Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդհանուր հարկային մուտքերը գրեթե 1,4 միլիարդով նվազել են. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 28,2016 08:33

Պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակեց այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Ըստ այդմ, Հայաստանում գործող հազար խոշոր ընկերություններ պետական բյուջե են վճարել 156,5 մլրդ դրամ։

Ի տարբերություն ընդհանուր հարկային մուտքերի, որոնք գրեթե 1,4 միլիարդով նվազել են, խոշորների դեպքում աճ է արձանագրվել։ Վճարված հարկերն ավելացել են շուրջ 4,3 մլրդ դրամով։ Ընդ որում, դա արտահայտվել է հիմնականում առավել խոշորների վճարումների հաշվին։ Ցանկի առաջին երկու տասնյակում ընդգրկված հարկատուների կատարած հարկային պարտավորությունները տարեսկզբի առաջին երեք ամիսներին ավելացել են գրեթե 4,2 մլրդ դրամով։

Կրճատվել են խոշորների առաջին տասնյակում գտնվող գործարար Ս.Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերության հարկային պարտավորությունները։ Բազմաթիվ ապրանքների ներմուծման եւ ներքին շուկայում արտադրական ու առեւտրային գործունեություն իրականացնող այս ընկերությունը տարեսկզբի առաջին երեք ամիսներին պետական բյուջե է փոխանցել 3,3 մլրդ դրամ։ Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածից պակաս է շուրջ 627 միլիոնով։

Առաջին եռամսյակում ցանկից ընդհանրապես դուրս է մնացել Ս.Ալեքսանյանին պատկանող «Սամ-Սեր Գրուպ» ընկերությունը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն պետական բյուջե էր փոխանցել գրեթե 560 մլն դրամ։ Կրճատվել են նաեւ նույն գործարարին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերության հարկային պարտավորությունները։

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վճարած հարկերը առաջին եռամսյակում նվազել են 500 մլն դրամով։ Դրանք կազմել են 4,1 մլրդ դրամ։ Ավելի քան 750 միլիոնով պակաս գումար է փոխանցել պետական բյուջե «ԱրմենՏելը»։

Կտրուկ կրճատվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հարկային պարտավորությունները։ Նախորդ տարվա 4 միլիարդի դիմաց այս տարվա առաջին երեք ամիսներին ընկերությունը պետական բյուջե է փոխանցել 2 մլրդ դրամից պակաս գումար։

Գրեթե երեք անգամ պակաս գումար է փոխանցել պետական բյուջե նաեւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Այն կազմել է ընդամենը 226 մլն դրամ։

Հարկերի որոշ աճ կա «Թեղուտի» դեպքում՝ պայմանավորված նրանով, որ ընկերությունն անցած տարեսկզբին դեռեւս նոր էր մտնում արտադրական գործընթացի մեջ եւ արտադրության ծավալներն այնքան էլ մեծ չէին։ Առաջին եռամսյակում «Թեղուտը» պետական բյուջե է փոխանցել ավելի քան 1,4 մլրդ դրամ, ինչը գրեթե 230 միլիոնով գերազանցել է 2015թ. ցուցանիշը։

Հայաստանի, այսպես ասած, գլխավոր հարկատուն շարունակում է մնալ «Գազպրոմ Արմենիան»։ Այն երեք անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան ցանկի երկրորդ հորիզոնականում գտնվող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը։

«Գազպրոմ Արմենիան» առաջին եռամսյակում պետական բյուջե է փոխանցել 15,6 մլրդ դրամ՝ կես միլիարդով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը։

Ն.ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930