Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորի գործ. Դատավորին. «Կողմնակալ վերաբերմունքն էլ ճիշտ չէ»

Ապրիլ 28,2016 17:14

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 28-ին դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում մեղադրող Դավիթ Վեքիլյանը իր հարցերն ուղղեց գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին: Նա հետաքրքրվեց, թե արդյոք Աշոտ Սուքիասյանը իրեն հաջողակ եւ արհեստավարժ գործարար համարե՞լ է, թե՞ ոչ, նա պատասխանեց՝ այո:

Մեղադրողի մյուս հարցն էր, թե արդյոք Աշոտ Սուքիասյանը երբեւէ ներդրո՞ւմ արել է, որեւէ գործում, որն իր հետ առնչություն չունի, բայց շահում է հետապնդում: Սակայն, Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը առարկեց, քանի որ ըստ նրա, հարցը չէր բխում մեղադրանքի ծավալից, դատարանը ընդունեց այդ առարկությունը եւ հանեց հարցը:

Նկատենք, որ Դավիթ Վեքիլյանը ժամանակ առ ժամանակ հիշեցնում էր Աշոտ Սուքիասյանին, որ իրավունք ունի չպատասխանել հարցին եւ կարող է օգտվել իր այդ իրավունքից: Աշոտ Սուքիասյանը ներկայացրեց կնքված պայմանագրերից մեկի սեւագիր տարբերակը, մեղադրողը հետաքրքրվեց, թե արդյոք դրա մաքրագիր տարբերակը գործում տե՞ղ է գտել, քանի որ կարծում է, որ այդ փաստաթուղթն առկա չէ:

Ofshori_dat

Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը լավ հիշում է այն հատորները, որոնք որ տեսել է, իսկ ինքը ոչ բոլոր հատորներն է տեսել:

Դավիթ Վեքիլյանը հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ մի մասն է տեսել, ամբաստանյալն ասաց, որ իրեն ինչքան ներկայացվել է այդքանն է տեսել: Մեղադրողը հետաքրքրվեց, թե արդյոք կողմը ամբողջությամբ ստացե՞լ է բոլոր հատորները:

Ի պատասխան Յուրիկ Խաչատրյանը հայտարարությամբ հանդես եկավ. «Հարգելի մեղադրողը պետք է մեղադրանքի ծավալի վերաբերյալ հարցադրումներ անի: Հիմա հարցադրումներ են արվում, որոնց ինքը նույնիսկ իրավասությունը չունի պատասխանել, եւ իր շահերից էլ չի բխում պատասխանել կամ այս փուլում քննությանը աջակցել, օգնել: Իմ պաշտպանյալը կոնկրետ նշեց, որ օրիգինալ փաստաթուղթն էլ կա Կիպրոսում: Հիմա, եթե քննչական մարմինը չի կարողանում ճարել եւ իմ պաշտպանյալին հարցադրումներով դնում է նեղ դրության մեջ, թե դու հատորներում պետք է տեսնեիր, լավ ծանոթանայիր, փաստաբանն էլ հետը: Հիմա մենք չենք ուզում, չենք ծանոթանում, կիսատ ենք ծանոթանում»:

Դավիթ Վեքիլյանը պատասխանեց, որ ինքն ընդամենը ճշտում էր, թե արդյոք կողմը ստացե՞լ է, թե՞ ոչ: Դատավորը նկատեց, որ առաջին դեպքում մեղադրողի հարցադրումը հանվեց, բայց մի քանի հարցից հետո, երբ որոշակի պատկեր ստացվեց, պարզ դարձավ, որ այդ հարցը հանելը ճիշտ չէր: Նա հավելեց, որ նախագահող դատավորին թվում է, որ հարցադրումները մեղադրանքի ծավալից են բխում:

Յուրիկ Խաչատրյանը նկատեց, որ այդպես շարունակվի, ամբաստանյալի հարցաքննությունը երկու շաբաթ կտեւի. «Իսկ իմ պաշտպանյալի դեպքում, հարգելի՛ դատարան, դուք անընդհատ միջնորդում էիք, ասում էիք՝ գեղարվեստական ելույթ ունեցաք, չի առնչվում, երբ որ օրենքով, իրեն վերապահված իրավունք ունի մանրակրկիտ խոսել ցանկացած հարցի շուրջ: Այսինքն՝ կողմնակալ վերաբերմունքն էլ ճիշտ չէ հարցադրում տալու վերաբերյալ, սահմանափակումներ մտցնելը»:

Դատավոր Վարդան Գրիգորյանը պատասխանեց. «Ձեր պաշտպանյալին ո՞վ է զրկել պատասխանել կամ չպատասխանել»: Յուրիկ Խաչատրյանը ասաց, որ դատարանը հայտարարում էր, որ ամբաստանյալը շատ է խոսում: Դատավորը խնդրեց անհիմն բաներ դատարանին չվերագրել, նամանավանդ, երբ առարկությունը բավարարեց. «Ինձ թվում է, որ մենք ռացիոնալ առաջ ենք շարժվում, եւ Ձեր դիտողությունը ընդունելի չէ նախագահող դատավորի կողմից»:

 Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930