Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մաջնունյանի սպանության գործով հարցաքննվեց էքստրասենս Գաբրիելը

Ապրիլ 28,2016 16:17

Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց հիրոմանտ, էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով քննությունը:

«Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն եւ գլխավոր ռեժիսոր, 1995 թ. ծնված Մուշեղ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, այսինքն՝ այն բանի համար, որ նա ապօրինաբար Անի Մաջնունյանին դիտավորությամբ կյանքից զրկել է, որը զուգորդվել է ավազակությամբ:

Դատական նիստի ընթացքում հարցաքննվեց Մաջնունյանի նախկին ամուսինը` էքստրասենս, «6-րդ զգայարան» հեռուստաշոուի մասնակից Գաբրիելը: Նա դատարանին տեղեկացրեց, որ 2001-2002թթ. Անիի ետ 6-7 տարի ապրել են ամուսնական կյանքով. «Նա բարի եւ սրտատրոփ մարդ էր, շատերին էր օգնում եւ հասնում: Անծանոթ մարդկանց առաջ առանց նախնական պայմանավորվածության դուռը չէր բացում: Դուռը չէր բացում նաեւ խմածների եւ թմրամոլների առաջ: Եղել է, որ թեթեւ խմած մարդ է եկել մոտը, նա դուռը չի բացել: Մինչ դեպքը, Անիի մոտ էի ուղարկել մի աղջկա` Մարիամին, որի հետ ծանոթ էի, նաեւ նրա ծնողների: Հանդիպեցին, Անին այդ օրը ինձ մի քանի ժամ շուտ զանգեց եւ ասաց, որ ներկա լինեմ, մտավախություն ուներ կարծես: Չկարողացա: Հաջորդ օրվա երեկոյան ոստիկանները եկան, եւ հայտնի դարձավ, որ Անիին սպանել են: Մի քանի անգամ Արմեն անունով մեկն էր գալիս-գնում Անիի տուն»:

Գաբրիելը նշեց, որ տեղեկություններ չուներ, որ որոշ մարդկանց Անին պարտքով գումար է տվել. «Ես եմ մի քանի անգամ վերցրել. ոնց վերցրել եմ, այդպես էլ վերադարձրել եմ: «Չերեզներով» գիտեի, որ Աշոտ անունով մեկին Անին երկու միլիոն դրամ էր պարտքով տվել` օգնելու նպատակով»:

Գաբրիելը նաեւ տեղեկացրեց, որ իրեն ոչինչ հայտնի չէ Մաջնունյանի եւ ամբաստանյալի` Մուշեղ Մխիթարյանի կապի մասին:

Ամբաստանյալի պաշտպան Ֆարմանյանը հարցեր ուղղեց վկային.

Ի՞նչ աղջկա մասին է խոսքը, որ ասացիք` ուղարկել էիք Անիի մոտ:

-Թալիսմանի հետ էր կապված: Մայրը մահացել էր, թալիսմանը մնացել էր մոտը: Պայմանավորվեցինք, գնաց Անիի մոտ:

Մամուլին ասե՞լ էիք, որ կանխատեսումներ եք արել Անիի սպանության վերաբերյալ:

-Անիի սպանության դեպքի մասին կանխատեսում չեմ արել: Արել է ոմն երգիչ Նարեկ` շոուի ժամանակ:

-Իսկ ձեր այն հայտարարությունը, որ հաջորդ սպանությունը Մուշեղի նկատմամբ է լինելո՞ւ:

-Նման բան չեմ ասել:

Ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը եւս հարցեր ուղղեց Գաբրիելին.

-Եղե՞լ է, որ Անին գիշերը զանգի Ձեզ եւ գումար խնդրի:

-Ոչ:

Վստա՞հ եք:

-Այո:

-Մամուլում գրված էր, որ Ձեր համար տարօրինակ էին դանակի հարվածները եւ ըստ ձեզ` Անիին սպանողը կին է:

-Խոսակցություններում նշվում էր, որ որոշ վնասվածքներ փոքր խորության էին, իսկ կրիմինալիստիկայի մեջ համարվում է, որ տղամարդիկ ավելի մեծ հարվածներ են հասցնում: Կարծում եմ` երկու հոգի են եղել:

Կարծեմ նշել էիք, որ երկու կասկածյալ ունեք:

-Այո, մեկը հենց այդ աղջիկն է` Մարիամը, մյուսը` իմ կարծիքով` նա, ով մեծ գումար է վերցրել Անիից:

-Դուք տեղյա՞կ էիք Հրաչ Մուրադյանի եւ Անի Մաջնունյանի լարված հարաբերությունների մասին:

-Այո:

Սպանությունից հետո այդ աղջկա` Մարիամի հետ ե՞րբ եք զրուցել:

-Չեմ զրուցել:

Պաշտպան Ֆարմանյանը եւս մի քանի հարց ուղղեց.

-Որքանո՞վ եք առնչվում կրիմինալիստիկայի հետ:

-Չեմ առնչվում, բայց հետաքրքրասեր տղա եմ:

՞ւմ էր մեծ գումար պարտքով տվել Անին:

-Անունը` Աշոտ: Գիտեմ, որ վերջերս տաքսի էր քշում, հիմա` չգիտեմ: Վարձով էր մնում, Դուբայում օրենքի հետ խնդիրներ է ունեցել: Իր պատմածով` այստեղ էլ խնդիրներ ուներ` խոշոր գումարների հետ կապված: Աշոտին էլ իմ մոտ ուղարկել էր Անին` ասելով` բախտը նայիր, տես ինչ է լինելու: Ես էլ ասեցի, որ պարտքը պետք է հատուցի:

Այլ վկաների ցուցմունքների մասին` քիչ ուշ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում` ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930