Լրահոս
Օրվա լրահոսը

Դիրքորոշումների դինամիկա ղարաբաղյան հիմնահարցում

Ապրիլ 28,2016 18:05

Այս տարվա ապրիլին Արցախյան հակամարտության աննախադեպ թեժացումը սկիզբ դրեց մի շարք գործընթացների ՀՀ ներքին և արտաքին քաղաքական իրավիճակում: Եթե երկրի ներսում աննախադեպ սոցիալական մոբիլիզացում և քաղաքացիական գիտակցության արթնացում կարելի է նկատել, ապա ՀՀ արտաքին քաղաքականությունը, կարծես թե ևս որոշակի բեկման է ենթարկվել:

Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին քաղաքականությունը անցած երկու տարիներին ուղղված էր դեպի ինտեգրացում Եվրասիական Տնտեսական Միության անդամների հետ: Ավելին՝ հիշեցնենք, որ 2014 թվականի մայիսին նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ Մաքսային միությանը ՀՀ անդամակցումը միանշանակ նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը: Թեև, ի սկզբանե պարզ էր, որ նման հայտարարությունները բացարձակ անհիմն են, այդուհանդերձ 2016թ. ապրիլը հստակ ապացուցեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ չունի: Ավելին, եթե նախկինում Ադրբեջանին Ռուսաստանի կողմից վաճառվող հսկայածավալ զենքն ու զինամթերքը հուզում էր միայն բնակչության մի փոքր խմբի, ապա այժմ այս հարցը մեծամասշտաբ քննարկումների առիթ դարձավ հանրապետության ողջ տարածքով մեկ:

Բացի այդ՝ միջազգային վերաբերմունքը ևս ԼՂՀ հակամարտության սրմանը բավականին տարբերվում էր նախկինում հայկական կառավարության ներկայացրած պատկերից: Ըստ այդ պատկերի՝ ակնկալվում էր, որ հայկական կողմին առաջին հերթին պետք է աջակցեն ԵԱՏՄ անդամ-երկրները, ինչը բնականաբար տեղի չունեցավ: Բելառուսը և Ղազախստանը հստակ հակահայկական դիրքորոշում ունեին, իսկ Ռուսաստանը համ նալին էր խփում, համ՝ մեխին՝ փորձելով առերես հավասարակշռություն պահել Երևանի ու Բաքվի միջև (թեև հավասարակշռությունն արդեն վաղուց խախտվել էր Կրեմլի ջանքերով՝ հօգուտ ադրբեջանական բանակի սպառազինության): Ավելին՝ ռուսական «Իզվեստիա» թերթը, հղում տալով ՌԴ դիվանագիտական շրջաններում անհայտ աղբյուրի, ապրիլի 18-ին հրապարակել էր հոդված, ըստ որի Արցախյան հակամարտության կարգավորման ռուսական ծրագիրը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ և Ղարաբաղի լեգիտիմացում (այսինքն՝ սահմանների բացում և տնտեսական կապերի վերականգնում), այնուհետև, երբ կրքերը հանդարտվեն, մարզի պատկանելության շուրջ հանրաքվեի անցկացում:

Մինչդեռ, հայկական կողմը այս ծրագրից այնքան էլ գոհ չէ: Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան Bloomberg մեդիա ընկերությանը տված հարցազրույցում նշել էր, որ ռուս խաղաղապահները անելիք չունեն ԼՂ հակամարտության գոտում: Բացի այդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ թեև նախկինում բանակցությունների ընթացքում ռուսաստանյան ուժերի տեղակայման շուրջ խոսակցությունները «անհիմն չէին» այսօր նա նման հնարավորություն չի տեսնում:

Ուշագրավ է, որ ռուսական պլանը շատ ավելի մոտ է Ադրբեջանի պահանջներին, քան Հայաստանի դիրքորոշմանը: Մինչդեռ Ֆրանսիան և ԱՄՆ շատ ավելի չեզոք ծրագիր են առաջարկում: Այսպես, օրինակ, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը ապրիլի 25-ին Երևանում առաջարկել էր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ և հսկման սարքեր: Վաշինգտոնը ևս հսկման սարքերի տեղակայման կողմնակից է: Այս առաջարկությունը լիովին համապատասխանում է հայկական կողմի ակնկալիքներին: Իրագործման դեպքում այն հնարավորություն կտար վերահսկել հրադադարի ռեժիմի խախտումները և անհրաժեշտ պայմաններ ստեղծել երկարաժամկետ խաղաղության հաստատման համար:

Քանի դեռ Վաշինգտոնն ու Փարիզը փորձում են դիոտրդներով ու սարքերով հող ստեղծել (ապացույցներ հավաքել)՝ հրադադարի խախտման մեջ Ադրբեջանին մեղադրելու համար, Մոսկվան շարունակում է Ադրբեջնին զինելու և ԵԱՀԿ-ին խաղից հանելու իր քաղաքականությունը: Ինչը, բնականաբար, դուր չի գալիս Երևանին:

Հարկ է նշել, որ ԵՄ Արևելյան Գործընկերության երկրների ցանկում արդեն բավականին տարածված երևույթ է, երբ ՌԴ կողմից այդ երկրների անվտանգության վտանգումը այս կամ այն կերպ, նրանց դարձնում է ավելի եվրոպամետ: Այս միտումը կարելի է տեսնել, թե Մոլդովայի, թե Վրաստանի և թե Ուկրաինայի դեպքում: Հայաստանի դեպքը թեև հստակ տարբերվում է՝ չկա անմիջական ռազմական միջամտություն Ռուսաստանի կողմից, սակայն ՀՀ կրած վնասները Ռուսաստանի վարած քաղաքականությունից պակաս չեն: Մնում է հույս հայտնել, որ Հայաստանը վերոնշյալ երկրներից քիչ չէ հարգում իր անվտանգությունը:

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930