Սիլվա Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, անձին մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ, կատարել է սուտ մատնություն, այն է՝ 2015թ. նոյեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ Հովհաննես Վարդապետյանը 2014թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում նույն գյուղում գտնվող սրճարանում իրեն ծխելու միջոցով հյուրասիրել է մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Ս. Բաղրամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնություն, եթե անձը գործել է գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»):
Սիլվա Բաղրամյանը միջնորդել է դատաքաննությունն անցկացնել արագացված կարգով, դատարանն այդ միջնորդությունը բավարարել է: Ապրիլի 28-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Իջեւան քաղաքի բնակչուհի Ս. Բաղրամյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ նրան դատապարտել 6 ամսվա ազատազրկման:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ