Այսօր կառավարության նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցեց, որ ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման ուսումնասիրություն է կատարվել, պարզել են, որ նրանք ունեն մի շարք խնդիրներ՝ կոմունալ վճարների պարտքեր, վարկեր, առողջական խնդիրներ, ոմանք՝ վիրահատության կարիք եւ այլն:
Նիստից հետո լրագրողները նախարարից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նախատեսվում այդ խնդիրների ուղղությամբ կատարել, ինչին ի պատասխան, Ասատրյանն ասաց՝ այդ ընտանիքներին աշխատանք եւ բավական օգնություն է տրամադրվել, թե պետական մարմինների եւ թե անհատ քաղաքացիների կողմից:
Նախարարը նկատեց՝ խնդիրը նաեւ համակարգային լուծման կարիք ունի, ուստի գրավոր հանձնարարականներ կտրվեն համապատասխան պետական մարմիններին՝ իրենց գործառույթների շրջանակներում խնդիրներին լուծումներ տալու համար:
Ասատրյանը վստահեցրեց, որ զբաղվածության պետական ծրագրեր ենք իրականացնում եւ կան ընտանիքներ, որոնք կընդգրկվեն այդ ծրագրերում: Այս ծրագրով, ինչպես նշեց նախարարը, որոշ ընտանիքներ կապահովվեն կայուն եկամտի աղբյուրով, որոշներն էլ՝ ժամանակավոր զբաղվածության ծրագրերում կընդգրկվեն:
Կարդացեք նաև
Ըստ Ասատրյանի, նախնական ուսումնասիրվել են 64 ընտանիքի կարիքները, բայց այս թիվը կավելանա, քանի որ զոհերի թիվն էլ ապրիլի 1-10-ն ընկած ժամանակահատվածում ավելացել է: Հնարավո՞ր է զոհված զինծառայողների կոմունալ վճարումների պարտքերն ու վարկերը մարվեն, այս հարցին ի պատասխան էլ նախարարը վստահեցրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Դիտարկմանն էլ, որ առաջնագծում են հայտնվում միայն սոցիալապես անապահով ընտանիքների զավակները, Ասատրյանն ասաց. «Մեր երկրում աղքատության մակարդակը 30% է, եւ ընդհանրապես միջին ընտանիքի միջինացված ցուցանիշով ներկայացված են ցանկացած տեղերում, թե կրթական համակարգում, թե՝ սոցիալական, թե զինվորական»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ