«Երեկվանից այստեղ մի շարք զարմանալի բաներ տեսանք ու լսեցինք: Ընտրակեղծարարների երկարամյա դիվանագիտական ժամապահը, որ երկար-երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքները հետքերը միջազգային հարթակներում մաքրելով, ողբ է անում 20-ամյա ընտրակեղծարարության կապակցությամբ:
Ամենահետաքրքիրն այն է, որ նախկինում շատ բարձրաստիճան պաշտոնյաներն են ամենաշատը բողոքում ընտրությունների կեղծումներից, մինչդեռ իրենց պաշտոնավարման ժամկետներում կեղծումների մասնակից եւ կազմակերպիչ են եղել եւ ընտրակեղծիքներ արձանագրող պայքարող ԶԼՄ-ների, լրագրողների դեմ անձամբ են հետապնդումներ իրականացրել, նույնիսկ խաղաղ ցուցարարների մահվան դատավճիռներ հրապարակել»,- այսօր Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց Վարդան Օսկանյանի անակնկալ հայտարարությանը, որ 20 տարի ՀՀ-ում ընտրությունները կեղծվել են:
Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ երբ ընտրությունները կեղծելու արդյունքում արտոնություններ պիտի ստանային՝ ծառայողական մեքենաներ, կաբինետներ, զանազան ճանապարհներով փողեր լվանալու հնարավորություններ՝ բողոք չունեին, իսկ երբ նույն կարգի ընտրակեղծարարության պատճառով այդ ամենից զրկվել են, սկսել են ընտրակեղծարարության դեմ պայքարի Ալեքսանդր Մատրոսով դառնալ:
Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ չշտապի կոշտ արձագանքել, որովհետեւ կարող է տարիներ հետո այդպես ինքն էլ լալահառաչ սկսի պատմել 2003, 2008, 2013-ի ընտրությունների, հանրաքվեի աղաղակող կեղծիքների մասին: Դա կախված է բացառապես քաղաքական հետագա զարգացումներից:
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց. «Հաջորդ զարմանալի բանը, որ տեսանք այս դահլիճում, այն էր, որ ընտրություններում փող եւ մուրաբա բաժանողները ազգի դավաճան են հանում ընտրություններում փող եւ տուկի թել բաժանողներին, իսկ նրանք դատափետում են փող եւ ատամի պրոթեզ բաժանողներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ