Լրահոս
Օրվա լրահոսը

Սա մեր հայրենիքն է

Ապրիլ 28,2016 16:00

«Լեւոն Տեր-Պետրոսյանը ի՞նչ է մտածում, ինչո՞ւ մենք «Սու» չունենք: Էսքան օգնություն է գալիս՝ ո՞ւր է». այս հարցերի պատասխանը ես էլ եմ ուզում իմանալ: Իրոք, ինչո՞ւ «Սու» չունենք, բանակ չունենք… Սիրելի Արամ, չկարծես թե մոռացել եմ Հայաստանի նախագահի անունը կամ չգիտեմ, որ բանակ ունենք՝ աշխարհը չունի: Այս տողերը 92-ի օգոստոսի 5-ի «Հայք»-ի իմ հոդվածից են. «Տղերքին կռվի ենք ուղարկում, հպարտանում նրանց արիությամբ, ինքնազոհությամբ, «փոքրաթիվ ուժերով հրաշքներ գործելու» նրանց ունակությամբ: Մինչեւ ե՞րբ»: Փաստորեն՝ մինչեւ այսօր…

Փոխվել են ժամանակները, Հայաստանի նախագահները, ցավն ու զայրույթը մնացին նույնը՝ մինչեւ ե՞րբ: Մեր հպարտության մարմնավորումը էլի նրանք են՝ քաջարի, անձնուրաց մեր զինվորները: Փառք Աստծո, վտանգի առաջ համախմբվել, մոռացել են ամեն ինչ ու շտապել հայրենիքի սահմանին: «Բա սա մեր հայրենիքն ա, չենք եկել էս ուղարկած պայոկը ուտենք, եկել ենք պաշտպանենք…»,- ասում են:

Մարտակերտ անպայման պիտի գնայի, սաներիս տեսնեի, զինվորներին, Թալիշը, Մատաղիսը, ուր 94-ի հաղթական գարունից ի վեր չեմ եղել: Մարտակերտի աշխատակազմի շենքի առաջ հանդիպեցինք՝ Գեւորգյանի իմ սիրելի սան Հովհաննես սարկավագը իր հոր՝ տեր Բարսեղի հետ էր եկել: Մարտակերտի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանին առաջին պատերազմից եմ ճանաչում՝ այս պաշտպանական շրջանի հրամանատարի տեղակալն էր՝ «զամպալիտը», հետո Ղարաբաղի կրթության նախարար նշանակվեց, հիմա շրջանի ղեկավարն է: «Բարեբախտաբար, զոհեր չունեցանք քաղաքում, թեև խփում ու խփում էին… 60 շենք՝ մասնակի, 8-ն ամբողջությամբ ավերվել էր… 50 աշակերտ արդեն դասի են գալիս, բազմազավակներին օգնություն ենք բաժանում, Մատաղիսում արդեն լույս կա»,- ռազմական քրոնիկոնից մի քանի բան ավելացնելով՝ ասաց շրջանի ղեկավարը: «Հովհաննես, եթե զենք ես վերցնում, էս շորերդ հանի, կամուֆլյաժով արի»,- ասում է տեր Բարսեղ քահանա Անդրյանը սարկավագ որդուն: Հովհաննեսը 92-ին է ծնվել, Ստեփանակերտում, Մարտակերտն արդեն թուրքերի ձեռքում էր: Տեր հայրը որդու հետ հաճախ է դիրքերում լինում, այսօր միասին առաջնագիծ ենք գնում՝ մայոր Ելրանյան Իգորի ուղեկցությամբ: Մեր սպան արմատներով խոյեցի է, երկու զավակ ունի, սակավախոս, առանց ավելորդ տեղեկատվության պատմում է եղելությունը: Դեպի առաջնագիծ ճանապարհի որոշ հատվածներում պաստառներ՝ «Դիտարկում» կարճ բառով, ուրեմն ճանապարհի այս մասը նրանց կողմից տեսանելի է, պետք է արագ անցնել: Հասնում ենք դիրքեր…

Stepanakert_1
1994-ի օգոստոսին այս սահմանագծում լարվածություն չկար՝ հակառակորդը չէր համարձակվում ոչ միայն լայնածավալ գործողություն սկսել, այլեւ ծպտուն հանել անգամ՝ ջախջախված էր ամբողջովին, հրադադարը ազերիների փրկությունը եղավ: Այն ժամանակ մենք նրանց էինք տեսնում իրենց կողմում, նրանք՝ մեզ, հանգիստ էր սահմանը: «Այ, տեսնո՞ւմ ես, սա Չայլուն ա, կարոտել եմ Չայլըվին»,- Սանասար անունով մեր հրամանատարներից մեկին հիշեցի՝ Չայլուից էր: Մի այլ բլուրից Միրբաշիրը երեւաց, տղաներից մեկը կատակեց. «мы за мир, но в Мирбашире»: Քսաներկու տարի անց հազարավոր մեր տղաների կյանքի գնով նվաճված անդորրը մի գիշերում խախտվեց: Ապրիլի սկզբի սահմանային մարտերը (4-օրյա պատերազմ արտահայտությունը աշխատում եմ չօգտագործել) փոքր-ինչ խախտեցին անպարտելիության մասին մեր վստահությունը: Հուսանք, որ Հայաստանի՝ Արցախը ներառյալ, անվտանգության համար ի պաշտոնե պատասխանատուները այդ օրերի դասերն առան, տիրապետում են իրավիճակին, արդեն պատժել են մեր կորուստների համար մեղավորներին ու ամեն ինչ անում են՝ ազերիներին անհամաչափ պատասխան տալու համար:

Stepanakert_2
Թշնամու դիրքերը մոտ, որոշ տեղերում շատ մոտ են՝ 30 մետր հեռավորության վրա, ու թեեւ մեր գալու օրը խաղաղ էր, մեր զինվորները, հրամանատարները, կամավորականները իրավիճակի փոփոխությանը պատրաստ են: «Մեզ ի՞նչ ա եղել, դուխը տեղը, մնում ա հրաման տան,- ասում է կամավորական Աշոտը:- Այ, սրա համար ենք էստեղ», ու ֆայլից զգուշորեն ձեռագիր մի նամակ է հանում: «Սիրելի զինվոր, եղբայր, հարազատ, բարեւ: Շնորհակալ ենք քեզնից, որ այս ծանր իրավիճակում կանգնած ես մեր հայրենիքի սահմանին ու խիզախ մարտնչում ես թշնամու դեմ: Շնորհակալ ենք, որ այդքան անձնազոհ ու հայրենասեր ոգի ունես… Աստված ձեզ պահապան»: Նամակը Իջևանի վարժարանի XII ա դասարանցիներից է, ուղարկվել է 05.04.2016-ին: Ձեր նամակը տեղ է հասել, սիրելի դպրոցականներ:

Տեր Բարսեղը զրուցում է տղաների հետ, օրհնում նրանց, միասին խնդրում ենք Տիրոջը՝ «Հայր մեր… մի տանիր մեզ ի փորձություն»: Գրեթե ամեն պոստում հոգեւոր կյանքի դրսեւորման անկյուն կա՝ Տիրամոր պատկերով, Ավետարանով, վառվող մոմերով: Ամենուր զարմանալի մաքրություն, նույնիսկ ծաղիկներ են աճեցնում: Երիտասարդ զինվորները՝ սափրված, ճանապարհ անցածները՝ մորուքով: Մեր դիրքերի երիտասարդ, միջին ու անգամ տարեց տղամարդիկ կարծես մեկ այլ Հայաստան են մարմնավորում՝ անհամատեղելի երեւանյան մեր Հայաստանին: Ամերիկայից, Ռուսաստանից ուրիշ տեղերից եկել-միացել են իրար, պինդ, առաջ գնալու պատրաստ, անտրտունջ: Հայաստանից ստացած օգնությունը հասնում է տղաներին՝ սնունդ, հագուստ, հուզիչ նամակներ: Դիրքերի պատերին՝ Մոնթե Մելքոնյանի հայտնի խոսքերը՝ «Եթե մենք կորցնենք Արցախը…», ծառայողների գրություններ, մաղթանքներ՝ «Հաղթական ու արի, ես կանգնած եմ իմ ու քո թիկունքի սահմանին» եւ այլն:

Տղաների ճաշի ժամն էր, մի դիրքում պոմիդորով ձվածեղ էին պատրաստում, մյուսում՝ երշիկ, խտացրած կաթ ու քաղցրավենիք էին հյուրասիրում, սննդամթերքով արկղեր ցույց տալիս, անգամ սառնարան կար՝ մթերքով լի: «Մենք չենք ուզում, որ նրանց մայրերը լացեն, մենք չենք իրենց մոտ եկել, նրանք են եկել, թող խաղաղությամբ էլ հեռանան»,- հորդորում էր նրանց տեր Բարսեղը: «Չհեռանան՝ կհեռացնենք, տեր հայր, արխային»,- ասում են տղաները: Երանի լսեն մեր տեր հորը ու հեռանան մեր հայրենիքի սահմանից՝ խաղաղությամբ:

 
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
Մարտակերտ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930