Քարոզչական այս հնարքի նպատակն է` ներկայացնել, թե իբր վերջին երկու օրերին հայերն են նախահարձակ եղել եւ կորուստներ պատճառել ադրբեջանական կողմին
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն Aravot.am-ին հայտնեց, որ իր հավաստի տեղեկություններով` ՀՀ նախագահի վերջին ելույթից մեղմ ասած բարկացած Ալիեւը հերթական քարոզչական ծուղակի մեջ է առել իր հասարակությանն ու միջազգային հանրությանը:
«Առաջնագծից հրամանատարներն ինձ տեղյակ պահեցին, որ Ադրբեջանը «ներքին սպառման» համար տեղեկություններ է տարածում, թե իբր հայկական կողմը հարձակվում է, հրետակոծում է: Բնականաբար, մերոնք պատասխանում էին նրանց նախահարձակ գործողություններին, բայց կատարվում է հետեւյալը. ադրբեջանցիները քառօրյա պատերազմում զոհվածների դիակներից օրական 30-40 հատը հանում են սառնարաններից, ուղարկում դիրքեր, թե իբր նրանք նոր են զոհվել` հայերի հարձակման պատճառով: Բնականաբար, իրականում դա այդպես չէ»:
Կարդացեք նաև
Սարգսյանի բնորոշմամբ` Ադրբեջանի հերթական քարոզչական խայծը երկու խնդիր է լուծում` ցույց տալ, թե իբր հայկական կողմն է հարձակում գործել, եւ սեփական հասարակության շրջանում մաքրել իրենց իսկ «անհաջողության կեղտերը»` նման կերպ «սպառելով» զինվորների դիակները:
Այս տեղեկությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց, բայց ասաց, որ Ադրբեջանի պարագայում նման բանը բացառված չէ. «Ինչպես ասվել էր, Ադրբեջանը չափազանց մեծ թվով զոհեր ունեցավ: Ակնհայտ է, որ չեն կարողանում մարսել այդ զոհերը, ուստի կարող են դիմել ցանկացած տխմարության»:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ Aravot.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ նման տեղեկություններ չկան, բայց Ադրբեջանը միշտ էլ դիմել է այդպիսի քայլերի. «Այդ կերպ Ադրբեջանն առաջին հերթին քողարկում է իր կորուստները, բացի այդ` փորձում է հայկական կողմի վրա վատ ազդեցություն թողնել` աշխարհին ցույց տալով, թե իբր հայերը սպանել են մարդկանց»:
Պարոն Բաբայանը նշեց, որ քառօրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմի կորուստների մասին հստակ տվյալներ չկան, քանի որ այդ դեպքում էլ հակառակորդը քողարկում է իր զոհերի թիվը. «Նրանց զոհերի թիվը տատանվում է 600-2.500-ի սահմաններում, իսկ վերջին երկու օրերին զոհերի թվի մասին տվյալներ չկան` կրկին նույն պատճառով»:
Հիշեցնենք, որ միայն ապրիլի 26-ին հակառակորդը ինտենսիվ հրետակոծության է ենթարկել ինչպես ողջ առաջնագիծը, այնպես էլ խաղաղ բնակավայրերը` կիրառելով տարբեր տրամաչափի ականանետեր: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ գործողություններ` նրան հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծ կորուստներ:
Հատկանշական է, որ Ադրբեջանը խաղաղ բնակավայրերը վերածել է կրակային հենակետերի: Այս գիշեր էլ Ադրբեջանը հրետակոծության է ենթարկել Մատաղիսը: ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է կատարվածի տեսանյութը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ