Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին դատարանում ապրիլի 28-ին «Օֆշորի գործի» քննության ընթացքում գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը հայտարարեց, որ Փայլակ Հայրապետյանի հետ իր հարաբերությունները վատացել են 2011 թվականի կեսերից:
«Ես պետք է իմ կենսագրությունը դնեի, այդ չեքերը վերածեցի իրավական կառույցների, գրավադրեցի իմ անունով: Հետո դա պետք է թողնեի բանկի, փախնեի, փողերն էլ տայի Հայրապետյանին»,- ասաց նա:
Աշոտ Սուքիասյանը ընդգծեց, որ ինքը դատի է տվել իր Աֆրիկայի գործընկերներին, որովհետեւ խանգարում էին իրեն, Փայլակ Հայրապետյանը փոխարեն իրեն աջակցի, աջակցել է այդ կազմակերպություններին: Ըստ նրա, Փայլակ Հայրապետյանը պետք է իր կողքին կանգներ:
Կարդացեք նաև
Հայրապետյանի պաշտպան Շալիկո Փիրուզյանը հետաքրքրվեց, թե անկախ նրանից, թե ում հետ են Աշոտ Սուքիասյանի հարաբերությունները վատացել, արդյոք պատրաստվո՞ւմ է գույքերը վերադարձնել, թե՞ ոչ: Աշոտ Սուքիասյանը պատասխանեց. «Իհարկե՛, պետք է վերադարձնեմ: Եթե Հայրապետյանը չխանգարեր, գործը շատ լավ աշխատում էր, ամեն ինչ նորմալ էր: Եթե Աֆրիկա էր ուզում գնալ, պետք է ինձ հետ գար պետք է գար իմ կողքին կանգներ, որովհետեւ այդ մարդիկ՝ Սերգեյ Տրյուկազնուկը եւ Ռուբեն Մկրտչյանը, ամբողջ արտադրանքը՝ մոտավորապես 15 հազար կարատ գողացել էին, ինքը շատ լավ գիտի այդ մասին: Մինչեւ այդ էլ գողություն էին անում, Վահան Հարությունյանը հայտնաբերել էր, եւ դրանից հետո սկսեցին վեճերը»:
Ճշտող հարցին, թե հիմա էլ է պատրա՞ստ այդ գույքերը վերադարձնել, Աշոտ Սուքիասյանը պատասխանեց. «Իմ խղճի առաջ, այո՛: Եթե աշխատեմ, այո՛, անտեսելով այն ցավը, որ ինձ պատճառել է Հայրապետյանը, եթե ի վիճակի լինեմ, պատրաստ եմ»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ