Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում ապրիլի 28-ին դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով քննությունը:
Մաջնունյանի նախկին ամուսնուց` էքստրասենս Գաբրիելից բացի, հարցաքննվեց նաեւ դեղատան աշխատակիցը, որից վկաներից մեկը, ըստ իր ցուցմունքի, բժշկական ձեռնոցներ էր գնել: Աղջիկն ավելի վաղ դատարանում ասել էր, որ Մուշեղ Մխիթարյանի կողմից իրեն ուղղված սպառնալիքների ազդեցության ներքո՝ Մաջնունյանի սպանության օրը եղել է Մուշեղի հետ եւ վերջինիս ցուցումով, մինչեւ հիրոմանտի տուն գնալը դեղատնից մեկ զույգ ձեռնոց է գնել:
Որպես վկա հարցաքննվող դեղատան աշխատակիցը` Աշխեն Գեւորգյանը պնդեց իր նախնական ցուցմունքը` ասելով. «Գարեգին Նժդեհի 24 հասցեում գտնվող դեղատնից մի աղջիկ ձեռնոց գնեց ու դուրս եկավ: Էլ բան չգիտեմ: Բժշկական ձեռնոց էր, որի զույգն արժե 50 դրամ»:
Դատախազը հարցրեց վկային, թե արդյոք նա չի ճանաչել այդ աղջկան: Վկան պատասխանեց, որ աղջկա հետ ծանոթ չէ. «Տեսախցիկների նկարածը հանեցին եւ ասացին, որ սպանության դեպք է եղել, եւ ինչ-որ աղջիկ ձեռնոց է գնել իմ մոտից: Դիտելով` հիշեցի, որ այդ աղջիկը եկել է դեղատուն»:
Կարդացեք նաև
Դեղատան աշխատակցին հարցեր ուղղեց ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը.
–Ձեր նախնական ցուցմունքում նշել եք, որ համացանցում տեսել եք Աննա Միսակյանին (ղեղատուն մտած աղջկան նկատի ունի-խմբ.)
-Ես այդպիսի բան չեմ ասել:
–Երբ ձեռնոց էր գնում, Ձեզ ինչ-որ բան ասել կամ հարցրե՞լ է:
-Ոչ:
-Նշել եք նաեւ, որ նա միայնակ է եղել եւ ուրիշ բան չի գնել:
-Դեղատուն նա միայնակ է մտել:
–Դուք դեղագործ եք, բայց ունեք միջնակարգ կրթություն:
-Այո:
–Որպես դեղագործի հարց եմ տալիս` եթե այդ ձեռնոցներով ինչ որ բան անես կամ ձեռք տաս, հնարավոր է, որ հեղուկը ձեռնոցից թափանցի ձեռքի վրա:
-Չեմ կարծում:
Վկայի հարցաքննությունից հետո դատավորն արձանագրեց, որ այս գործով 20 վկաներից լսել են 13-ին, մեկը չի ներկայացել դատարան: Հանձնարարվեց համապատասխան գրություն ուղարկել որոշ վկաների` ՀՀ-ից բացակայելու փաստը ճշտելու համար:
Ի դեպ, ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը միջնորդություն ներկայացրեց. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործով վկա Աննա Միսակյանը տալիս է ակնհայտ սուտ ցուցմունքներ, միջնորդում եմ հարցաքննել նաեւ նրա մորը եւ քրոջը, նաեւ «Յանուս» թատրոնի փոխտնօրենին»:
Ի պատասխան դատավորն ասաց, որ այս փուլում բոլոր վկաներին հարցաքննելուց հետո միջնորդությունը կդրվի քննարկման: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մայիսի 4-ին:
Հիշեցնենք, որ «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ