Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Լավրովը շրջանառության մեջ դրեց 1994–1995թթ. պայմանագրերը. «168 ժամ»

Ապրիլ 28,2016 12:54

«168 ժամ»-ի զրուցակիցն է ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար, ԼՂՀ արտաքին եւ անվտանգության քաղաքականության հանրային հասարակական խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը

– Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Լավրովը շրջանառության մեջ դրեց 1994–1995թթ. պայմանագրերը, և սա որքանո՞վ է ձեռնտու հայկական կողմերին։

– 1994թ. մայիսի 12-ին կնքված Կրակի դադարեցման եռակողմ պայմանագիրը հրադադարի իրավական հիմքն է։ Այդ փաստաթղթի համաձայն՝ Ադրբեջանը հակամարտության գոտում կայունություն պահպանելու միջազգային պարտավորություն է ստանձնել։ Այդ պայմանագիրը կնքվել է որպես անժամկետ։

Բացի դրանից, 1994թ. հուլիսի 26-27-ը ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել էին փաստաթուղթ, համաձայն որի՝ նրանք հաստատել էին հրադադարի պահպանման հարցում իրենց պարտավորությունները, ընդհուպ՝ մինչև զինված հակամարտության ամբողջական դադարեցման շուրջ մեծ քաղաքական համաձայնության ստորագրումը։

Ապրիլյան իրադարձություններից հետո ադրբեջանական կողմը փորձեց, ըստ էության, չեղարկել Հրադադարի մասին պայմանագիրը՝ հրաժարվելով կատարել սեփական պարտավորությունները։ Վլադիմիր Կազիմիրովի հրապարակումներից պարզ դարձավ, որ մոտավորապես երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը ԵԱՀԿ անդամներին համապատասխան նոտա էր ուղարկել։

Բոլորը հասկանում են, որ պաշտոնական Բաքվի դուրս գալը Հրադադարի ռեժիմից նշանակում է՝ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի ճանապարհին ևս մեկ խոչընդոտի չեզոքացում։ Ուստի ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունն Ադրբեջանի կառավարությանը պատասխան նոտա ուղարկեց, որում արտահայտված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սկզբունքային դիրքորոշումն այն մասին, որ 1994թ. Հրադադարի մասին պայմանագիրը և այդ պայմանագրի զարգացման նպատակով կնքված Հրադադարի ռեժիմի ամրապնդման 1995թ. պայմանագիրն ունեն անժամկետ բնույթ և նախկինի նման հակամարտության գոտում հրադադարի հիմքն են կազմում։ Ապրիլի 22-ին այս դիրքորոշումը հաստատեց նաև ՌԴ ԱԳ նախարարը Երևանում։

Այս երկու փաստաթղթերի առկայությունը (Բաքուն անտեսում է 1995թ. փետրվարի 4-ից պայմանագրի գոյությունը) ձեռնտու են բոլոր այն երկրներին, որոնք ձգտում են Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատմանը։ Բացի դրանից, այս փաստաթղթերը կարևոր են հայկական կողմերի համար նաև նրանով, որ դրանց տակ դրված են հակամարտության բոլոր երեք կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ստորագրությունները, այդ թվում՝ ԼՂՀ-ի։

 

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930