Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես Ռումինիայի Սուչավա քաղաքում

Ապրիլ 28,2016 17:53

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռումինիայի Սուչավա քաղաքի Հայոց թանգարանում ապրիլի 18-24-ին կազմակերպվել էր մամուլի եւ արխիվային փաստաթղթերի ցուցահանդես` «Անհայտ տեղեկություններ Հայոց ցեղասպանության մասին» խորագրով:

Ցուցահանդեսի հիմքում ընկել է «Ինքնավար Հայաստան» վերնագրով թերթը, որի բնօրինակը գտնվում է Ռումինական ակադեմիայի գրադարանում: Թերթը տպագրվել է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1916-1918) Բուխարեստում:

Թերթի նպատակը «օգնության հասնելն էր թշնամի թուրքերի դեմ կռվելու գնացած հայ կամավորների ընտանիքներին և Կովկասում ծայրահեղ թշվառության մեջ գտնվող հայ փախստականներին»:

Թերթի նախաբանի մեջ Սապահ Գուլյանը խմբագրական հոդված է գրել «Արևելյան հարցի մասին», ինչի հիման վրա էլ Օսմանյան կայսրությունը դեռ 18-րդ դարում անվանվում էր «Եվրոպային հիվանդը»:

Romania_2

Հայերի հանդեպ կատարված ոճրագործությունների փաստերը թերթում ներկայացվում էին ամեն օր, որոնց արձագանքը ոտքի էր կանգնեցրել եվրոպական հասարակությանը: Բերվում է գերմանացի սոցիալիստ պատգամավոր Կարլ Լիբկնեխտի օրինակը, որը «Հայկական հարցը» բարձրացրել էր Ռայխստագում: Ներկայացվել են նաև Կոնստանդնապոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի վկայությունները հայերի բնաջնջման վերաբերյալ:

«Հայերի սարսափելի սպանությունների» մասին իր տպավորություններն է հաղորդել Սուչավայում ծնված գրող Ժան Բարտը, հետագայում Ռումինական ակադեմիայի թղթակից անդամ: Բարտը 1915թ. եղել է Տրապիզոնում և հավաքել է հրաշքով փրկված հայերի հուշերը: Տարեց մի հայուհի, ջարդված ֆրանսերենով պատմել է, որ թուրքերը խնայել են իր երեխաներին այն մտքով, որ վերջիններս «հետագայում Ալլահին կծառայեն հավատքով ու հնազանդությամբ»:

Ողջ մնացած հայերին աջակցող եվրոպական եւ ամերիկյան բազմաթիվ բարեգործական կազմակերպություններին միացել են նաեւ ռումինականները: Ռումինիայի «Մշակութային լիգան» «Բալկանյան ամսագիր» և «Վեստնիկ» թերթերի խմբագրերի հետ միասին բողոք են հղել Մեծ տերություններին: Գրող Բարբու Շտեֆանեսկու-Դելավրանչան, ելույթ ունենալով ռումինական Աթենեումի սրահում, խոսել է հայերի նահատակության մասին: Ռումինիայի հայ կանայք «Կարմիր խաչ» կազմակերպություն են ստեղծել կարիքավորների համար գումար հավաքելու նպատակով:

Բուկովինայի/Սուչավա հայկական համայնքի նախագահ Վարդերես Ֆոն Պրունկուլը առաջիններից էր, որ դեռեւս աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ահազանգել է Օսմանյան կայսրությունում հայերի վիճակի մասին: Նա ողջ մնացած հայերին աջակցություն ցույց տալու, որբացած հայ երեխաների համար որբանոց հիմնելու նախաձեռնություն է հանդես բերել և նամակ է գրել Ավստրիայի արտաքին գործերի նախարարին 1895թ. ապրիլի 30-ին, վերջինիս խնդրելով օգնություն ցույց տալ քրիստոնյա հայերին: Նամակը, որը տեղ է գտել թերթում, ցուցադրվել է նաև Սուչավայում:

Ներկայացվել են նաև Ռումինիայի ազգային արխիվների Սուչավայի մասնաճյուղի նյութերը Սուչավայի առաջին գիմնազիայի (ներկայումս «Շտեֆան Մեծ» ազգային կոլեջ) վերաբերյալ: Գիմնազիայի ցուցակներում ու փաստաթղթերում գտնվել են այն երիտասարդ հայերի անունները, ովքեր փրկվել են, եկել են Սուչավա ու ապաստան գտել տեղի հայկական ընտանիքներում, օրինակ` քաղաքի հայկական դպրոցի տնօրեն Թեոդոր Ռոմաշկանուն ժամանակավորապես հոգ է տարել որոշ որբ հայերի համար, ովքեր էլ գիմնազիայում հաճախել են դասերի: Արխիվներում գտնվել են նաև երկու հայերի անուններ, ովքեր ավարտել են ավագ արական դպրոցը:

Ցուցահանդեսի կազմել է Սուչավայի Հայոց թանգարանի տնօրեն Կորինա Դեռլան, որը տեղի հայերիպատմության լավագույն գիտակներից է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930