«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոն, որին ներկա էին բազմաթիվ կոնգրեսականներ եւ սենատորներ, ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչներ, դիվանագետներ ու հոգեւորականներ:
Հայ ժողովրդի բարեկամ, ազդեցիկ սենատոր Ռոբերտ Մենենդեզն իր ելույթում ընդգծեց, որ դեպքերը պետք է կոչել իրենց անուններով եւ Հայոց ցեղասպանությունը՝ «ցեղասպանություն».
«Մենք չենք կարող ցեղասպանությունն այլ կերպ անվանել: Այն, ինչ տեղի է ունեցել 1915-ից 1923 թվականներին, ինչի արդյունքում մեկ եւ կես միլիոն հայ կորցրեցին իրենց կյանքը, ցեղասպանություն էր եւ ոչ մի այլ բառ չի կարող փոխարինել այդ բառին: Մենք պետք է ճանաչենք այն պետական մակարդակով»:
Սենատորը հայտնեց, որ հույս ունի՝ Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:
Կարդացեք նաև
«Երբ հերքում ես ցեղասպանությունը կամ Հոլոքոստը, դրանով իսկ ցույց ես տալիս, որ ցանկացողները կարող են այն օգտագործել որպես գործիք՝ առանց լուրջ հետեւանքների», – նշել է Մենենդեզը:
Միանալով քննադատությանը ԱՄՆ-ի մեկ այլ օրենսդիր, ազդեցիկ կոնգրեսական Էդ Ռոյսը հիշեցրեց հավաքվածներին Ադոլֆ Հիտլերի հայտնի բառերն այն մասին, թե կարելի է ոչնչացնել հրեաներին, քանի որ այսօր ո՞վ է հիշում այլեւս ոչնչացված հայերի մասին:
Կոնգրեսական Ադամ Շիֆը, որը ծագումով հրեա է եւ որի բարեկամների մի մասը նույնպես անհետ կորել է Հրեական ողջակիզման տարիներին, նույնպես զուգահեռներ անցկացրեց Ողջակիզման եւ Հայոց ցեղասպանության միջեւ.
«Սակայն, Հայոց ցեղասպանության վերքը յուրահատուկ եւ շարունակական է այն առումով, որ այն չի ճանաչվել Թուրքիայի կողմից»:
Կոնգրեսական Ռոբերտ Դոլդն իր ելույթում ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության հիշատակի օրերին ինքը, չլինելով հայ, սրտով իրեն հայ է զգում եւ պատրաստ է պայքարել մինչեւ վերջ ցեղասպանության փաստի ճանաչման համար:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան չի ճանաչում Հայոց ցեղասպանության փաստը, բացատրելով տեղի ունեցածը պատերազմական իրավիճակով: Այս կապակցությամբ ԱՄՆ-ի կոնգրեսականն ընդգծում է.
«Եթե դրանք լինեին վիճելի հարցեր, եթե չիմանայինք, թե ինչ էր տեղի ունեցել, այլ բան է: Սակայն, կան լուսանկարներ, փաստեր, վկայություններ, իրական մարդիկ, որոնք անցել են դրա միջով»:
Կոնգրեսականի խոսքով, բարեբախտաբար, Օսմանյան Թուրքիայի ծրագրերը տապալվեցին.
«Օսմանյան կայսրությունը համակարգված փորձում էր բնաջնջել հայ ժողովրդին, սակայն, ես նայում եմ այսօր ձեր աչքերի մեջ, եւ այն փաստը, որ դուք բոլորդ այստեղ եք, նրանց տապալման լավագույն ապացույցն է»:
Վերջում, մեկ անգամ եւս հիշեցնելով Հիտլերի խոսքերը, սենատոր Մենենդեզն ընդգծեց.
«Ինչ վերաբերում է Հիտլերի խոսքերին, թե ո՞վ է հիշում այսօր հայերին, մեր պատասխանը մեկն է. մե՛նք ենք հիշում հայերին, Հայոց պետությո՛ւնն է հիշում հայերին, մե՛նք` Միացյալ Նահանգների Կոնգրեսում ենք հիշում հայերին եւ մենք կանգ չենք առնելու, մինչեւ համոզված չլինենք, որ պատմական փաստերը ճանաչվել են»: