Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը՝ Աշոտ Սուքիասյանին. «Օրինակ՝ ի՞նչ, պտուտակահանը տեխնիկա եք համարո՞ւմ»

Ապրիլ 28,2016 17:50

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 28-ին դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում դատավորը մի քանի հարց ուղղեց ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին. «Անընդհատ նշում եք տեխնիկաներ, եւ այլն: Եթե հիմնադրամի կապիտալ գումարի չափը տաս հազար եվրոյից չի անցել, ի՞նչ տեխնիկայի մասին է խոսքը»: Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ տաս հազար դոլարը բավականին մեծ գումար է. «10 հազար եվրոն միայն իմ մասնաբաժինն է, բայց այնտեղ 20 հազար եվրո է եղել»:

Դատավոր Վարդան Գրիգորյանը նկատեց, որ ցանկացած ընկերություն բացելու ժամանակ հիմնադրամի կապիտալ գումարի չափը տաս հազար եվրոն չի անցել. «Դուք անընդհատ շեշտում եք՝ տեխնիկաներ կան: Ի՞նչ տեխնիկայի մասին է խոսքը, եթե մի մեքենայի արժեքը կարող է 40-50 հազար եվրո տատանվի, ուրեմն՝ ձեր հիմնադրամը չորս-հինգ անգամ պակաս է այդ մեքենայից: Մեքենան ես համարում եմ շարժական տեխնիկա»:

Աշոտ Սուքիասյանը պնդեց, որ շատ տեխնիկա է եղել, դատավորը հետաքրքրվեց. «Օրինակ՝ ի՞նչ, պտուտակահանը տեխնիկա եք համարո՞ւմ»: Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը կարող է մանրամասնել, օրինակ՝ այդ տեխնիկայի թվում եղել է նաեւ լվացող մեքենա:

Դատավոր Վարդան Գրիգորյանի մյուս նկատառումը Հայաստան ներկրված հումքի մասին էր. «2009 թվականի Ձեր փաստաթղթերի ուսումնասիրությամբ մաքսային ձեւակերպումներում, եթե սխալ եմ, ինձ ուղղեք, ընդամենը երկու անգամ եմ հանդիպել նշում, որտեղ նշված է ադամանդի հումք: Ընդամենը երկու անգամ: Եթե երկու անգամ է, Դուք ցանկացած բառի մեջ օգտագործում եք հումք էի բերում արտահայտությունը: Այնպես է ստացվում, որ շաբաթը երեք անգամ Դուք հումք էիք բերում»:

Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ այդ հումքը քիչ չէ. «2009 թվականի վերջում է դա բերվել , 2009 թվականի դեկտեմբերին հայրս մահացավ, հետո մայրս, այլեւս ի վիճակի չէի, դրանից հետո ես վարկ վերցրեցի: Այսինքն՝ ինչ հնարավոր է եղել, ես արել եմ: Աֆրիկա ամիսը մեկ գնալ հումք բերելը խաղ ու պար չէ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930