Այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կերկարաձգվի սոցիալական վճար կատարելու պարտադիր պայմանի համար նախատեսված առավելագույն ժամկետը, այն սահմանվեց 2018 թվականը:
Նիստից հետո լրագրողները պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքվեցին՝ այդ հետաձգման պատճառն այն չէ՞, որ կառավարությունը վախենում է հասարակության ընդվզումից ու բողոքի ակցիաներից:
Այս առնչությամբ Միրումյանն ասաց. «Հիմնավորումը շատ հստակ է՝ քանի որ Հարկային նոր օրենսգրքով վերանայումներ են կատարվելու՝ և դրույքաչափերի, և հարկային բեռի առումով, ապա ճիշտ է, որ այդ փոփոխությունները համահունչ լինեն: Քանի որ օրենսգիրքը 2018 թվականից է կիրառվելու, տրամաբանական է, որպեսզի կուտակային վճարը ավելի շուտ ուժի մեջ չմտնի, ինչո՞ւ, որովհետեւ կուտակային վճարի գումարը հաշվարկվում է նույն բազայի նկատմամբ, ինչի նկատմամբ հաշվարկվում է եկամտային հարկը»:
Հարցին՝ Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում էր ավելացված արժեքի հարկով հարկման դաշտ բերել նաեւ ուսումնական հաստատություններն ու բուժհաստատությունները, սա ծառայությունների թանկացման չի՞ բերի, Միրումյանը վստահեցրեց, որ այդ դրույթը հանվել է.«Մարտի 31-ին կառավարության հավանությանն արժանացած և հաստատված տարբերակում, որն ուղարկվել է Ազգային ժողով, ուսումնական ու բժշկական հաստատությունների արտոնությունները պահպանված են»:
Կարդացեք նաև
Միրումյանն անդրադառնալով լրագրողների այն դիտարկմանը, որ փոքր ու միջին ձեռնարկությունները փակվում են հարկային ծանր բեռի հետեւանքով, ասաց, որ ՓՄՁ-ների փակման պատճառը դա չէ. «Փոքր եւ միջին սուբյեկտների շրջանառություններն աճում են, եւ դա նաեւ պայմանավորված է այն հանգամանքով, որ 2016 թվականի շրջանառության հարկի շեմը կտրուկ բարձրացավ: Այսօր վիճակագրությունը ցույց է տալիս, որ հարկային բեռը ՓՄՁ-ի վրա կազմում է ոչ ավելի քան 1,5% իրացման շրջանառություն: Սա աննախադեպ ցածր է: Նման պարագայում ՓՄՁ բիզնեսի բողոքը հարկային բեռից կամ այլ հանգամանքներից, կարծում եմ, հիմնավորված չէ»:
ՊԵԿ փոխնախագահի կարծիքով՝ բիզնեսի փակման պատճառներն այլ են՝ շատ գործարարներ փակում են իրենց բիզնեսը որոշ ժամանակ հետո այլ անվանումով բացում, եւ հենց սա է տպավորություն ստեղծում, թե ՓՄՁ սուբյեկտների համար լավ պայմաններ ստեղծված չեն, եւ նրանք ստիպված փակում են իրենց բիզնեսները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ