվում է սոցիալապես անապահով պայմաններում, հայրը մեկնել էր ՌԴ արտագնա աշխատանքի, վերադարձել է՝ որդու զոհվելու լուրը լսելով: Մոր ասելով, մեծ եղբայրը, որը երեք զավակ ունի ու պարտքեր, նույնպես մեկնել էր արտագնա աշխատանքի, սակայն նրան դեպորտ էին խփել, երեք տարի չի կարողացել գնալ ՌԴ, Արմանի մտածմունքը եղել է բանակից վերադառնալով՝ օգնել եղբորը, որ ոտքի կանգնի: Մայրն ասում է, որ Արմանը, լավ իմանալով ընտանիքի ապրելակերպը, միշտ զանգահարել ու ասել է.

«Գումար չուղարկես, իմ մոտի եղածը ինձ հերիք է»: Նա որդու մասին խոսում է մեծ հպարտությամբ՝ կարծես չհավատալով, որ նա չկա: Մայրը հերթով ցույց է տալիս որդու իրերը, ծանրաձողը, որով մարզվել է, նշում, որ համակարգիչն էլ նրանն է, արտակարգ տիրապետում էր համակարգչին:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. shahen says:

    Մենք ուզում ենք Արման Անդրեասյանի հոր կամ մոր հեռախոսի համարը, որ կապվենք եւ օգնենք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930