Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Հայաստանի իշխանությունում. «Ժամանակ»

Ապրիլ 28,2016 10:53

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ խորհրդարանում հանդես է եկել հետաքրքրական, ըստ էության՝ նույնիսկ մարտական հայտարարություններով: Ի պատասխան հարցի, որ հնչեցրել է պատգամավոր Թեւան Պողոսյանը, թե արդյո՞ք չեն պատրաստվում կառավարությունում կադրային փոփոխություններ՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմն ու առաջ բերած հարցերը, Հովիկ Աբրահամյանը պատասխանել է, որ իրենք նայում են ապագային եւ մոռանում են անցյալը:

Այս բազմիմաստ արտահայտությունը վկայում է իշխանության ներսում առկա իսկապես բարդ ու անկանխատեսելի իրավիճակի մասին, հատկապես եթե հաշվի առնենք, որ նույն օրը քաղաքական խաղի մեջ է ներգրավվել արտաքին գործերի նախկին նախարարի նախաձեռնած կուսակցությունը, որը ոչ այլ ինչ է, քան երկրորդ նախագահի քաղաքական պլանների, հաշվարկների կամ հավակնությունների սպասարկման մեխանիզմ: Եվ որքան էլ Վարդան Օսկանյանը հայտարարի, թե որեւէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, Հովիկ Աբրահամյանը հո գիտե, թե ինչպիսին է այդ կապը, կամ կա այն, թե՝ ոչ:

Եվ այս իմաստով, արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը հայտարարելով անցյալը մոռանալու մասին՝ չէր ակնարկում Ռոբերտ Քոչարյանին, որ իր հետ հույս չկապեն, չակնկալեն, որ ինքը կարող է իշխանության ներսից օգնել Վարդան Օսկանյանի կուսակցությանը իշխանությունը վերցնելու հարցում: Եվ միգուցե Հովիկ Աբրահամյանը հայտարարելով անցյալը մոռանալու մասին՝ ակնարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանն այլեւս իր հետ «պատահական» հանդիպումներ չփնտրի օդանավերում:

Այս համատեքստում ապագային նայելու հայտարարությունն էլ բավական բազմիմաստ է: Հովիկ Աբրահամյանը կամ ակնարկում է, որ իր ապագան տեսնում է Սերժ Սարգսյանի խաղում լոյալության մեջ, կամ էլ ակնկալում է, որ Սերժ Սարգսյանն էլ շատ շուտով, առավելագույնը երկու տարի անց կդառնա անցյալ, եւ ապագան արդեն կմնա իրեն, եւ հետեւաբար՝ որքան շուտ եւ կտրուկ մոռանա անցյալը, այնքան շուտ ապագան կհիշի իրեն:

Հայաստանի իշխանական համակարգը հայտնվել է իսկապես բարդ իրավիճակում: Քառօրյա պատերազմը մերկացրել է համակարգը, դրան գումարվել է այն, որ գործնականում ոչ ոք չգիտե, թե ինչ է կատարվում արտաքին հարթության վրա ղարաբաղյան հարցի սցենարների մասով: Ամենատեղեկացվածը ենթադրվում է, որ պետք է լինի Սերժ Սարգսյանը, այն էլ՝ իշխանական համակարգի համեմատությամբ: Սարգսյանն էլ ոչ ոքի չի ասում ոչինչ եւ այս տեսանկյունից էլ չափազանց խոսուն էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությունը ՊՆ-ում կադրային փոփոխությունների մասին: Ի պատասխան Սերժ Սարգսյանի այդ որոշումների մեկնաբանության լրագրողական հարցման՝ Բաղդասարյանն ասել էր, որ Սերժ Սարգսյանը իրենց հետ չի քննարկել այդ որոշումները, եւ ինքը չի կարող որեւէ բան ասել:

 Արամ Ամատուն

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930