Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը նոր հնարավորություն բացեց

Ապրիլ 28,2016 17:00

Ըստ ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի՝ Ադրբեջանը
փորձում է Արցախի դեմ հերթական ագրեսիայի «իրավական հիմք» ստեղծել

– Ամերիկյան Bloomberg մեդիա-ընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի նախագահն ասել է, որ Հայաստանի համար «խելամիտ» չի լինի վերադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների՝ առանց անվտանգության երաշխիքների, քանի որ «իրավիճակն այսօր բոլորովին այլ է»: Բանակցություններից հայկական կողմի հրաժարվելն արդյոք նշանակո՞ւմ է, որ ղարաբաղա-ադրբեջանական ճակատում լայնածավալ պատերազմը մոտ է: Կգնա՞ Ադրբեջանը նոր արկածախնդրության, մանավանդ՝ նախագահն ասել է նաեւ, որ ՌԴ-ի միջնորդությունը կարող է բավարար չլինել լայնածավալ բախումները կանխելու համար:

– Հայկական կողմը բանակցություններից չի հրաժարվում: Նախագահ Սարգսյանն ասել է, որ պատերազմի վերսկսման մշտական սպառնալիքի տակ բանակցություններ վարելն անիմաստ է: Եվ դա շատ պարզ ճշմարտություն է: 1994-ին զինադադար հաստատվել է ոչ թե նրա համար, որ կողմերից մեկը հզորացնի իր ռազմական ներուժը եւ մյուսին պայմաններ թելադրի, այլ որպեսզի հարաբերական խաղաղության եւ փոխադարձ վստահության պայմաններում գտնվեն ընդունելի լուծումներ: Տպավորություն է, որ այդ հայտարարությունը Բաքվի ռեժիմին արդեն իսկ շատ անհարմարություն է պատճառել: Իրավիճակն այնպիսին է, որ քառօրյա ագրեսիայի հետեւանքով հայկական կողմին նախապայմաններ թելադրելու Ադրբեջանի նպատակադրվածությունը փաստացի բումերանգի էֆեկտ է տալիս: Այսօր Հայաստանն է դնում բացառապես անվտանգության պայմաններում բանակցությունները վերսկսելու նախապայման: Ալիեւի ռեժիմը ստիպված է լինելու համակերպվել: Եվ դրանով իսկ զրոյանալու են «ամեն ինչ մաքուր էջից սկսելու» նրա ջանքերը:

– Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման մասին` ասելով. «Եթե բանակցություններ չեն վարվում, ինչպե՞ս կարող են ռուսաստանյան ուժերը հայտնվել Ղարաբաղում կամ ադրբեջանական եւ ղարաբաղյան ուժերի միջեւ»: Այն, որ նախագահը խոսել է հենց ռուսաստանյան ուժերի մասին, հիմք տալի՞ս է ենթադրելու, որ այլ խաղաղապահների մուտքը չի բացառվում:

– Ես այդպես չեմ ընկալում: Նախագահի շեշտադրումը բոլորովին այլ ենթատեքստ ունի: Որքան ես եմ հասկանում, այստեղ ակնարկ կա, որ ԼՂ կարգավորման միջնորդությունը չի կարող, չպետք է լինի որեւէ առանձին երկրի մենաշնորհ: Եթե վերհիշենք Լավրովի այցին նախորդած հրապարակումները ռուսական եւ ադրբեջանական մեդիա-տիրույթում, ապա պատկերն, ինչպես ասում են, ավելի ամբողջական կլինի:

– Դատելով նաեւ ՀՀ նախագահի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի՝ նախօրեին կայացած հեռախոսազրույցից՝ հարցի լուծման առաջին ջութակի դերը ՌԴ-ից սահուն անցնում է ԱՄՆ-ին, մանավանդ որ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը հանդիպումների էր եկել, ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի, լուծումների նոր փաթեթով, պարզվեց, որ նոր առաջարկներ չէր բերել: Սերժ Սարգսյանն էլ փաստորեն, հրաժարվեց 2011 թվականին Կազանում տված իր խոստումներից: Ի՞նչ կարող է առաջարկել ԱՄՆ-ը, որը ՌԴ-ն չէր ցանկանում կամ ՌԴ-ին ձեռնտու չէր:

– Քաղաքականության մեջ «սեւ-սպիտակ» պատկեր չի լինում: Ասացի, որ ԼՂ կարգավորման բանակցություններում որեւէ երկրի միջնորդության գերակայությունը չի կարող երաշխիք լինել: Դա վերաբերում է նաեւ Միացյալ Նահանգներին: Եթե չկա համանախագահության կոնսոլիդացված մոտեցում, ուրեմն բոլորը պետք է ջանքեր թափեն, որպեսզի իրավիճակը մնա վերահսկելի: Սա է ամենակարեւորը: Փորձագետների համար գաղտնիք չէր, որ աշխարհաքաղաքական հակադիր բեւեռներում գտնվող Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը չեն կարող ԼՂ հարցի հանգուցալուծման ընդհանուր հայտարարի գալ: Բայց նրանք կարող են համաձայնության գալ, որ չեն փորձի միակողմանիորեն փոխել ստատուս քվոն: Հանուն իրենց իսկ շահերի:

– ԼՂ հարցը դառնում է ռուս-ամերիկյան առճակատման նոր հարթա՞կ:

– Ես այդքան հոռետես չեմ: Ինչպես ասացի՝ զինադադարն ամրապնդելու, կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելու հրամայականը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցության հնարավորություն է: Եվ այն պետք է օգտագործվի: Քանի դեռ չկան գլոբալ պայմանավորվածություններ, ուժային կենտրոններից մեկի աջակցությամբ խնդիրն իր օգտին լուծելու գայթակղությունը կարող է բերել իրոք ռուս-ամերիկյան դիմակայության նոր օջախի: Դա աններելի արկածախնդրություն է, որին Ադրբեջանը դիմեց ապրիլի առաջին օրերի ագրեսիայով: Նախագահ Սարգսյանը միջազգային հանրությանը հորդորում է ստեղծել նման գայթակղությունը բացառելու իրավա-քաղաքական զսպումների միջավայր, եթե կուզեք՝ իրական մեխանիզմներ:

– ԼՂՀ-ՀՀ ռազմական համագործակցության համաձայնագրի եւ ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման պահը հասունանո՞ւմ է:

– Որեւէ պահ ինքնին չի հասունանում: Լուծումները բխում են անհրաժեշտությունից: Բայց մինչ այդ ստեղծվում է նաեւ որոշումը հասկանալի-ընդունելի դարձնելու միջավայր, մթնոլորտ: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բացել է վճռական քայլեր կատարելու եւ դրանք միջազգային հանրությանը հասկանալի դարձնելու հնարավորություն: Մնացածն, ինչպես ասում են, կարող է լինել ժամանակի եւ «տեխնիկայի» հարց: Բայց չպետք է նաեւ մոռանալ, որ դիվանագիտության մեջ «պաուզան» հաճախ ավելի խոսուն է լինում…

– ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ Անվտանգության խորհրդում տարածվել է «Ադրբեջանի հերթական սադրիչ» նամակը, «որտեղ փորձ է արվում պատասխանատվությունը Հայաստանի վրա դնելով՝ միակողմանիորեն չեղարկել 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ ստորագրված զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագիրը»։ Սա ի՞նչ է նշանակում:

– Տեղյակ չլինելով Ադրբեջանի «նամակի» տեքստին՝ չեմ կարող դատողություններ անել: Ենթադրում եմ, որ Ադրբեջանը ոչ թե պայմանագիր չեղարկելու, այլ ՄԱԿ-ում ԼՂ խնդրի քննարկում նախաձեռնելու նպատակ է դրել: Եթե դա այդպես է, ապա նշանակում է, որ Բաքվի ռեժիմը հույս ունի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից կորզել որեւէ բանաձեւ, ինչպես մեկ անգամ արդեն եղել է: Բայց դա արվում է, որպեսզի Արցախի դեմ հերթական ագրեսիայի «իրավական հիմք» ստեղծվի: Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներ են: Կարծում եմ՝ նրանք հնարավորություն ունեն, որպեսզի դա թույլ չտան:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930