Թալիշում նահատակված 19-ամյա շարքային Վիկտոր Յուզիխովիչի ընտանիքն ապրում է ծանր պայմաններում. տունը թեեւ սեփական է, սակայն բաղկացած է ընդամենը մեկ սենյակից, նեղ մի տարածք, որտեղ երկու հոգի ներս մտնեն, այլեւ մարդ չի տեղավորվում: Մայրը՝ Աննա Յուզիխովիչը, նշում է, որ սա ընդհանուր բակի 3 տներից մեկն է, որտեղ մի կերպ են ապրում: Մայրը չի աշխատում, հայրը՝ ՌԴ արտագնա աշխատանքի է մեկնում. վերջինս անգամ չի հասցրել տեսնել բանակից արձակուրդ եկած Վիկտորին: Հայրը ՌԴ-ից է վերադարձել՝ լսելով որդու մահվան գույժը: Աննա Յուզիխովիչի ասելով, ամուսնու գործերը ՌԴ-ում այնքան էլ հաջող չեն, սակայն ստիպված է արտագնա աշխատանքի մեկնել, քանի որ Գյումրիում աշխատանք չկա:
Մայրը պատմում է, որ որդին մեծ հաջողություններ ուներ բռնցքամարտի մեջ, մեդալներ էր բերում, սակայն փափագած ուզում էր բանակ գնալ: «Որդուս նկարի հետ ամեն օր կռիվ եմ տալիս, նայում եմ ու ասում՝ տղա ջան, դու քո ձեռքով քո ճակատագրի հետեւից վազեցիր: Գիտեք, ոնց որ չներեմ իմ էրեխուն: Մարզիչը էդքան համոզեց, ասեց՝ ի՞նչ բանակ, դու էդպիսի արդյունքներ ունես, լավ է Եվրոպա գնաս, չեմպիոն դառնաս, չհամաձայնեց…Շատ դժվար է, գիտեմ 9 ամիս հետո պիտի գա, օրերն եմ հաշվում, դեռ սպասում եմ… Բանակում հետախուզության մեջ էր մասնագիտանում, այնքան սիրով էր ծառայում, անվախ էր, ուժով էր, երբեք չէի սպասում, որ էսպես կլիներ», -ասում է նահատակված բռնցքամարտի մայրը:
Նա ասում է, թեեւ ամուսնու հայրը ուկրաինացի է, սակայն Վիկտորը վիրավորվում էր, եթե իրեն չասեին հայ ես: Մայրը նշում է, որ Վիկտորը, վիրավոր լինելով, կռիվ է մղել, ինքը փնտրում է ականատեսների, որպեսզի պարզի, թե կյանքի վերջին վայրկյաններին որդու հետ ինչ է կատարվել: «Ես մի ցանկություն ունեմ, թող էլ երբեք, երբեք, ոչ մի մայր չտեսնի այն վիշտը, ինչ տեսա ես, թող ոչ մի հայ զինվոր չզոհվի սահմանին, դիմանալու չէ սա, Աստված ամենամեծ, խաղաղություն բեր մեր երկրին», -աղաչում է բռնքամարտիկի մայրը: Վիկտորը մի քույր ունի, որն ամուսնացած է, եւ փոքր՝ դպրոցահասակ եղբայր:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ