1in.am եւ Lragir.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Հիշեցնենք, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում, ոստիկանապետը վիրավորել էր լրագրողին:
«Մյուս քայլը կլինի դատարան դիմելն, այս գործընթացը դեռեւս ընթացքի մեջ է»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Սիրանույշ Պապյանը:
Aravot.am-ի դիտարկմանը՝ նախադեպեր կան, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում նման գործերն անտեսում են, անուշադրության են մատնվում, Սիրանույշ Պապյանն ասաց, որ հենց սա է պատճառը, որ զուգահեռ գնում է դատարան դիմելու գործընթացը. «Եթե տեղի դատարաններով որևէ հարց չլուծվի, ապա գործը կհասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իմ պահանջները չեն փոխվել ՝ ոստիկանապետը պետք է ներողություն խնդրի»:
Հարցին` ոստիկանությունից չե՞ն փորձել իր հետ առանձին խոսել ու հարթել իրավիճակը, լրագրողն ասաց, որ նման բան չի եղել. «Հավանաբար գիտեն, որ դա ապարդյուն գործընթաց է: Ինձ վիրավորել են հրապարակավ և պետք է հրապարակավ էլ ներողություն խնդրեն»:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Սիրանուշ Պապյանի ֆեյսբուքյան էջից