14-րդ անգամ անցկացվող «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնը այս անգամ կբացվի ապրիլի 29-ին ու կշարունակվի մինչեւ մայիսի 3-ը:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը, 5 օրվա ընթացքում կկայանա 26 ներկայացում, հյուրերն էլ կներկայացնեն 10 երկիր: Տիկին Մխիթարյանը կարեւորում է հատկապես երկու առանցքային ծրագիր՝ մեկը լեհականն է, մյուսը նվիրված է մեր երկրի Անկախության 25-ամյակին:
Լեհական Վրոցլավ քաղաքի՝ այս տարվա Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի հայտարարվելու շրջանակում Հայաստանում կցուցադրվի դրամատուրգ, գրող, փիլիսոփա Տադեուշ Ռուժևիչի պիեսների հիման վրա բեմադրված երկու ներկայացում: Դրանք փառատոնին նվիրում է Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը: Ռուժևիչի «Զվարճալի ծերունին» պիեսը բեմադրվել է նաեւ Երեւանում՝ Հրաչյա Ղազարյանի կողմից: Մարիաննա Մխիթարյանն ասում է, որ հայ հանդիսատեսը նույն պիեսը կտեսնի երկու՝ լեհական եւ հայկական մոտեցմամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի Անկախության 25-ամյակին, փառատոնը ծրագրային ոչ ստանդարտ մոտեցում է ցուցաբերել:
Կարդացեք նաև
«Մենք ցանկացանք, որ մեր մասին խոսվի եւ ցուցադրվի օտարազգի հեղինակի եւ դերակատարի միջոցով: Անցյալ տարվա Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիեւիչի «Մարգարիտա ու Աբուլֆազ» գործի հիման վրա, որը Բաքվի ջարդերի մասին է, Բելառուսում մոնոներկայացում է բեմադրվել, ու խաղում է Ելենա Դուդիչը: Հենց այդ ներկայացման հայաստանյան պրեմիերան կկայանա ապրիլի 30-ին»,-հայտնեց մեր զրուցակիցը:
«Արմմոնո» փառատոնի տնօրենը շեշտում է, որ Հայաստանի Անկախությանը նվիրված ծրագրից առաջ բոլոր մասնակիցները կգնան Ծիծեռնակաբերդ՝ ինչպես Հայոց ցեղասպանության այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու:
Նրա ձեւակերպմամբ, ավանդաբար փառատոնը բացվում է որեւէ երիտասարդ շնորհալի դերասանի գործով, այս անգամ դա Վարդան Պետրոսյանի որդին է՝ Հայկ Պետրոսյանը՝ իր «Եթե ես լինեի ՊաՊա» մոնոներկայացմամբ:
Մարիաննա Մխիթարյանը անդրադարձավ նաեւ իրենց մյուս ծրագրերին, մասնավորապես «Դեբյուտին» եւ «Տրիումֆին»:
Տեղեկացրեց նաեւ, որ սերտացել են կապերը Բորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտի հետ, արդյունքում անցյալ տարի երկու հայ ուսանող մեկնել էր Մոսկվա, այնտեղ անցկացրել երեք շաբաթ ու մրցանակներով մերադարձել Երեւան: «Այժմ ինստիտուտի պրոռեկտոր Վյաչեսլավ Տերեշչենկոն գալու է Երեւան, որպեսզի մասնակցի մեր փառատոնին՝ որպես պատվավոր հյուր, ու գուցե այս տարվա համար էլ հրավիրի հայ ուսանողների: Նա նաեւ Երեւանում կանցկացնի վարպետաց դասեր»,-հայտնեց փառատոնի տնօրենը: Խոսեց նաեւ հայտնի դերասանների մոնոներկայացումներից՝ Կարինե Ջանջուղազյան, Արթուր Կարապետյան, Նորա Բադալյան եւ ուրիշներ:
Փառատոնն այս տարի կունենա նոր խորագիր՝ «Մեկ հեղինակի թատրոն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ