Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին այսօր ՀԲ գրասենյակում, պատասխանելով հարցին, թե Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում տիրող իրավիճակն ինչպես կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա եւ արդյոք չի վտանգի այստեղ իրականացնող բանկի ծրագրերը, ասաց. «Մեր փորձն այլ երկրների ցույց է տվել, որ նմանատիպ իրավիճակների տեւականության դեպքում, դա ազդեցություն է ունենում վստահության վրա, որն էլ ուղղակի իր հետեւանքն է ունենում օտարերկրյա ներդրումների վրա: Սա այն ուղղությունն է, որը մենք մոնիտորինգի ենք ենթարկելու: Սակայն այդպիսի ազդեցություն մենք դեռեւս չենք նկատում»:
Ըստ տիկին Ի. Բեյլիի, խոր ափսոսանք են ապրում, քանի որ լավ գիտակցում են, որ Հայաստանի ընտանիքները, համայնքները հայտնվել են «խիստ դժվարին կացության մեջ»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ ու տնտեսագետներ ահազանգում են Հայաստանի` օր օրի ավելացող արտաքին պարտքի բեռի ավելացման վերաբերյալ, արդյոք մտահոգիչ չէ՞, որ արտաքին պարտքն ինչպես որ ասում են նրանք, հասել է վտանգավոր սահմանագծին, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Ի. Բեյլին ասաց` վտանգավորության սահման բառերը պետք է զգուշավորությամբ օգտագործենք:
Ըստ Լորա Ի. Բեյլիի, բանկը բավականին լուրջ է մոտենում պարտքի կայունության եւ բեռի հարցին. «Հայաստանը չի գտնվում պարտքի վտանգավորության շեմին: Սակայն արձագանքելով տարածաշրջանի մարտահրավերներին եւ նրանց բացասական ազդեցությանը տնտեսության վրա, վերջին տարիներին Հայաստանը եկամուտների ճեղքվածքը փակելու համար ավելի ագրեսիվ կերպով է ներգրավել պարտք»:
Լորա Ի. Բեյլիի մեկնաբանությունները` տեսանյութում
ՀԲ հայաստանյան բանկի ղեկավարից նաեւ հետաքրքրվեցին, թե գազի սակագնի նվազումն ի՞նչ օգուտներ կբերի տնտեսությանը: Տիկին Ի. Բեյլիի խոսքերով. «Բնականաբար, ավելի ցածր գնով ներկրվող գազն իր ազդեցությունը կունենա սպառողների վրա եւ այն ծախսերի վրա, որ կատարում են տնտեսվարողները: Սակայն ընդհանուր տնտեսության մեջ էլեկտրաէներգիայի գինը բավականին փոքր մաս է կազմում այն ծախսերի մեջ, որն ընկերությունները կատարում են: Մենք ավելի մեծ ուշադրությամբ հետեւում ենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում այն շուկաներում, որոնցով որոշվում են Հայաստանից կատարվող արտահանումները»:
Տիկին Ի. Բեյլիի խոսքով, շատ հնարավոր է, որ առաջիկա ամիսների ընթացքում որոշակի փոփոխություններ արձանագրվեն Եվրամիություն-Ռուսաստան հարաբերություններում, ինչի արդյունքում վերացվեն Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները. «Սրա արդյունքում կբարելավվի Ռուսաստանի տնտեսության վիճակն, ինչն իր դրական ազդեցությունը կունենա Հայաստանի տնտեսության վրա»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ