«ՊՆ ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունները նաեւ հասարակական պահանջով էին»,-անդրադառնալով «Կոմերսանտի» հրապարակմանը՝ պաշտոնյաների պաշտոնանկության պատճառների վերաբերյալ ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ կարծիք հայտնելով, թե որեւէ ձեւով պետք չէ հենվել «Կոմերսանտ» հրապարակած տվյալների վրա:
Ըստ քաղաքագետի, յուրաքանչյուր ռազմական գործողության ժամանակ ի հայտ են գալիս խնդիրներ, որոնք խաղաղ ու սովորական պայմաններում չեն երեւում կամ ակտուալ չեն. «Այդ ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ հատկապես հրետանին, հակաօդային պաշտպանության զորքերը գերազանց դրսեւորվեցին, իսկ ռազմական տեխնիկայի, հետախուզական տեղեկատվության առումով խնդիրներ եղել են, ու պատժվել են այն մարդիկ, որոնք կոնկրետ այդ ոլորտի հետ են կապված»:
Պարոն Մինասյանի կարծիքով, կադրային փոփոխություններ կլինեն նաեւ ավելի ցածր օղակներում:
Սերգեյ Մինասյանն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ եթե ավելի վաղ ՀՀ նախագահն ասել էր, հայկական կողմը դեմ չէ խաղաղապահ ուժերի տեղակայմանը, ապա նախօրեին ասել էր՝ ռուսական խաղաղապահներն անելիք չունեն հակամարտության գոտում:
«Բանակցային գործընթացում կան որոշ առանձնահատկություններ, որոնց մասին տեղյակ են երկու կամ երեք հոգի Հայաստանում կամ ՌԴ-ում: Բանակցային գործընթացի ժամանակ լինում են որոշ առանձնահատկություններ կամ որոշ դետալներ, որոնք փոխում են բանակցային գործընթացի շուրջ մոտեցումները եւ ելնելով քաղաքական իրադարձություններից՝ քաղաքական գործիչը կարող է մի բան ասել, վաղը այլ երանգներով նույն բանն ասել: Ակնհայտ է, որ ռուսական կողմն իր վրա վերցրեց բանակցությունները, իսկ երկու համանախագահները ինքնաբացարկ արեցին այդ առումով ու չցանկացան չափից ավելի շատ ներգրավվել այս գործընթացում:
Ռուսական կողմը, բնականաբար փորձում է օգտագործել իր միակ մենաշնորհն այս իրավիճակում ու առաջարկել այն պայմանները, որոնք ձեռնտու են լինելու առաջին հերթին ՌԴ-ին որպես միջնորդ երկիր, ոչ թե հակամարտող երկրներին: Բնական է, որ մի փուլում ինչ-որ մի բան կարող է ավելի ձեռնտու լինել Հայաստանին, մյուս փուլում ավելի ձեռնտու լինի ադրբեջանական կողմին: Հայկական կողմն այս պահին ուզում է տանել բանակցային հնարավոր գործընթացը նրան, որ քննարկեն ոչ թե ինչ-որ փոփոխություններ կամ բանակցային փաստաթուղթը, որն այս պահին համարվում է ոչ իրատեսական, այլ գտնել միջոցներ իրավիճակը շփման գծում կայունացնելու ու վստահության մեխանիզմ գտնելու առումով: Իսկ ռուսական կողմն այս պահին կփորձի առաջ քաշել իր կողմից ձեւակերպված Կազանի փաստաթուղթը, որը կարող է ընդունելի էր ավելի շատ հայկական կողմի համար 2011 թվականի ամռանը, բայց, ելնելով որոշ հանգամանքներից՝ 2016 թվականի ապրիլյան դեպքերից, ընդունելի չէ այսօր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ