«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի կարծիքով` լավ պայմաններ են ստեղծվել ԼՂ-ն բանակցային գործընթաց վերադարձնելու համար:
– Նարեկ, ինչո՞ւ տեղի ունեցավ ապրիլի քառօրյա պատերազմը, ո՞րն էր Ալիեւի նպատակը, որո՞նք էին նրա հաշվարկները, ինչի՞ հասավ Ադրբեջանն այդ քայլով:
– Նախ՝ պետք է հստակեցնել, որ քառօրյա պատերազմի սանձազերծումը միայն Ալիեւի նախաձեռնությամբ չէր պայմանավորված: Ընդհանրապես, հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության բնույթն ու բանակցային գործընթացում միջնորդ երկրների միջեւ ուժերի եւ հակամարտության վրա ազդեցություն ունենալու հարաբերակցությունը՝ ակնհայտ է, որ Ալիեւը չէր կարող ինքնուրույն նման լայնածավալ ռազմական գործողություններ սկսել: Քառօրյա պատերազմը նվազագույնը պետք է համաձայնեցված լիներ պաշտոնական Մոսկվայի հետ, ինչի փաստացի ապացույցին մենք ականատես եղանք այն ժամանակ, երբ հայկական ուժերի ծրագրած հակագրոհը կասեցվեց Մոսկվայում տեղի ունեցած ԳՇ պետերի հանդիպումով:
Արդյունքում ստացվեց, որ Մոսկվան ուղղակի արգելեց հայկական կողմին համարժեք հակագրոհ իրականացնել: Քառօրյա պատերազմով Ալիեւը փորձեց բլից կրիգի միջոցով հանկարծակիի բերել ԼՂՀ պաշտպանական բանակին եւ ճեղքելով պաշտպանական գիծը՝ հասնել Ստեփանակերտ, սակայն այդ ամենը տապալվեց շնորհիվ ԼՂՀ ՊԲ բարձր մարտունակության:
Կարդացեք նաև
– Ի՞նչ է սպասվում Ղարաբաղյան կարգավորմանը՝ միջնորդներին կհաջողվի՞ բանակցություններ վերսկսել, եւ Հայաստանի մասնակցությունն այս փուլում ճիշտ քայլ կհամարվի՞, եթե մոտ ապագայում միջնորդները կազմակերպեն բանակցություններ:
– Քառօրյա պատերազմից հետո բանակցային գործընթացին վերադառնալը բավականին դժվար է լինելու, եթե ոչ՝ անհնարին: Կարծում եմ՝ այս ամենը քաջ գիտակցում են նաեւ ԵԱՀԿ ՄԽ միջնորդները: Ի դեպ, այս մասին արդեն բացեիբաց հայտարարել է Սերժ Սարգսյանը: Ընդհանրապես, ալիեւապուտինյան վերջին սադրանքից հետո հայկական կողմը բանակցային գործընթացում դիրքերն ամրացնելու քարտ բլանշ է ստացել: Հարկավոր է մինչեւ բանակցային գործընթացին վերադառնալը քննարկել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի կողմից առաջարկված սահմանային միջադեպերի կանխման մեխանիզմները: Այս պահին նաեւ բավականին լավ պայմաններ են ստեղծվել Ղարաբաղը բանակցային գործընթաց վերադարձնելու համար, եւ այն աններելի, ես կասեի՝ դավաճանական զիջումը, որն արեց Ռոբերտ Քոչարյանը, կարող է շտկել Սերժ Սարգսյանը:
– Քառօրյա պատերազմը համախմբեց մեր հասարակությանը, ի՞նչ եք կարծում՝ այս մթնոլորտը կարո՞ղ է ծառայել ներսում առողջ մթնոլորտի ձեւավորմանը, նկատի ունեմ` իշխանություն-հասարակություն կապին, վստահության հաստատմանը, մեծ հաշվով` պետության դիրքերի ամրապնդմանը:
– Հասարակության համախմբումն ապրիլյան պատերազմի օրերին իրոք աննախադեպ էր բոլոր առումներով: Հասարակությունն այս անգամ էլ ապացուցեց, որ նմանատիպ դեպքերում ենթագիտակցաբար կարողանում է ճիշտ դիրքորոշում որդեգրել: Իհարկե, կային եւ կլինեն այնպիսի հանրային եւ քաղաքական սուբյեկտներ, որոնք կփորձեն պղտոր ջրում ձուկ որսալ, բայց կարեւորն այն է, որ այդ խմբերը չեն վայելում հասարակական լայն զանգվածների աջակցությունը: Հանրային աննախադեպ համախմբումը լուրջ մարտահրավեր է գործող իշխանությունների համար: Իշխանությունները պետք է գիտակցեն, որ հետպատերազմյա Հայաստանն ու մինչ այդ եղածը տրամագծորեն տարբերվում են միմյանցից, եւ ներկայումս կա լավ հնարավորություն ուղղելու նախկինում արված սխալները: Իսկ կօգտագործվի այդ հնարավորությունն իշխող կուսակցության կողմից, թե ոչ՝ արդեն պարզ կլինի ոչ հեռավոր ապագայում:
– Ի՞նչ խնդիրներ վեր հանեց քառօրյա պատերազմը, մեր երկրում ի՞նչ խնդիրներ եք տեսնում, լուծումներ, ի՞նչն է անհրաժեշտ փոխել:
– Կարծում եմ՝ պատերազմը տվեց այս տարիների ընթացքում կուտակված մի քանի կարեւորագույն հարցերի պատասխաններ, որոնք ինքնին լուրջ մարտահրավերներ են ՀՀ-ի համար: Նախ՝ մենք առերեսվեցինք այն ցավալի իրողության հետ, որ մենք աշխարհում դաշնակից չունենք: Ավելին՝ այն երկիրը, որն իբր դաշնակցային հարաբերություններ ունի ՀՀ-ի հետ, ուղղակիորեն կիսում է ադրբեջանական սադրանքի պատասխանատվությունը: ՀԱՊԿ անդամ երկրներից երկուսը հանդես եկան հակահայկական հայտարարություններով, հրաժարվեցին մասնակցել նախապես պլանավորված ԵԱՏՄ վարչապետների նիստին Երեւանում: Այդպիսով թե՛ ՀԱՊԿ-ը, թե՛ ԵԱՏՄ-ն եւ թե՛ «ռազմավարական դաշնակից» հորջորջվող Ռուսաստանը ապացուցեցին այսքան տարիների ընթացքում մեր արտաքին քաղաքականության կատարյալ ձախողումը: Այսքանից հետո մեր երկրի համար կենսական նշանակություն ունի արտաքին քաղաքական կուրսի վերանայումը, այլապես մենք դատապարտված ենք լինելու Ալեքսանդրապոլի, Կարսի կամ Մոսկվայի հերթական պայմանագրերի ստորագրմանը:
– Ներքաղաքական կյանքում ի՞նչ զարգացումներ են սպասվում: Մի կողմից՝ քաղաքական դաշտն ինչ-որ առումով կարելի է կանխատեսելի համարել, բայց արդյոք կարելի՞ է բացառել անսպասելի փոփոխությունները:
– Թերեւս քաղաքական դաշտում տեղի ունեցող գործընթացներն ամենականխատեսելին են: Ինչպես նախկինում բազմիցս արձանագրել եմ՝ մեր երկրում ներքաղաքական կյանքն ամբողջությամբ գտնվում է մեկ արտաքին քաղաքական տիրույթում: Ընդդիմադիր ուժերի մեծամասնությունն ի զորու չէ որեւէ արդյունավետ քաղաքական գործընթաց իրականացնել, իսկ իշխանություններից ՀՀ քաղաքացին վաղուց է հիասթափվել, սակայն չունենալով համապատասխան այլընտրանք՝ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը համագործակցում է իշխանությունների հետ: Գործնականում ներքաղաքական ստատուս քվոն փոփոխվելու հնարավորություն չունի, քանի որ որեւէ ներքաղաքական գործընթաց չի սպասարկում ՀՀ քաղաքացու շահերը: Եվ եթե հաշվի առնենք պրոռուսական համատեքստում առաջին եւ ներկայիս նախագահների համախմբման փաստը, ապա պետք է արձանագրել, որ ֆորս-մաժորային իրավիճակներից Սերժ Սարգսյանն այս անգամ կարողանալու է խուսափել նաեւ «քաղաքագիտական վերլուծությունների» միջոցով: Հետեւաբար՝ բացի այն, որ անսպասելի փոփոխությունների հեռանկարը ներկայիս պայմաններում չի կարող նպաստել մեր պետականության ամրացմանը, այլ նաեւ մոտ ապագայում այն գործնականում անհնար է:
– Կուզենայի անդրադառնայիք երիտասարդության դերին, սերնդափոխությանը քաղաքականության մեջ: Ձեր կազմակերպությունը, մասնավորապես, ի՞նչ նպատակներ է իր առջեւ դրել:
– Քաղաքական սերնդափոխությունը նախ եւ առաջ գաղափարական, քաղաքական մեխանիզմների, դաշտում գործելու գործիքաշարերի փոփոխություն է ենթադրում։ Չի կարող սերնդափոխություն համարվել ձախողված քաղաքական պրակտիկայի նույնօրինակ կապկումը, եթե նույնիսկ այն իրականացվում է նույն ձախողակ ուժի առավել երիտասարդ ներկայացուցչի կողմից։ Քաղաքական սերնդափոխության համար ներկայումս մեր երկրում ստեղծված են օբյեկտիվ պայմաններ, բայց դրա իրականացման համար եւս առկա են բավականին բարդ հաղթահարելի սուբյեկտիվ խոչընդոտներ, որոնց հաղթահարման համար հարկավոր է ստեղծել ստեղծված քաղաքական համակարգից հարաբերականորեն անկախ քաղաքական/քաղաքացիական միավորներ։
Հարկավոր է ընտրել բարդ, սակայն իրական փոփոխությունների տանող ճանապարհը, ինչն էլ փորձում ենք իրականացնել մենք: Ինչպես եւ նախորդ տարիներին, մեր կազմակերպությունը՝ ի տարբերություն դաշտում գործող բազմաթիվ այլ կառույցների, ունի իր սեփական օրակարգն ու դրան համապատասխան գործունեություն է իրականացնում: Վերլուծվում են ներքին եւ արտաքին քաղաքական գործընթացները, եւ առկա խնդիրներին համարժեք լուծումներ են առաջարկվում: Գործում է մեր պաշտոնական կայքը, որտեղ հիմնականում տեղ են գտնում մասնագիտական վերլուծություններ:
Ազատ ուսանողների ֆորումը, որը հանդիսանում է մեր կազմակերպության ուսանողական միությունը, ակտիվ գործունեություն է իրականացնում կրթական հաստատություններում: Մինչեւ տարեվերջ երկու լեզվով պատրաստ կլինի իմ հեղինակած «Խաղաղ անհնազանդության կիրառելիությունը ՀՀ-ում» մասնագիտական ձեռնարկը, որը եւս թիմային աշխատանքի արդյունք է: Ընդհանրապես, մեզ համար մերժելի են դաշտում առկա ուժերի կայծակնային հաջողության հասնելու փորձերը, եւ մենք ընտրել ենք «դանդաղ շտապելու» սկզբունքը, որի շնորհիվ այսօր ունենք ինքնաֆինանսավորվող եւ կայուն կառույց, որն անկախ ստեղծված ներքաղաքական կոնյունկտուրայից՝ իրականացնելու է իր առջեւ դրված նպատակները:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2016