Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյան. «Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ունեն կոմունալի պարտքեր, վարկեր, առողջական խնդիրներ»

Ապրիլ 28,2016 12:02

Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները այսօրվա կառավարության նիստի սկզբում ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա ասաց, որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կողմից մշակվել և հաստատվել է զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատման համապատասխան մեթոդաբանություն: Այդ ընտանիքների հետ անմիջական աշխատանքներ են իրականացվել տեղերում գործող խմբերի կողմից:

«Ընտանիքների սոցիալական վիճակի նախնական գնահատումը վերաբերել է ընտանիքի կազմի, ընտանիքի անդամների առողջական, ուսման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև զբաղվածության առկա իրավիճակին և հնարավոր ցանկալի զարգացումներին: Միաժամանակ, ուսումնասիրվել են բնակարանային, կոմունալ հարմարությունները և այլ պայմաններ: Ուսումնասիրվել են շփման գծում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված 64 զոհված զինծառայողների ընտանիքներ՝ 9 մարզերում և Երևանում»,- հայտնեց Արտեմ Ասատրյանը:

Նա նշեց, որ ուսումնասիրությունների արդյունքում մի շարք խնդիրներ են հայտ եկել: Մասնավորապես` զբաղվածության խնդիրներ կան, այս ընտանիքներում կան անձինք, ովքեր չեն աշխատում և ոմանք անգամ պատրաստակամություն են հայտնել զբաղվել գյուղատնտեսության ոլորտում, եթե լինի հնարավորություն: Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն ունեն նաև առողջական խնդիրներ, ոմանք անգամ վիրահատության կարիք ունեն: Նաև ուսումնասիրվել են ընտանիքների ֆինանսական վիճակը, նրանց մի մասն ունեն վարկային պարտավորություններ, իսկ մի մասն անգամ կոմունալ վճարների դիմաց պարտքեր:

Արտեմ Ասատրյանն ասաց, որ այս ընտանիքների սոցիալական խնդիրները ՏԻՄ-երի ուշադրության կենտրոնում են եղել, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցներ նրանց օգնության ձեռք են մեկնել:

«Իսկ պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի, ինչպես նաև մեր բազմաթիվ հայրենակիցների ու կազմակերպությունների կողմից շարունակվում են նշված ընտանիքներին տրամադրվել դրամական օժանդակություններ, օրենքով սահմանված է նաև 2 մլն դրամ ապահովագրական վճար մարտական գործողությունների ժամանակ զոհվելու դեպքում, ինչպես նաև՝ 1 մլն 400 հազար դրամ հուղարկավորության կազմակերպման և 700 հազար դրամ գերեզմանների բարեկարգման համար, որոնք վճարվում են ՀՀ ՊՆ կողմից: Իսկ ընտանիքի անաշխատունակ անդամներին նշանակվում են ամսական վճարվող կենսաթոշակներ և պարգևավճարներ»,- ասաց Արտեմ Ասատրյանը: Նախարարն ասաց, որ այս օրերին էլ շարունակվում են օգնությունները նշված ընտանիքներին եւ դա հասցեական դարձնելու համար առաջարկվում է ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտը:

Ըստ նախարարի՝ միաժամանակ ուսումնասիրվել են մարտական գործողությունների հետևանքով վիրավորված և տարբեր բուժհաստատություններում գտնվող զինծառայողների կարիքները: Նախատեսվում է նրանց պահել կառավարության ուշադրության կենտրոնում՝ սոցիալական ծառայությունների տրամադրումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ տեղեկացրեց, որ այս ուսումնասիրությունների շրջանակներում նախապատրաստվել են վարչապետի մի շարք հանձնարարականներ՝ համապատասխան գերատեսչություններին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930