Ճիշտն ասած, հրատապ խնդիրների մասին այնքան շատ է խոսվում եւ գրվում, որ վերջերս իմ մեջ մեծ ցանկություն է առաջացել գոնե երբեմն իմ սյունակներում անդրադառնալ, այսպես ասած, «արմատներին»:
Ինչպես է ստացվում, որ այն, ինչ մենք անվանում ենք «4-օրյա պատերազմ», ազդել է հասարակական տրամադրությունների եւ քաղաքացիների գիտակցության վրա, բայց գրեթե չի ազդել քաղաքական վերնախավի եւ հատկապես իշխանության վրա: 25 տարի խոսվում է այն մասին, որ իշխանությունը «ազգասեր» չի, «մենակ իր գրպանի մասին է մտածում» եւ այլն: Այդ գնահատականները մեծ մասամբ տեղին են, բայց դրանք սխալ ուղղությամբ են տանում հասարակության պահանջները: Մեզ պետք չէ «ազգը սիրող» կամ «ազգի մասին մտածող» իշխանություն` դրանք չափազանց սուբյեկտիվ քնարական զեղումներ են:
Մեզ պետք է իշխանություն, որը ադեկվատ կարձագանքի հասարակության պահանջներին: Իհարկե, կասեք՝ դրա համար լեգիտիմություն է պետք: Դա, իհարկե, գեղեցիկ է հնչում, բայց իրականությունն այլ է: 90-95 թվականների Գերագույն խորհրդի, 91-96 թվականների նախագահի լեգիտիմությունը գրեթե ոչ ոք կասկածի տակ չի առնում: Բայց (իհարկե, ընկերներս ինձ հետ կվիճեն) այն ժամանակ էլ իշխանությունն անհաղորդ էր քաղաքացիների պահանջներին, անտարբեր էր, մեծամիտ եւ հաճախ գռեհիկ: Այնպես որ՝ իշխանության ներկայիս «դանդաղաշարժության» պատճառը պետք է այլ տեղ փնտրել:
Հատկապես այսօր «քաղաքական վերնախավի» ներկայացուցիչները աչքի են զարնում իրենց մի տեսակ «ժամանակավրեպ», «ոչ տեղին» դրսեւորումներով: Գուցե ճշգրիտ բառը չեմ գտնում, եւ հիմա ասվում են շատ ավելի խիստ, շատ ավելի ծանր բառեր, բայց ավանդական որակումներն էլ ամբողջությամբ չեն բնութագրում երեւույթը: Իմ ընկալմամբ՝ նրանք 90-ականների «նոր հայերն» են, որոնք ոչ միայն ինչ-որ հրաշքով հայտնվել են 21-րդ դարում, այլեւ փորձում են այս` «ոչ իրենց» ժամանակում ինչ-որ հարցեր լուծել: Այդ «հարցերը» բխում են իրենց մտահորիզոնից` ինչ-որ բան «սեփականաշնորհել», ինչ-որ բիզնեսի մեջ խցկվել, ինչ-որ «օբէկտ աշխատցնել» եւ «մի կտոր հաց ուտել»: Այդ ամենը` «ազգասերի» եւ «մտածողի» տեսք ընդունելով: Այս տարիներին աշխարհի եւ Հայաստանի կտրուկ փոփոխությունների ֆոնին այդ բրածոները նման են մի մարդու, որը բարձր տեխնոլոգիաներին նվիրված գլոբալ ֆորումի ժամանակ կենաց է արտասանում «քավորի մոմենտով»:
Այդ «ոչ ադեկվատությունը» կար անցած 25 տարում, բայց այսօր առավել ցայտուն է եւ, թող թույլ տրվի ասել` զավեշտալի: «Անցյալից եկած մարդկանց» առկայությունը մասամբ բացատրվում է նրանով, որ քաղաքական դիսկուրսից առայժմ ամբողջությամբ չեն վերացվել «ազգասեր» լինելու պահանջը եւ այլ հնամաշ մոտեցումները: «Ազգասիրության» հեղհեղուկ դաշտում այդ «դինոզավրերը» դեռ ասելիք ունեն, որովհետեւ դա ի վերջո նույն` «քավորի մոմենտով» կենացի տարբերակն է:
Բայց դրա ժամանակը սպառվում է: Ընդ որում` սպառվում է սրընթաց կերպով: Պահանջը հիմա դրվելու է շատ ավելի կտրուկ` կատարեք ձեր պարտականությունները պետության առջեւ: Իսկ թե ում եք դուք սիրում եւ ինչ եք մտածում` ձեր գործն է:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նպատակին հասնելը ենթադրում է դժվարությունների հաղթահարում, երբ մարդ ուզում է հասնել իր նպատակին, նա իր համաձայնությունն է տալիս հաղթահարել այդ դժվարությունները, դրա համար երբ փոքր տարիքից երեխային խրախուսում են նպատակներ ու ցանկություններ ունենալ (՝՝Ուզո’ւմ եմ՝՝) եւ օգտվելով այդ հնարավորությունից նրան խաղի ձեւով հաղթահարելի խոչընդոտներ ստեղծում եւ անպայման իր ուզածին բերում, այդ երեխան հաջողակ է մեծանում: Երբ չիկարելիներով ու նախատինքներով են մեծացնում՝ հակառակն է ստացվում, ինչքան էլ այդ չիկարելիները բարձր բարոյական թե տրամաբանական իմաստ են պարունակում: Կարճ ասած՝ ասա Ուզո’ւմ եմ ու հասի քո ուզածին, այն ինչ որ քո ուժերից վեր է ուզածիդ հասնելու համար, դա էլ Աստված կանի քեզ համար: Անհաջողություններն ու անաստվածությունը սկսվում է այն պահից, երբ ասում ես ՝՝Չե’մ ուզում՝՝:
Իշխանությունը՝ ոչ ազգասեր (ազգի թշնամի) Հայաստանի քաղաքացիներ են:
Իշխանության անդամները հասարակության մասն են:
1990-1995 թվականների Գերագույն խորհրդի պատգամավորներ էին եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Գագիկ Հարությունյանը, եւ Տիգրան Սարգսյանը եւ, Սերժ Սարգսյանը, եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ…
91-96 թվականների նախագահի «լեգիտիմությունը»՝ շուն ըլնի, թե գել ըլնի, մենակ կոմունիստ չըլնի:
“«Ազգասիրության» հեղհեղուկ դաշտում այդ «դինոզավրերը» դեռ ասելիք ունեն, որովհետեւ դա ի վերջո նույն` «քավորի մոմենտով» կենացի տարբերակն է:”
Դրա պատճառը` Հայերը (Հայ մարդիք) քիչ են, իսկ շնագայլերը շատ: