Տավուշի մարզի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղում նախկինում Լալվարի խորհրդային տնտեսությանը պատկանած մշակույթը տունը բնակավայրից բարձր պատով տարանջատված է, պատի գլխին փշալար է անցկացված: Հողի սեփականաշնորհման ժամանակ՝ 1991թ., գյուղի մի քանի բնակիչ այդ տարածքում սեփականության իրավունքով ձեռք է բերել շենք-շինություններ: Այդ նույն տարածքում, ուր 1999թ. կառուցապատվել է սահմանամերձ առեւտրի շուկան, առեւտրի օբյեկտներ են կառուցվել: Կառավարության 2001թ. հոկտեմբերի 22-ի որոշմամբ կանոնակարգվել է շուկայի գործունեությունը:
Շուկայի տարածքը, որտեղ գտնվել են այդ շինությունները ու մշակույթի տունը , պարսպապատվել է, դարձել մաքսային հսկողության գոտի: 2006 թվականին սահմանամերձ առեւտրի Բագրատաշենի շուկայի փակվելուց հետո այդ շինությունները, մշակույթի տունը հայտնվել են սահմանամերձ փակ գոտում: Շինությունների տերերը հնարավորություն չունեն այդտեղ զբաղվելու տնտեսական որեւէ գործունեությամբ: Չնայած դրան, ամեն տարի 4 անձանց պատկանող առեւտրական օբյեկտների համար հաշվարկվում է գույքահարկ, որոնց ընդհանուր պարտքը Բագրատաշենի համայնքապետարանին ներկայումս կազմում է 1 միլիոն 400 հազար դրամ:
Բագրատաշեն համայնքի ղեկավար Արկադի Մակյանն ասաց, որ համայնքապետարանի շենքի մոտակա, նախկինում Ձեյթունի խորհտնտեսությանը պատկանող մշակույթի տունն օգտագործվում է համայնքում մշակութային միջոցառումներ կազմակերպելու համար: Համայնքի ղեկավարը շատ է կարեւորում Լալվարի խորհրդային տնտեսությանը պատկանած մշակույթը տունը համայնքին վերադարձնելը:
Բագրատաշենում հաջողությամբ գործում է Կյոկուշին կարատեի մեծ խումբ: Ա. Մակյանն ասաց, որ այդ խմբի մարզիկները նոր են վերադարձել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքից, ուր կայացած մրցաշարում բագրատաշենցի մարզիկներն առաջին եւ երկրորդ տեղեր են գրավել: Գյուղապետի վկայությամբ՝ խումբը մարզումների համար տեղ չունի, մարզումները անցկացնում է մասնավոր օբյեկտներում: Լալվարի մշակույթի տունը Բագրատաշեն համայնքին վերադարձնելու խնդրանքով Բագրատաշենի գյուղապետը դիմել է Տավուշի մարզպետին, ՀՀ վարչապետին, հանրապետության նախագահին, սակայն՝ անօգուտ, խնդիրը չի լուծվում: Ա. Մակյանն արդեն թերահավատ է, որ մշակութային օջախը կվերադարձվի Բագրատաշեն համայնքին: Նա հայտնեց, որ Բագրատաշենի նախկին շուկայի տարածքը, այդ թվում՝ Լալվարի մշակույթի տան հարակից հատվածը, լցված է հին, չմաքսազերծված ավտոմեքենաներով: Գյուղապետին հարցրի՝ եթե գյուղից մուտք բացվի դեպի Լալվարի մշակույթի տուն, բագրատաշենցիները կխախտե՞ն մոտակայքում գտնվող հայ-վրացական սահմանը: Նա դա բացառեց, հավելելով, որ նման դեպքում Վրաստանի սահմանապահները սահմանախախտին տուգանում են 1 միլիոն լարիի չափով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ