Մարդու իրավունքների ոլորտում աշխատող16.000 անդամ նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան կի Մունին, որով իրավապաշտպանները պահանջում են ՄԱԿ գլխավոր քարտուղարից՝ հասնել Իրանի Իսլամական Հանրապետությունում ձերբակալված ֆիզիկոս Ումիթ Քոքեբիի ազատ արձակմանը։ Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը։
ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ուղղված նամակում իրավապաշտպանները նշում են, որ Քոքեբին 2011թ. եկել է Իրան և, երբ ցանկացել է վերադառնալ ԱՄՆ, օդանավակայանում նրան ձերբակալել են, որից հետո դատապարտել են տասը տարվա ազատազրկման։
Իրավապաշտպանների պնդմամբ՝ ձերբակալության բուն պատճառն այն է, որ Քոքեբին հրաժարվել է աշխատել իրանական կառավարության ներկայացրած ծրագրերում։ Սրան ի պատասխան՝ իրանական կառավարությունը մեղադրել է ֆիզիկոսին՝ արտասահմանյան համալսարանների և գիտական կազմակերպությունների հետ հարաբերություններ հաստատելու համար։
ՄԱԿ Գլխավոր քարտուղարին ուղղված նամակի ստորագրողների թվում է նաև իրանցի հայտնի իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Իբադին։ Նամակում նշվում է նաև, որ Քոքեբին առողջական լուրջ խնդիրներ ունի։