Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարվել հայցորդության համակարգից եւ կրճատել մասնագիտական խորհուրդների կազմը

Ապրիլ 28,2016 15:00

ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանի դիտարկումները

Լույս է տեսել «Ասպիրանտուրայից դոկտորանտուրա» գիրքը, որի հեղինակներն են Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահի տեղակալ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Ատոմ Մխիթարյանը եւ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը:

«Առավոտի» հետ զրույցում Ատոմ Մխիթարյանը նշեց, որ գրքի հիմքում դրված է այն ամենը, թե ինչ ունենք բարձրագույն կրթության երրորդ մակարդակում՝ ասպիրանտուրայում: «Հայաստանում դա կոչվում է ասպիրանտուրա՝ ի տարբերություն Արեւմտյան Եվրոպայի դոկտորանտուրայի: Համեմատություններ ենք արել: Մեկ առանձին գլուխ տրամադրված է դոկտորանտուրայի զարգացման հայեցակարգային հիմնախնդիրներին, արդյունավետության բարձրացմանը»,- հայտնեց ԲՈՀ-ի նախագահի տեղակալը:

Նա հավելեց, որ «Ասպիրանտուրայից դոկտորանտուրա» գրքի գաղափարը ծնվել է անցյալ տարի, երբ ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկեց ՏԵՄՊՈՒՍ-ի շրջանակներում իրականացվող ՎԵՐԻՏԱՍ (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ծրագիրը:

Ծրագրում ներգրաված են Հայաստանի առաջատար բուհերը, ԿԳ նախարարությունը, բարձրագույն կրթության երրորդ աստիճանի հետ կապված կառույցները՝ այդ թվում ԲՈՀ-ը: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի հետբուհական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին եւ Զալցբուրգյան սկզբունքներին:

Ատոմ Մխիթարյանը նշում է. «Անցյալ տարվա նոյեմբերին մենք ծրագրի շրջանակում 4 երկիր այցելեցինք: Միաժամանակ ուսումնասիրություններ արեցինք եւ ամփոփեցինք այս գրքում: Ուսումնասիրել ենք եվրոպական փորձը, կողքին դրել ենք մեր ունեցածը, եւ այդ երկուսի համեմատության արդյունքում առաջարկություններ են ծնվել, որոնք ամբողջ մի գլխով ամփոփված են գրքում: Գիրքը նախատեսված է հատկապես կրթության ու գիտության կառավարման հարցերով զբաղվողների համար: Այստեղ ե՛ւ պատմությունն է ներկայացված, ե՛ւ առաջարկություններ կան՝ լավագույն փորձի հիման վրա»:

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով եվրոպական փորձից հատկապես ի՞նչը կարելի է տեղայնացնել Հայաստանում. «Հայաստանում իրականացվող բարեփոխումների շրջանակում մի քանի բան ուզում ենք կյանքի կոչել, օրինակ՝ մասնագիտական խորհուրդների թվակազմի պակասեցումը, որպեսզի ավելի խիստ եւ ներկայացուցչական կազմով հանդես գան մասնագիտական խորհուրդները, պաշտպանությունների ժամանակ ոչ թե 20 հոգով հավաքվեն, որոնց մի մասն ընդհանրապես մասնագետ չէ: Դա, բնականաբար, ազդում է հայցորդի գիտական աստիճան շնորհելու կամ չշնորհելու որոշման կայացման վրա: Երկրորդ առաջարկը, որ վերցրել ենք Արեւմտյան Եվրոպայից, այն է, որ ընթացքը ասպիրանտուրայում շատ մանրամասն հսկվի: Մարդը պետք է ամբողջ ընթացքում ինչ-որ գործ անի, որպեսզի վերջում ձախողելու հավանականությունը քչանա: Օրինակ, Արեւմտյան Եվրոպայում ատենախոսության ձախողման հավանականությունը գրեթե զրոյի է հավասարեցված, մինչդեռ մեզ մոտ ատենախոսությունների 17%-ը ԲՈՀ-ը չի հաստատում: Սրանք վերջին երկու տարվա տվյալներն են: Դա վկայում է այն մասին, որ թույլ է հսկողությունը, մարդը ընդունվում է ասպիրանտուրա, մեկ էլ հայտնվում է այն ժամանակ, երբ ատենախոսությունը պատրաստ է լինում պաշտպանելու, իսկ ընթացքում՝ ի՞նչ է լինում, արդյոք տպագրո՞ւմ է հոդվածներ, մասնակցո՞ւմ է կոնֆերանսների, զեկուցումներով հանդես գալի՞ս է, ոչ մեկը չի հետեւում: Կարծում ենք, որ կարելի էր կրեդիտներ հավաքել, ու դրանով ապահովել ընթացքը»:

Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 014 մասնագիտական խորհրդի նախագահ Յուրի Սուվարյանի՝ փետրվարին «Առավոտում» հայտնած այն դժգոհությանը, թե պետք է մուտքը ասպիրանտուրա եւ հայցորդություն՝ խստացվի, խստացվի նաեւ ղեկավարների, ամբիոնների, բաժինների գործունեությունը, այլապես ամեն մի անմակարդակ գիտական աշխատանք կարող է հասնել խորհուրդ ու վերջինիս դնել ծանր կացության մեջ:
«Ողջունելի է պարոն Սուվարյանի առաջարկը: Մենք առաջարկում ենք ընդհանրապես հանել հայցորդության համակարգը, որը Խորհրդային Միությունում առաջացել է Հայրենական պատերազմից հետո: Քանի որ Խորհրդային Միությունը պատերազմի պատճառով զոհեր էր ունեցել ու կադրերի պակաս կար, եւ երկար տարիներ կարող էր սպասել, որ մարդը ասպիրանտուրա ընդունվեր, հետո պաշտպաներ, դրա համար ժամանակավորապես ներդրվեց հայցորդության մեխանիզմը: Մի խոսքով, դա խորհրդային ժամանակների մնացուկ է, որը դարձել է ասպիրանտուրան շրջանցելու միջոց. մարդն ընդունվում է հայցորդության համակարգ՝ առանց որեւէ քննություն տալու, հետո էլ կարող է հանգիստ գնալ պաշտպանության: Մենք գտնում ենք, որ անհրաժեշտ է դրանից օր առաջ հրաժարվել հայցորդության համակարգից եւ Հայաստանում թողնել միայն առկա եւ հեռակա ասպիրանտուրան, ընդ որում՝ անունն էլ փոխել համաշխարհային հանրությանը հայտնի բառով՝ դոկտորանտուրա: Գիտական աստիճանն էլ ոչ թե թեկնածու լինի, այլ դառնա դոկտոր»,- ասաց Մխիթարյանը:

Ըստ Ատոմ Մխիթարյանի, Հայաստանում ամեն բան չէ, որ պետք է ներմուծել Արեւմտյան համակարգից: «Մենք էլ ահագին տալու բան ունենք, օրինակ՝ երկրորդ գիտական աստիճանը, որը Արեւմտյան Եվրոպայում հիմնականում բացակայում է, կամ միացել է պրոֆեսուրայի հետ: Մենք մտածում ենք, որ դա պետք է պահել, ինչը կլինի Բոլոնիայի գործընթացի մեր յուրօրինակ ներդրումը»,- համոզված է ԲՈՀ-ի նախագահի տեղակալը:

 
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930