Ջեբրայիլում հերոսաբար նահատակված 33-ամյա գյումրեցի փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի ընտանիքը հրաժարվել է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի՝ «SOS Գյումրի» խմբին նվիրած բնակարանից, որը որոշել էին հատկացնել Ալեքսան Առաքելյանի ընտանիքին՝ կնոջը ու մանկահասակ երեխաներին: Հերոսի հայրը՝ Գեւորգ Առաքելյանն, ասաց, որ բնակարանը նախ հարմարավետ թաղամասում չէ. Մուշ 2-ում է, ունի բազում թերություններ, վերանորոգված չէ, ու սա միջոց չպիտի դառնա բնակարանային հերթացուցակից այս ընտանիքին արհեստականորեն դուրս գցելու: Ալեքսան Առաքելյանի հայրը՝ Գեւորգ Առաքելյանն, անչափ վրդովված է պետական պաշտոնյաների վերաբերմունքից, որոնք բարի չգտնվեցին անգամ գալու ու ցավակցելու իր ընտանիքին:
Այսօր Aravot.am-ին Գեւորգ Առաքելյանն ասաց. «Չեմ տեսել, թե «Արիության մեդալ»-ը ո՞վ է բերել, ի՞նչ կարգով է եկել-հասել «Սուրբ Նշան» եկեղեցի, երկու տող խոսացել է մեր Գյումրու կայազորից մայոր Հայկը, ազգանունը չեմ հիշում: Թաղման արարողությանը բոլորդ էլ ներկա եք եղել, կատարվել է Թատերական հրապարակում, ամբողջ Գյումրին է ներկա եղել՝ Շիրակի մարզով, Ալիկը արժանի չէ՞ր, որ մի պաշտոնյա գար, թեկուզեւ Ղարաբաղից ներկայացուցիչ գար, երկու բառ ասեր, հրաժեշտ տար… Ալիկին էլ կյանք չէին տա իրենք. Ալիկը զոհվեց հանուն խաղաղության: Սա առաջին հարցը, երկրորդ խնդիրը՝ եթե դուք ուզում եք բնակարան հատկացնել, մի հատ էլ իմ կարծիքը հարցրեք էլի, էսօրվա դրությամբ մենակ փափուկ բարձ դնել գլխիս տակ ու ցուցակից դուրս հանելը չէ:
Ալիկին հատկացրած բնակարանը, ով որ հատկացրել, գումար է ներդրել, թող տանի ուրիշ զոհվածի տա, այս պայմաններում ես այդ բնակարանը չեմ գնա: Կդիմեմ արտասահման, բոլորն էլ գիտեն ինչ տղա է զոհվել, ամեն մեկը որ հազար դրամ էլ դնի, իմ տղայիս ընտանիքին տուն կգնեն, բոլոր անհատները, գործարար մարդիկ կան, ամեն մարդ մի քանի կոպեկ հավաքի հրապարակի մեջ, բնակարանը կլինի, ոչ Մուշ թաղամասում, Գյումրին միայն Մուշ թաղամաս չունի: Գյումրին շատ-շատ թաղամասեր ունի, կահավորված բնակարաններ կան, երեք սենյականոց կա, որ այդ երեխաները մեծանան, գիտենան, որ հերոս հոր ետ գցած բնակարանում են ապրում»:
Գեւորգ Առաքելյանը, խոսելով բանակի սպառազինությունից, ասաց, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 10-ը գտնվել է Արցախում ու տեսել է՝ ինչ է կատարվել: «Տանկերն ինչի՞ չգնացին էնտեղ կռիվ տալու, ակումլյատոր չունեին, էդ ակումլյատորները Մալաթիայի բազարները վաճառքի էին ելած: BMP-ները ինչի՞ խոդի տվեցին մինչեւ վերջ չհասան, որովհետեւ BMP-ի բաքերի մեջ սաղ ջուր էր: Երկրապահներ, ֆիդային տղեք էին գալիս, որ զենք վերցնեն, գնան, 60 հատ փամփուշտ էին տալիս, 60 փամփուշտը ընդամենը 1,5 րոպե հետո չկա, ինչ ձեւի էդ գազանի դեմ պիտի կանգնեն բոյ տան», -ասում է Գեւորգ Առաքելյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ