Ապրիլի 2-5-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած սահմանային բախումներում ՀՀ քաղաքացիությամբ տասնյակ զինվորականների ու աշխարհազորայինների զոհվելուց հետո, վերջապես, մի համարժեք եւ ճիշտ քայլ կատարվեց Հայաստանում, այն է՝ պաշտոնանկ արվեցին ՀՀ պաշտպանության փոխնախարար եւ երկու վարչությունների, թե զորքերի պետեր, գեներալական կոչումներով ՝ Ա. Միրզաբեկյան, Ա. Կարապետյան, Կ. Մուրադյան։ Հայտնի է, որ հիշյալ անձինք պաշտոնանկ արվեցին ՀՀ նախագահի հրամանագրերով, բայց առանց պատճառների հստակեցման։ Հնարավոր է պատճառը անգործությունը կամ պարտականությունների անպատշաճ կատարումն է եղել, ինչի արդյունքում ապրիլին շուրջ ինը տասնյակ զոհեր եղան հայկական կողմում։ Նույնքան հնարավոր է՝ հիշյալ անձինք պաշտոնանկ են արվել պետական միջոցների յուրացումների կամ վատնումների համար։
ՀՀ ՊՆ ղեկավար կազմում, ԶՈւ գլխավոր շտաբում այնքան զբաղեցրած պաշտոններին չհամապատասխանող անձինք կան, որ եթե երեքի փոխարեն երեսունը կամ երեք հարյուրն էլ պաշտոններից ազատվեն, նույնիսկ արդարադատության առաջ կանգնեցվեն՝ անգործության կամ հանցագործությունների ամբաստանությամբ, դժվար թե զարմացող գտնվի։ Վատ է միայն այն, որ բովանդակ ՊՆ-ում, զինվորների դիակների ետեւում թաքնվող անհամար գեներալների թվում չգտնվեց գոնե մեկը, որ սեփական հրաժարականի դիմում ներկայացներ՝ ապրիլյան տասնյակ զոհերին ի տես։ Նման վարքի համար առանձնակի մտավոր, հոգեւոր ու բարոյական անկման պետք է հասած լինել, ինչը, երեւում է՝ տարածված մի բան է ՀՀ ՊՆ ղեկավար կազմում եւ ոչ միայն։
Վերջապես, ՊՆ-ում գոնե Միհրան Պողոսյանի չափ էթիկա ու ճկունություն չունեն, որ վերահաս պաշտոնանկությունից առաջ իրենք քայլ կատարեն ու հրաժարականի դիմում ներկայացնեն։ Գոնե եռյակ պաշտոնանկություններից հետո մնացյալը հետեւություն անեն, եւ մի քանի դիմումներ գրվեն։ Չնայած՝ անփառունակ հեռացվելը ՊՆ պաշտոնյաներից շատերի դեպքում երեւի ճակատագրի ավելի ճիշտ տնօրինություն է։
Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում