Լրահոս
Օրվա լրահոսը

Պրիմա պարուհին հայտարարում է «թոշակի գնալու» մասին

Ապրիլ 28,2016 14:30

Ժակլին Սարխոշյանին օպերային թատրոնը «բերման է ենթարկել»՝
իր բեմադրությանը տեր կանգնելու համար

Խորհրդային տարիներին երեւանյան թատրոններում բեմադրություններ էին իրականացնում նաեւ հրավիրյալ ռեժիսորներ ոչ միայն ԽՍՀՄ-ից, այլեւ արտասահմանից: Նոր ժամանակներում այս աշխատաոճը դադարեց գործել, ամենայն հավանականությամբ՝ ֆինանսական պատճառներով:

Այսօր միայն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն է, որտեղ դեռեւս հրավիրվում են բեմադրիչներ. 2009թ. Յուրի Գրիգորովիչի խորեոգրաֆիայով բեմադրվեց Ա. Խաչատրյանի «Սպարտակը», 2010-ին իտալացի Մարիո Կորրադին իրականացրեց Վերդիի «Աիդա» օպերան, ով, ի դեպ, աշխատում էր իր համերկրացի, լուսային ինժեներ Անդրեա Բորելիի հետ: Ընդունված կարգի համաձայն, հրավիրյալ արվեստագետը եթե բեմադրություն է իրականացնում, ապա նա չգրված օրենքով պարտավորություն է կրում իր իսկ բեմադրության հետագա ճակատագրի համար այնքան ժամանակ, ինչքան այն ընդգրկված է տվյալ թատրոնի խաղացանկում: Օրինակ, վերջերս «Սպարտակի» ներկայացումը, որն անցավ փայլուն, փորձերն անցկացնում էր Յուրի Գրիգորովիչի ասիստենտը՝ Ռուսլան Պրոնինը: Նշենք, որ թատրոններում, այդ թվում՝ օպերայինում, բեմադրություններ են իրականացնում նաեւ հայաստանցի հրավիրյալ ռեժիսորներ եւ բալետմայստերներ:

10177502_643186535774430_54

Օպերային թատրոնում խստագույնս ուշադրություն է դարձվում նաեւ այն հանգամանքի վրա, որ անկախ որեւէ բանից՝ բեմադրիչը Հայաստանում է, թե արտասահմանում, եթե նշանակված է նրա ներկայացման օրը, ապա անպայման պետք է հենց ինքը վարի փորձերը:

Մայիսի 4-ին նշանակված Էդուարդ Համբարձումյանի երաժշտությամբ «Երազը» բալետային ներկայացման համար թատրոնի ղեկավարությունը Լիբանանից «բերման է ենթարկել» պրիմա պարուհի, բալետմայստեր Ժակլին Սարխոշյանին, որի խորեոգրաֆիայով հիշյալ բալետը բեմադրվեց 2012թ. եւ ընդգրկվեց խաղացանկ:
«Առավոտի» հետ զրույցում Ժակլին Սարխոշյանը հայտնեց, որ Լիբանանում էր Համազգայինի գեղարվեստի դպրոցի հրավերով եւ սկսել էր Պրոկոֆեւի «Մոխրոտը» բալետի բեմադրական աշխատանքները: «Անշուշտ, ցանկալի չէր, որ Լիբանանում բեմադրական աշխատանքների ընթացքում դադար լիներ, բայց ամեն դեպքում՝ թատրոնի ղեկավարությունը ճիշտ է վարվել, այո, յուրաքանչյուր ռեժիսոր կամ բալետմայստեր ինքը պետք է տեր կանգնի իր կատարած աշխատանքին»,- նշեց պարուհին:

_23P0051

Պարուհին՝ իր բեմադրած «Երազ»-ում:

Ժակլին Սարխոշյանը հաստատեց մեզ հասած տեղեկությունը, թե մտադիր է հրաժեշտ տալ բեմին: Այս առիթով նա ասաց. «Դեռ չգիտեմ՝ կոնկրետ երբ, բայց որ դա կլինի հաջորդ թատերաշրջանին, որոշումս հաստատ է: Պետք է հեռանալ ժամանակին եւ գեղեցիկ»:
Մեր զրուցակցին տեղեկացրինք բալետի արտիստների առիթով Յուրի Գրիգորովիչի ասիստենտ Ռուսլան Պրոնինի հետեւյալ միտքը՝ Մեծ թատրոնում 38 տարեկանից բալետի արտիստը թոշակի է գնում, իհարկե՝ զուգահեռ դասավանդելով կամ՝ եթե ունի բալետմեյստերական կրթություն, ձիրք, իրականացնի բեմադրություններ: Մինչդեռ հայ բալետի արտիստներն ու պետական անսամբլների պարողները թոշակի են անցնում ընդհանուր հիմունքներով՝ 63 տարեկանում: Այս մասին ժամանակին քանիցս գրել է «Առավոտը», սակայն համապատասխան մարմինների կողմից ոչ մի արձագանք: Էլ չենք խոսում այն մասին, որ Արեւմուտքում բալետի արտիստը 20 տարի աշխատելուց հետո թոշակավորվում է, իսկ օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը իր պարողներին տրամադրում է 40 հազար եվրո, որ ցանկության դեպքում նրանք այլ մասնագիտություն ձեռք բերեն: «Այն, որ բալետի արտիստը 63 տարեկանում պետք է անցնի թոշակի, սա ծիծաղելի է: Իմ դեպքում՝ կշարունակեմ մանկավարժական ու բելետմայստերական գործունեությունս, բայց մտածում եմ կոլեգաներիս մասին… Իսկ ինչո՞վ են ապրելու, թոշակո՞վ: Ստացվում է, որ ինչ-ինչ միջոցներով դեռ պետք է հասնես 63 տարեկանի, հետո նոր ստանաս «բաղձալի» թոշակը…»,- մեր դիտարկմանն ի պատասխան՝ ասաց ՀՀ վաստակավոր արտիստը:

11178191_10155519261640424_

Սարխոշյանը՝ գեղարվեստի դպրոցի սաների հետ:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ քառօրյա պատերազմին, որի ժամանակ արվեստագետը գտնվում էր հայրենիքից դուրս: «Միայն պատկերացնեիք լիբանանահայ համայնքի անհանգստության չափը եւ նույնիսկ արաբների արձագանքը պատերազմի առիթով: Նրանք ասում էին, ինչ է, Թուրքիան ու Ադրբեջանը հիմա էլ մտածել են 21-րդ դարասկզբո՞ւմ եղեռնագործություն իրականացնել հայերի հանդեպ… Եղան դատապարտող հավաքներ, ինչպես նաեւ համայնքը կազմակերպեց դրամահավաք: Հանգանակվեց շուրջ 275 հազար դոլար…»,- հավաստիացրեց Ժակլին Սարխոշյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Ժակլին Սարխոշյանը «Սպարտակում»՝ Ֆրիգիայի դերապարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930