Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե լուծում չեղավ, այս բոլոր պաշտոնանկությունները ոչ մի կոպեկի արժեք չեն ունենա»

Ապրիլ 28,2016 16:30

Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է, որ ՊՆ-ի
եւ կառավարության բացթողումներն այլեւս հնարավոր չէ թաքցնել

Երեկ նախագահը պաշտոնից ազատել է բարձրաստիճան զինվորականների՝ պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ, կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին, ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին: Ի՞նչ են հաստատում այս պաշտոնանկությունները՝ որ հասարակության մեջ պտտվող այն կասկածները ճի՞շտ էին, որ այս 3 օղակներում մենք ունեցել ենք լուրջ բացթողումներ, պաշտպանության նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ այս պաշտոնանկությունները արդյունք են ապրիլի 4-օրյա պատերազմի տեսանելի մասի: Իսկ խորքային մասում կառավարության հետ խնդիրներ կան, պետության մեջ խնդիրներ կան, որոնց լուծումներն իրենց սպասեցնել այլեւս չեն կարող տալ: Այդ բացթողումների արդյունքում մենք ունենում ենք կորուստներ, որովհետեւ դրա արդյունքում մենք ամեն օր ունենում ենք կորուստներ: Այսօր ունենք կորուստներ, վաղն էլ կունենանք, որովհետեւ դրանք միայն սոսկ մատակարարումներ չեն, թերացումներ չեն: Այդ թերացումներն իրենց հետեւից տանում են մարդկային կյանքեր: Իսկ այսօրվա մարդկային կյանքը առաջին գծում կանգնած 18 տարեկան երեխաներն են: Ժամանակին ասվում էր, որ այս կոնտինգենտի տեղափոխության խնդիրը պետք է լուծեր ՊՆ-ն, որը մինչեւ հիմա չի արել: Պրոֆեսիոնալ զինվորական կառույցների ստեղծման եւ նրա փոխարինման խնդիրը ՊՆ-ն արդեն պետք է լուծած լիներ: Այսօր մենք այդ խնդիրը պետք է արագ լուծենք»:

Ըստ պարոն Քոչարյանի՝ շատ լուրջ կադրային առաջարկներ պետք է լինեն. «Այդ կադրերը ոչ միայն արագ պետք է շտկեն այդ կառույցներում եղած թերությունները, այլ նաեւ գուցե շատ կարճ ժամանակում հնարավորություն կտան այդ կառույցներին որոշակի նախաձեռնություններով հանդես գալ: Դրանք շատ կարեւոր են՝ հատկապես հետախուզության մասով, իսկ մատակարարումների մասով՝ դա արդեն պետության խնդիրն է, այդքան էլ կառույցի խնդիրը չի: Մատակարարումները միայն ՊՆ-ի խնդիրը չեն, դա, ըստ էության, կառավարության խնդիրն է, որովհետեւ թերացումներ կան նաեւ կառավարության կողմից, եւ դրա համար ես ակնկալում եմ պաշտոնանկություններ նաեւ հենց բուն կառավարությունում: Այդ թերացումները մեկ կամ երկու օրվա գործ չեն եղել: Դրանք տարիներ շարունակ տեղի ունեցած գործընթացներ են եղել, որոնց բացթողումները արդեն թաքցնել պարզապես հնարավոր չէ»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ շատ կարեւոր բարձրաստիճան պաշտնյաներ դուրս եկան, այս լարված պայմաններում դա վտանգավոր չէ՞, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Դա պաշտպանության նախարարության խնդիրը չի, պետության մեջ կա խնդիր, առաջին հերթին՝ գործադիր իշխանության մեջ: Իշխող կուսակցությունը լավ կանի՝ մտածի, թե ինչ վիճակում է այսօր գտնվում գործադիր մարմինը՝ կառավարությունը: Տարիներ շարունակ անընդհատ խոսվում է կոռուպցիայի մասին, կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով էլ ստեղծեցին, բայց, ըստ էության, կոռուպցիան ավելի խորացավ: Այդ խնդիրն այսօր դարձել է համազգային խնդիր: Առաջին հերթին պետք է այդ խնդիրը լուծել, որովհետեւ բոլոր թերացումները վերջին հաշվով գալու են կանգնեն՝ այդ խնդիրը լուծում ունենալո՞ւ է, թե՞ չէ, որովհետեւ եթե լուծում չունեցավ, այս բոլոր պաշտոնանկությունները ոչ մի կոպեկի արժեք չեն ունենա»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930