Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձը պետք է բարձրացնել, որ «խոպան» չգնան

Ապրիլ 27,2016 22:45

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում քրեական գործեր են քննվում, որոնք առնչվում են պայմանագրային զինծառայողների կողմից ծառայության վայր չներկայանալուն եւ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելուն:

Պայմանագրային զինծառայողների վրա կարեւոր պարտականություն է դրված, նրանք սովորաբար ծառայում են Ադրբեջանի հետ սահմանագոտում, կոչված են պաշտպանելու առաջնագիծը: Պայմանագրային զինծառայողների ոչ բարձր աշխատավարձը պատճառ է դառնում, որ նրանց մեջ լինեն նաեւ անձինք, ում համար պայմանագրային զինծառայող դառնալը գործազրկության հաղթահարման միջոց է, իր ընտանիքը կերակրելու  վերջին հնարը:

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձի որոշակի բարձրացումը թույլ կտար, որպեսզի ընտրություն կատարվեր պայմանագրային զինծառայող դառնալու ցանկացողների մեջ,  հայրենիքի պաշտպանությունը ստանձնեին կրթական, բարոյական ավելի բարձր որակներ ունեցող անձինք:

Ահավասիկ, պայմանագրային զինծառայողի կողմից ծառայության վայր չներկայանալու, Ռուսաստան «խոպան» գնալու մի օրինակ: Լոռու մարզի Օձուն գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Գարիկ Խեչիկյանը հանդիսանալով սահմանապահ զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, գնդացրորդ, 2014թ. փետրվարի 2-ին պարտավոր լինելով ներկայանալ ծառայության վայր, ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով չի ներկայացել զորամաս, մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: 2014թ. դեկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է այդ երկրի իրավապահ մարմինների կողմից , 2015թ. նոյեմբերի 11-ին տեղափոխվել է Հայաստան:

2016թ. փետրվարի 9-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր ՌաՖիկ Մելքոնյանը վճռել է Գ. Խեչիկյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման, դրան հաշվակցել կալանքի տակ գտնվելու ժամկետը եւ նրան վերջնականապես դատապարտել 1 տարի, 10 ամիս, 6 օր ժամկետով: Դատավորը վճռել է նշանակված ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի հիմքով պայմանականորեն չկիրառել եւ սահմանել 2 տարի ժամկետով փորձաշրջան, Գ. Խեչիկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ կալանավորումը վերացնել եւ նրան դատական նիստերի դահլիճում անհապաղ ազատ արձակել արգելանքից:

Սակայն այս քրեական գործով մեղադրողը նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել, պահանջելով այն բեկանել եւ փոփոխել, վերացնել Գ. Խեչիկյանի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը: Ներկայումս քրեական գործերով վերաքննիչ դատարանում շարունակվում է սույն վերաքննիչ բողոքի քննությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930