Այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հրաժարական պետք է տային ոչ թե 3 զինվորականները՝ ՊՆ փախնախարարները, այլ՝ Սերժ Սարգսյանը. «Նրա պատճառով մենք այսօր չենք կարողացել պաշտպանել մեր սահմանները, մեր երիտասարդների կյանքի շնորհիվ կարողացել ենք զսպել Ադրբեջանի ագրեսիան: Մեզ սպասվում է լայնածավալ պատերազմ: Այս պատերազմի պայմաններում, եթե դու չունես օրինական իշխանություն, ապա չես կարող բանեցնել ոչ քաղաքականություն, ոչ դիվանագիտություն, ոչ էլ ռազմական գործողություններ»:
Նա հիշեցրեց, որ ինքը միակ պատգամավորն է, որը դեմ է քվեարկել ռուսական այն վարկին, որով 200 մլն դոլարի զենք պետք է ձեռք բերեին: Կյանքը ցույց տվեց, որ ոչ վարկն են տրամադրել, ոչ զենքը. «Մեզ զրկեցին այլընտրանքներից, իսկ այլընտրանքները առկա են միշտ, եթե դու չլինես ենթակա, եթե ճկուն լինես: Այս պահին մենք պետք է ճանաչեինք Արցախի անկախությունը եւ ունենայինք համապատասխան գործառույթներ Արցախի իշխանությունների հետ, որը նույնպես բացակայում է: Բացակայում է նրա համար, որ Սերժ Սարգսյանը նշանակված է եւ չի կարողանում բանեցնել ինքնուրույն քաղաքականություն: Հիմա ուզում են 13 ընտրատարածքների բաժանել Հայաստանը, որ դրա միջոցով փորձեն օգնել Սերժ Սարգսյանին վաճառել Հայաստանի եւ Արցախի անկախությունը, վաճառել հայ ժողովրդի անվտանգությունը, որպեսզի պահպանվի Սերժ Սարգսյանի իշխանությունը: Սա է ամբողջ տրամաբանությունը Ընտրական օրենսգրքի»:
Նա պատմեց, որ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի վրա դուռ են շխկացրել ու ասել, որ մենք որեւէ հողակտորի զիջում չենք պատրաստվում անել: Դահլիճից սկսեց աղմուկ բարձրանալ, որ նման բան չի եղել:
Զարուհի Փոստանյանը հիշեցրեց մադրիդյան սկզբունքները. «Կազանի փաստաթուղթը որ պատրաստ է եղել քննարկել, դա էլ է դավաճանություն եւ հանցագործություն»:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Ադրբեջանը պարտվել է, դուք ստեղ ի՞նչ եք խոսում, մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում: Չի՛ կարելի»:
Հետո ցուցամատը թափահարելով՝ ձայնը բարձրացրեց Խոսրով Հարությունյանը. «Ադրբեջանի մեջլիսում բուռն ծափերի կարժանանայիք: Հնչեցնում եք թեզեր, որ ադրբեջանական քարոզչամեքենայի համար են: Ինչ ասում եք՝ որեւէ աղերս չունի իրականության հետ: Եթե դուք ռազմական գործից ոչինչ չեք հասկանում…»:
Զարուհի Փոստանջյանը տեղից սկսեց բղավել, կռվել՝ մեր երեխաների արյան գնո՛վ ենք սահմանը պաշտպանել, ոչ թե ձեր իշխանության շնորհիվ ու Սերժ Սարգսյանի:
Խոսրով Հարությունյանն էլ ասաց. «Ես մի պահ մտածեցի՝ ինչ երջանկություն էր, որ 2013-ին դուք իշխանության չեկաք: Էս ի՜նչ պատմական հաջողություն էր»:
Փոստանջյանն էլ տեղից սկսեց բղավել՝ «Շա՜տ երջանիկ եք, որ հողեր եք կորցնում եւ գնում եք մադրիդյան սկզբունքների»:
Տեւական ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժ էին: ՀՀԿ-ականները մեկը մյուսի հետեւից Զարուհի Փոստանջյանին արձագանքում էին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իրար միս են ուտում, իսկ երկիրը պատերազմական վիճակում է: Իրար լրիվ արժան՝իշխանություն և ընդդիմություն:ԱԺ-ի ընթացիկ, չհիմնավորված ծախսերի կրճատում արեք, կրճատեք անիմաստ գործուղումները, նվերները, ծառայողական մեքենաները,ցուցակը կարելի է անվերջ շարունակել: ՍԹԱՓՎԵՔ:
ՍԹԱՓՎԵԼ՞ Ինչի՞ մասին է խոսքը։ Նույն վիճակն է, ինչ որ եղել է միշտ։ Էս նույն վիճակն է եղել դարեր շարունակ՝ իշխանիկներ, իրենք իրենց «թագադիրներ» հռչակածներ, օտարների ողորմածությամբ բավարարվածներ և այլն․․ և այլն, որի արդյունքում մնաց, ընդամենը, 5֊6 ժամվա ընդացքում, մեքենայով ծայրից ծայր հասնելու Հայաստան։ Ինչի՞ մասին է խոսքը․․․