Լրահոս
Օրվա լրահոսը

«Գող՝ սիրտը դող, ասում են՝ իբր տեղյակ չենք». Ինչ է հիշեցնում Էդվարդ Նալբանդյանը անտեղյակ Ադրբեջանին

Ապրիլ 27,2016 19:52

Ինչպիսի՞ն է խաղաղության հեռանկարը: Այս հարցն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Նա հետաքրքրվեց՝ հակառակորդը շփման գծի ողջ երկայնքով շարունակում է կրակել, կա՞ արդյոք բանակցային գործընթացով այս օրերին որեւէ հեռանկար հակառակորդին ստիպելու չկրակել եւ վերադառնալ բանակցային գործընթաց:

Նախարարը պատասխանեց. «Հեռանկարը առաջին հերթին կապված է նրա հետ, որպեսզի վերացվեն այն հետեւանքները, որոնք ստեղծվեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ, լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Արցախի դեմ: Հենց դրա մասին է հայտարարել ՀՀ նախագահը՝ իր վերջին հարցազրույցների մեջ: Այսօր միջազգային հանրության եւ եռանախագահող երկրների՝ ՀՀ-ի հետ միասին ջանքերն ուղղված են այդ հետեւանքների վերացմանը, ուղղված են նրան, որ բացառվի կրկնությունը նրա, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Դրա մասին էր ասում նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը: Միայն ասեկոսեներ են, որ ինչ-որ փաթեթ է բերել, ինչ-որ բանակցություններ են վարվում: Բանակցություններ այս պայմաններում հասկանում եք, որ դժվար է վարել, եթե ստեղծված չեն համապատասխան պայմաններ:

Սին է եւ Ադրբեջանի ցանկությունն է ներկայացնել, որ ՀՀ-ն դուրս է գալիս բանակցային գործընթացներից, որ դեմ է բանակցություններին: Դա լրիվ սուտ է, Հայաստանը միշտ կողմ է եղել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է հանդիպումներից: Եթե ինչ-որ հանդիպումներ բարձր մակարդակով, նախարարների մակարդակով չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է հենց Ադրբեջանի պատճառով: Վերջին նման հանդիպումը Վաշինգտոնում էր, երբ ադրբեջանցիները հրաժարվեցին հանդիպել անգամ եռանախագահողների հետ: Իհարկե, այսօր ապարդյուն փորձեր են նաեւ կատարվում հարցականի տակ դնել եռակողմ զինադադարի ուժի մեջ գտնվելը: Դրա փորձեր արվեցին դիվանագիտական կուլիսներում՝ Վիեննայում, Նյու Յորքում եւ համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից: Նրանք ասացին այն, ինչ մենք ենք ասում՝ անժամկետ զինադադարի համաձայնագիրը, որոնք կնքվել են 94-ին, 95-ին, ուժի մեջ են եւ անխտիր պետք է իրականացվեն դրանց դրույթները: Դա եւս մեկ անգամ ցույց տվեց, որ Ադրբեջանը, փաստորեն, հակադրվում է միջազգային հանրության կարծիքին: Սխալ հաշվարկներ էին Ադրբեջանի դիվանագիտության կողմից:

Չեք պատկերացնում, թե ինչ պատասխան հնչեց մեր հարցադրմանը Վիեննայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով հայտնեցին եռանախագահներին, որ իրենց դեսպանը այն հայտագրի նոտան, որ ուղարկել էր՝ հարցականի տակ դնելով զինադադարի ուժի մեջ գտնվելը, այդ հանձնարարականը չէր ունեցել, ինքնագլուխ նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէր համաձայնեցրել Բաքվի հետ: Իհարկե, պարզ է ինչու է դա արվում, որ անպատասխանատու այդ քայլի հետեւանքներից խուսափեն: Ինչպես ասում են՝ գող՝ սիրտը դող:

Դա առաջին անգամ չէ, հայտնի ոճ է Ադրբեջանի կողմից: Երբ որ բան չունեն պատասխանելու, ասում են, որ տեղյակ չեն: Տեղյակ չեն, որ սանձազերծել են այդ լայնածավալ գործողությունները Արցախի դեմ, որ տեղյակ չեն, թե ինչքան զոհ են տվել այդ արկածախնդրության արդյունքում, տեղյակ չեն, թե ինչ է նշանակում այն առաջարկը, որը վերաբերում է հրադադարի խախտումի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը եւ այլն: Կարծում եմ, այդ անտեղյակների համար կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը չի ազատում պատասխանատվությունից: Ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, որպեսզի կարգի հրավիրի Ադրբեջանին: Այդ ժամանակ հնարավոր կլինի վերադառնալ բանակցությունների դաշտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930