Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ շփոթել էր իր կյանքը փրկած ֆրանսուհու հետ». Նազիկ Արմենակյան

Ապրիլ 28,2016 08:00

Երբ ֆոտոլրագրող Նազիկ Արմենակյանը 2005 թվականին լուսանկարում էր Ցեղասպանությունից մազապուրծ եղած Ռեմելլա Ամլիկյանին, մտքով էլ չէր անցնում, որ այդ լուսանկարը սկիզբ է դնելու մի մեծ շարքի, որն էլ հետո դառնալու է գիրք-ալբոմ:

Nazik Armenakyan«Ուսանող էի, երբ առաջադրանք ստացա որևէ հարաբերություն ցույց տվող դիմանկար նկարել,- պատմում է Նազիկ Արմենակյանը.- քանի որ այդ տարի Ցեղասպանության 90-րդ տարելիցն էր, որոշեցի վերապրածի լուսանկարել: Գտա 100-ամյա Ռեմելլա Ամլիկյանին…

Genocide Surviver-3Լուսանկարում նա ձեռքերում պահում է իր լուսանկարներից մեկը, որտեղ ինքը քսան տարեկան է: Այդտեղ կարծես տեսնում ենք, թե ինչպես են անցյալն ու ներկան միավորվել: Լուսանկարը շատերին հետաքրքրեց: Մարդիկ ցանկացան լսել նաև պատմությունը: Եվ ես երկու տարի անց որոշեցի շարունակել սկսածը, ուրիշ վերապրածների էլ գտնել: Այդպես սկսեցի շրջել Հայաստանի տարբեր մարզերում»:

Genocide Surviver-4Ֆոտոլրագրողը լուսանկարչական այս նախագծի վրա աշխատել է տասը տարի: Այնուհետև այն վերածվել է «Վերապրածները» խորագրով երկլեզու (հայերեն և անգլերեն) գիրք-ալբոմի, որը հրատարակվել է նախորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Գիրք-ալբոմի շնորհանդեսը վերջերս տեղի է ունեցել Նյու Յորքում: Իսկ ապրիլի 27-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում այն ներկայացվեց նաև տեղի հանրությանը:

Տասը տարիների ընթացքում Նազիկ Արմենակյանը լուսանկարել է 45 վերապրածի, որոնցից երեքն են այսօր ողջ:

Genocide surviverՖոտոլրագրողի համար ամենաազդեցիկ պատմություններից մեկը Մարիամ Ավոյանինն է. «Մարիամը 105 տարեկան էր, երբ ես նրան գտա,- պատմում է Արմենակյանը.- դուռը բացեց նրա թոռան կինը: Շատ զգուշորեն հարցրի՝ Մարիամ Ավոյանը ո՞ղջ է: Նա պատասխանեց՝ այո, գնացել է աղջկա ծնունդին: Մենք գնացինք աղջկա տուն: Երբ ներս մտանք, սեղանի գլխավերևում նստած Մարիամը կենաց էր ասում…

105-ամյա կինը շատ լավ էր հիշում իր պատմությունը:

Թուրք զինվորները նրան իրենց գյուղացիների հետ տարել են մի բաց դաշտ, մերկացրել են բոլորին, շարել իրար վրա, հետո բենզին լցրել ու վառել: Մարիամը նույնիսկ այդ հոտն էր նկարագրում:

Հաջորդ օրը թուրք զինվորները գնացել են ածխացած մարմինների վրայից զարդերը հանելու: Շուռումուռ տալու ընթացքում նրանցից մեկը ճանաչել է Մարիամի հորեղբոր կնոջը, որը դեռ ողջ է եղել: Ասել է՝ վեր կաց, Մարգարիտ, ես քեզ կփրկեմ, քո տանը շատ եմ հաց կերել: Հորեղբոր կնոջ հետ փրկվել է նաև Մարիամը»:

Genocide Surviver-1Իսկ ահա վերապրածներից Վարդուշ Հովհաննիսյանը գիրք-ալբոմում շատ աղոտ է հիշում իր պատմությունը. «Մի կնոջ եմ հիշում. երևի մայրս էր: Ծովի ափով գնում էինք… Ոտքով էինք գնում: Փախստականները թաքնվել էին թոնրատանը, իսկ մի մարդ դռան առջև կանգնած կրակում էր: Մինչև հիմա հիշում եմ նրա դեմքը: Ծնողներս մեռան: Ողջ մնացինք ես ու քույրս»:

Նազիկ Արմենակյանը պատմում է, որ վերապրածներից Երանուհի Փանայանը փրկվելուց հետո միշտ երազել է տեսնել իրեն օգնության ձեռք մեկնած կնոջը. «Երբ նա ինձ առաջին անգամ տեսավ, շատ ջերմ ընդունեց, ուրախացավ, անընդհատ կրկնում էր՝ ես գիտեի, որ դու կգաս: Ես զարմացած նայում էի: Հետո Երանուհու տղաներն ինձ հասկացրին, որ ոչինչ չասեմ: Ավելի ուշ բացատրեցին, որ իրենց մոր կյանքը ֆրանսիացի մի կին է փրկել, և նա ամբողջ կյանքում հիշել է այդ կնոջն ու միշտ ցանկացել է հանդիպել նրան: Փաստորեն, Երանուհին ինձ շփոթել էր այդ կնոջ հետ, և տղաները խնդրում էին զգացնել չտալ, որ իրենց մայրը սխալվել է»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930