Այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Համախմբում» կուսակցության անդամ Էլինար Վարդանյանը հորդորեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, որ ոչ թե Օսկանյանի աչքերին նայի, այլ համարձակություն ունենա եւ ժողովրդի աչքերին նայի ու ասի, որ Սահմանադրական հանրաքվեն չի կեղծվել:
Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին հարցրեց՝ Դուք պատրա՞ստ եք, օրինակ, նայել ժողովրդի աչքերին ու ասել, որ հանրաքվեն չի կեղծվել՝ նա պատասխանեց. «Ես պատրաստ եմ ասելու, որ որեւէ ընտրություն չի կեղծվել մեր հանրապետությունում: Ես պատրաստ եմ ասելու, որ այն խախտումները, թերությունները, ինչ եղել են, դրանք էական ազդեցություն ընտրությունների վրա չեն թողել: Իսկ եթե պարոն Օսկանյանը ինքը գիտի, որ ընտրությունները կեղծվել են եւ գիտի, որ այդ ընտրությունների կեղծումը էական ազդեցություն է ունեցել ընտրության վերջնական արդյունքի վրա, ապա ինքը պետք է բարոյականություն ունենալու պարագայում հրաժարական տար իր պոստից եւ ժամանակին ասեր, որ ընտրությունները կեղծվել են, եւ ես իրավունք չունեի կեղծված ընտրությունների արդյունքում նշանակվելու ՀՀ արտգործնախարար»:
Մեր հարցին՝ ի՞նչ խնդիր էր լուծում Վարդան Օսկանյանը՝ նման բան հայտարարելով, ուզում էր իրեն «մաքրե՞լ» այդ կեղծիքներից՝ Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Կարծում եմ, նա, որպես նորելուկ կուսակցության նախագահ, փորձում է քաղաքական դաշտում կայանալ եւ առաջիկա ընտրությունների արդյունքում որոշակի ձայների տիրապետել ընդդիմադիր դաշտում»:
Դիտարկմանը՝ նախ Մարտի 1-ի հետ կապված հայտարարություն արեց, իր ձեռքերը լվաց, հիմա էլ գուցե փորձում է ընտրակեղծիքներից ազատվել՝ Գագիկ Մելիքյանն արձագանքեց. «Հայտարարությունը դեռ չի նշանակում, որ իր ձեռքերը լվաց: Ժողովուրդը ամեն ինչ շատ լավ հիշում է, ամեն ինչ շատ լավ գնահատում է, ոչինչ չի մոռանում եւ որեւէ հայտարարություն որեւէ մեկին հնարավորություն չի տալիս ձեռքերը լվանալ կամ կեղտոտել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ