Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց շահագործման ծրագրի շրջանակներում ցիանային ֆաբրիկայի կառուցման համար հատում են ծիրանի այգիները: Հիմա Գնդեվազում ծիրանենիների ծաղկման ժամանակաշրջանն է: Այստեղ ծիրանենիները ծաղկում են մեկ ամիս ավելի ուշ, քան դաշտավայրերում, այդ իսկ պատճառով ավելի քիչ են վտանգված եղանակի քմահաճույքից: 2015 թվականին այգիների սեփականատերերը վաճառեցին իրենց հողերն Ամուլսարի ծրագիրն իրականացնող «Գեոթիմ» ընկերությանը: Ծրագրին դեմ հանդես եկող բնակիչները կարծում են, որ անգամ այդ մարդիկ ափսոսում են իրենց գյուղի համար, բայց մտել են գործարքի մեջ, որովհետև այլ ելք չեն տեսել: Այդ մասին նրանք ասացին Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակի (CAО/IFC) թիմի հետ հանդիպման ժամանակ, ովքեր եկել են Հայաստան Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող IFC-ի դեմ ուղղված Ամուլսարի ոսկու և արծաթի բաց եղանակով արդյունահանման ծրագրի սոցիալական և էկոլոգիական պատասխանատվության չափանիշների անհամապատասխանության վերաբերյալ բողոքը հետաքննելու նպատակով:
«Նայեք, ցիանային ֆաբրիկայի տարածքի վրա ծիրանի այգիների 50-60 տոկոսը հատված է: Մեր միջև կոնֆլիկտ կա: Մի կողմից, ընկերության փողերով գնել են տրակտորներ, վերանորոգել Մշակույթի տունը: Բայց այն մարդիկ, ովքեր վաճառել են իրենց հողերը, նրանք ուղղակի ստացել են գումար իրենց հողի դիմաց: Սեփականատերերի մեծ մասը վաճառել են հողերը 1-3 միլիոն դրամով /2-6 հազար դոլար/, և հիմնականում գնել են իրենց համար մեքենաներ: Միայն մի քանի հոգի են ստացել մեծ գումարներ՝ 100-200 հազար դոլար…Իսկ համաձայնվեցին, որովհետև ընկերությունը բոլորին հավատացրեց, որ ունի կառավարության համաձայնությունը և ցույց տվեց Սևանի հանձնաժողովի և բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունները: Մարդիկ էլ մտածեցին, որ ավելի լավ է գոնե ինչ-որ մի բան ստանան, քան ընդհանրապես ոչինչ չստանան…Ինձ համոզում էին, որ եթե չհամաձայնվեմ, միևնույն է, հողը ինձանից կվերցնեն «գերակա հանրային շահի» անվան տակ, և այդ ժամանակ մենք ոչինչ չենք ստանա…Այդպես ոմանք կորցրեցին հույսը: Կա մեկ գործոն էլ՝ ֆաբրիկայում աշխատանք ստանալու խոստումները: Եթե ինչ-որ մեկը դեմ խոսի, ապա աշխատանք չի ստանա…Բոլորն էլ հասկանում են իրենց համար ռիսկերը, բայց նրանք, ովքեր ստացել են գումարներ, կգնան, իսկ մենք՝ բոլորս, կմնանք…», – ասացին բնակիչները:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ