Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորագրված ցուցակների հրապարակման անհրաժեշտություն կա

Ապրիլ 28,2016 15:30

Հետեւաբար, երբ պետական այրերը մեկնաբանում են, թե ՍԴ-ն արգելել է
կամ ՍԴ-ի որոշմամբ արգելված է ստորագրված ցուցակների հրապարակումը՝ ակնհայտ սուտ է:

Ներկայումս Հայաստանն ունի ժողովրդի մեծամասնության կողմից մերժված տոտալիտար սահմանադրություն, հետեւաբար, այսուհետ երկրում ընդունվող բոլոր օրենքները պետք է համապատասխանեցվի դրան: Ըստ այդմ՝ նոր ընտրական օրենսգրքի նախագիծը եւս բխում է այդ սահմանադրությունից եւ նրա դրույթները նպատակաուղղված են իշխող քաղաքական կուսակցության խորհրդարանում կայուն մեծամասնություն կամ գերակայություն ունենալուն, իսկ նորամտությունները, ինչպիսիք են ռեյտինգային ցուցակների տարբերակը, քվեների կարմիր ու կանաչ երանգավորումները, էլեկտրոնային գրանցման տեխնոլոգիան, ընտրությունները կեղծելու նոր մեթոդներ են (սրանք առանձին թեմա են): Մտահոգիչ է նաեւ հետեւյալ խնդիրը. նախագծում տեղ չեն գտել նաեւ ԵԱՀԿ-ԺՄԻԳ հանրաքվեի փորձագիտական խմբի վերջնական զեկույցի առաջարկությունները, հատկապես՝ ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը, ցուցակների ճշտումը, բողոքների եւ բողոքարկումների համար օրենսդրական հիմքերի վերանայումը եւ այլն:

Նաեւ նկատվում է, որ իշխանությունները հիշյալ էական խնդիրները լուծելու համար կոնսենսուսի գնալու մտադրություն չունեն, այլ հաթաթաներ են տալիս, թե որեւէ զիջման չեն գնալու եւ ստորագրած ցուցակները չպետք է հրապարակվեն, քանզի Սահմանադրական դատարանը արգելել է (ՀՀԿ խոսնակ Էդ. Շարմազանով, կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյան):
Քանի որ ռեժիմը եւ պետական այրերը ամեն անգամ շահարկում են ՍԴ-ի որոշումը, ստորեւ դիտարկենք, թե իրականում ինչ է ասել Սահմանադրական դատարանը: Ինչպես գիտենք, 2012թ. Ազգային ժողովի Դաշնակցություն եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների 29 պատգամավորներ դիմել են ՍԴ պահանջով՝ ընտրական օրենսգրքի 11 հոդվածի 1-ին մասի, 31 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 33 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթները, ինչը արգելում է ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակումը, հակասահմանադրական ճանաչելու:

Դիմող կողմը փաստարկել է, որ ընտրողների ստորագրած ցուցակների գաղտնիացումը եւ դրանում պարունակվող տեղեկությունների հրապարակման բացարձակ սահմանափակումները հակասում են տեղեկատվություններ փնտրելու եւ ստանալու մարդու հիմնարար իրավունքներին եւ այլն: Պատասխանող կողմը առարկել է դիմողի փաստարկումներին՝ գտնելով, որ ընտրողների ստորագրած ցուցակների հրապարակման սահմանափակումն իրավաչափ նպատակ է հետապնդում, դրանք բացարձակ չեն եւ այլն:
ՍԴ-ն քննելով գործը, որոշում է կայացրել, որ վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը:

Դրույթները սահմանադրական ճանաչելու ապացույցները

Ի սկզբանե նկատելի է, որ դիմող կողմը վեճի առարկա դրույթները, երբ փաստարկել է որպես բացարձակ, թույլ է տվել իրավական սխալ, այսինքն՝ անտեսել է ընտրական օրենսգրքի մեկ այլ նորմ, ինչը դրույթները դարձնում են մատչելի: ՍԴ-ն այդ խնդիրը որոշման 3-րդ կետում պարզաբանել է հստակ. «Վեճի առարկա դրույթների սահմանադրականության հարցը անհրաժեշտ է քննության առնել դրանց համակարգային ամբողջականության մեջ՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 11 հոդվածի 1-ին մասի՝ հրապարակման ենթակա չի համարվում ընտրողների ստորագրած ցուցակները եւ այլն, ինչպես նաեւ 48 հոդվածի 14-րդ մասն արտոնում է համապատասխան իրավասուբյեկտներին քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթացում ծանոթանալ այդ ցուցակներին եւ ինքնուրույն քաղվածքներ կատարել»:
Դիմող կողմի սխալն ակնհայտ է եւ հիշյալ հիմքով կամ ապացույցով դատարանը կայացրել է հիմնավոր որոշում:

Ինչպես նկատեցինք, դիմող կողմը եւ պատասխանող կողմը վեճի առարկան փաստարկելիս օգտագործել են «բացարձակ» տերմինը՝ բացարձակ սահմանափակում, տեղեկատվության իրավունքը բացարձակ չէ, իսկ ՍԴ-ն որոշման 3-րդ կետում շեշտադրել է, որ նման իրավակարգավորումը հիմք է տվել Սահմանադրական դատարան դիմած ԱԺ պատգամավորներին պնդելու, որ առկա է ստորագրված ցուցակների բացարձակ գաղտնիացում, որոշման 6-րդ կետում նշել է, որ անհիմն է այն պնդումը, որ օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի եւ այլ դրույթներով նախատեսված արգելքը բացարձակ է:
Բացարձակ (cogens՝ լատիներեն) իրավական կատեգորիա է եւ ցույց է տալիս իրավական նորմի բնույթը, ըստ այդմ՝ իմպերատիվ կամ բացարձակ նորմի դիսպոզիցիան բովանդակում է վերջնական կամ կտրուկ կարգ, կամ պարտադիր ձեւ եւ կենսագործող սուբյեկտները չեն կարող փոխել դրանք (օրինակ, քաղաքացիական օրենսդրությամբ մի շարք գործարքների կնքումը պահանջում է պայմանագրի գրավոր ձեւ եւ եթե կողմերը այդ կարգը չեն պաշտպանում, ապա գործարքը ճանաչվում է անվավեր): Ուստի Սահմանադրական դատարանը երբ ասել է վեճի առարկա դրույթները բացարձակ չեն, նշանակում է՝ դրանք իմպերատիվ նորմեր չեն, այսինքն՝ դրույթների դիսպոզիցիան պարտադիր կամ կտրական բնույթ չունեն: Հետեւաբար, ՍԴ-ի որոշումը վերաբերում է վեճի առարկա դրույթները բացարձակ կամ իմպերատիվ նորմեր չլինելուն: Իրավ, դրույթները բացարձակ չեն, այլ դիսպոզիտիվ: Դիսպոզիտիվ (լատիներեն՝ dispono) նորմը՝ ի տարբերություն իմպերատիվի, սուբյեկտներին հնարավորություն է ընձեռում ղեկավարվել իրենց կամքով եւ հայեցողությամբ եւ փոխադարձ զիջմամբ ընդունել այլ տարբերակներ եւ պայմաններ, այսինքն՝ գործում է ազատ ընտրության կանոնը կամ սկզբունքը: Այս պարագայում տրամաբանական հարց է ծագում՝ եթե վեճի առարկա դրույթները դիսպոզիտիվ կամ հայեցողության նորմեր են եւ գործում է ազատ տնօրինման սկզբունքը, ինչո՞ւ է Ազգային ժողովը արգելել ստորագրված ցուցակների հրապարակումը:

ՍԴ-ն անդրադառնալով դրույթների սահմանափակումների խնդրին, պարզաբանել է, որ դատարանը պաշտպանում է ԵԱՀԿ «Մարդու իրավունքների ժողովրդավարական հաստատությունների գրասենյակի» եւ «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) այն դիրքորոշումները, որոնց համաձայն՝ քվեարկությանը մասնակցածների կողմից ստորագրված եւ լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում, համարվում է գաղտնիության տարրերից մեկը եւ հրապարակման ենթակա չեն: Այսինքն՝ ՍԴ-ն դրույթների օրենսդրական սահմանափակումները համարել է իրավաչափ:
Վեճի առարկայի առնչությամբ ՍԴ-ի ամբողջական պարզաբանումները սրանք են, իսկ որոշման շրջանակները՝ հետեւյալը.

1. Սահմանադրական դատարանը ընտրական օրենսգրքի 11 հոդվածի 1-ին մասի եւ այլն դրույթները ՀՀ սահմանադրությանը համապատասխան է ճանաչել, դրանք բացարձակ կամ իմպերատիվ նորմեր չլինելու առնչությամբ:

2. ՍԴ-ն ընտրողների ստորագրած ցուցակները հրապարակելու օրենսդրական սահմանափակումներին հավանություն է տվել կամ դատարանը իր կարծիքն է հայտնել:
Հետեւաբար, երբ պետական այրերը մեկնաբանում են, թե ՍԴ-ն արգելել է կամ ՍԴ-ի որոշմամբ արգելված է ստորագրված ցուցակների հրապարակումը՝ ակնհայտ սուտ է:
Հիմա դիտարկենք ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն միջազգային կառույցների դիրքորոշումների եւ ՍԴ-ի տպավորության հիմքերի՝ «քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում», «քվեարկության գաղտնիության տարրերից մեկն է» հասկացությունների էությունը:

1. Քվեարկության գաղտնիության սկզբունք նշանակում է, որ բացի ընտրողից, ոչ ոք իրավունք չունի իմանալու նրա արտահայտած անհատական կամքի բովանդակությունը եւ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու ընտրողի կամքի արտահայտմանը: Այս սկզբունքը ամրագրված է միջազգային իրավունքում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, 21-րդ հոդված, եւ Կոպենհագենի կոնֆերենցիայի 7-րդ հոդվածի 4-րդ կետում:

2. Քվեարկության գաղտնիության խախտումը կամ արարքը պաշտպանվում է քրեական օրենքի ուժով (իմպերատիվ նորմ) եւ այդ հանցագործության կազմի օբյեկտիվ կողմի սպառիչ տարրերը կամ հատկանիշները հետեւյալն են.

ա) քվեարկության ժամանակ քվեները լրացնելուն խոչընդոտելը կամ ներազդելը,
բ) քվեարկության ժամանակ կամ պահին, երբ ընտրողը գտնվում է քվեարկության խցում, այլ անձանց մուտք գործելը թույլատրելը,
գ) քվեարկության տեղը (սենյակը, զետեղարանը) հատուկ սարքավորելու պարտականությունը չկատարելը (տես՝ ԽՏՎՎպվՑՈՐՌռ ձԽ, ՀՂ, ԾՏրՍՉՈ, ԾՏր. չՏր. ՇՐՌ. ԸՍՈՊպՎՌÿ, րՑ. 390):

Դիտարկված հենքերի պարագայում ստորագրված ցուցակների հրապարակումը որեւէ կապ չունի քվեարկության գաղտնիության սկզբունքի հետ, քանզի քվեարկության գաղտնիությունը վերաբերում է բուն քվեարկությունը կատարելու պահին (րՌþ ՎՌվցՑց), մինչդեռ ստորագրված ցուցակների հրապարակումը հետընտրական գործընթաց է:
Նաեւ ցուցակների հրապարակումը քվեարկության գաղտնիությունը խախտելու արարքի կազմի տարրը կամ հատկանիշը չի հանդիսանում եւ այդ հանգամանքը որեւէ պատասխանատվություն չի առաջացնում (հանցանք կամ զանցանք չէ): Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի հորդորներին, դրանք ինքնին խորհուրդների կամ բացատրական բնույթ ունեն եւ ըստ էության իրավական հետեւանքներ չեն առաջացնում, ինչպես նաեւ պարտադիր կամ կտրական չեն որեւէ պետության օրենսդիր մարմինների համար:
Ըստ այդմ՝ ՍԴ-ն «ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն» հարցի առնչությամբ պաշտպանել է դիրքորոշումներ, որոնք իրավական նորմերի ամրագրում, ինչպես նաեւ համընդհանուր կատարման բնույթ չունեն, այլեւ խորհրդատվություններ կամ կարծիքներ են եւ այս հենքերով դատական որոշումներ ընդունելը կամ պարզաբանումներ անելը անթույլատրելի է եւ նշանակում է օրենքն անալոգիայով կիրառում:
Հետեւաբար, ստորագրված ցուցակների հրապարակումը թույլատրելի է եւ այդ խնդիրը Ազգային ժողովի հայեցողությունն է:

Անհիմն է նաեւ պետական այրերի այն պատճառաբանությունները, թե արտերկրներում ցուցակները հրապարակելու պրակտիկա չկա: Բանը նրանում է, որ ժողովրդավարական երկրներում իշխանությունները անց են կացնում արդար ընտրություններ, իսկ պատկան մարմինները աշխատում են ազնիվ ու մաքուր, ինչի շնորհիվ ցուցակների հրապարակման հարցը երբեք չի վիճարկվում, մինչդեռ Հայաստանի պարագայում, երբ իշխանությունները հենց իրենք են կազմակերպում ընտրությունների կեղծումը, ապա ցուցակների հրապարակման անհրաժեշտություն է առաջանում եւ դրանով կխափանվի հանրապետությունում չգտնվող քաղաքացիների փոխարեն քվեարկելու տարածված վարակը (Հայաստանում 2 մլն մարդ չի մնացել, ցուցակներում ընդգրկում են 2,5 մլն ընտրող, իսկ հանձնաժողովականները ապահով քվեարկում են նրանց փոխարեն, որքան պետք է):
ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ
27.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930