Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկեղծանալու պահն է, պատրաստ եմ բացատրություններ տալ». Հովիկ Աբրահամյանը ընդդիմությանը հրավիրում է հանդիպման

Ապրիլ 27,2016 18:40

«Ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում վերջին սրացումներից հետո ավելի տեսանելի դարձան մեր պետական կառավարման համակարգի բոլոր թույլ օղակները, վարվող քաղաքականության այն բացերը, որոնք կարգավորման, շտկման կարիք ունեն: Վիճարկման ենթակա չէ այն փաստը, որ թերացումներ կան ոչ միայն ռազմական, այլեւ ոչ ռազմական ոլորտներում: Այս խորապատկերի ներքո տրամաբանական էր բարձրաստիճան զինվորական 3 պաշտոնյաների աշխատանքից ազատումը: Արդոք հանձնարարականներ տրվե՞լ են ձեր ենթակայության տակ գտնվող պետական այլ ինստիտուտներում ուսումնասիրություններ կատարելու եւ նմանատիպ ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել ռազմաճակատի համար կարեւոր նշանակություն ունեցող այլ պետական ինստիտուտներում»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին այս հարցն ուղղեց Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Վարչապետը պատասխանեց, որ այս քառօրյա պատերազմը շատ հարցեր, մտահոգություններ, անհարկի կոսմոպոլիտ քաղաքական գործիչներ ի հայտ հանեց մեր հանրությանը. «Քննադատելու, մտահոգվելու շատ խնդիրներ ունեն ոչ միայն կառավարությունը, այլեւ ԱԺ-ն, մեր քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերը: Ինչ վերաբերում է  կառավարության խնդիրներին, անելիքներին, ասեմ, որ կառավարությունը նայում է դեպի ապագային, նայում է  առաջ՝ իհարկե, չփորձելով մոռանալ անցյալը, դասեր քաղել անցյալից՝ փորձելով քայլել ժամանակին զուգընթաց: Այս փոփոխվող աշխարհում իրոք մենք պետք է լինենք շատ զգոն, շատ զգուշավոր, շատ պատասխանատու: Պատգամավորի եւ կառավարության միջեւ կա մեծ տարբերություն՝ պատասխանատվության առումով: Կառավարության յուրաքանչյուր քայլ առաջացնում է կոնկրետ պատասխանատվություն: Այն բարեփոխումները, որոնք պետք է անեինք 2016-ին, դա բյուջեում վերանայվելու է, եւ մենք համապարփակ կներկայացնենք ապրիլյան քառօրյա պատերազմից հետո թե ինչ նոր քայլեր ենք նախատեսում, ինչ նոր փոփոխություններ ենք նախատեսում մեր ռազմավարության մեջ»:

Նա ասաց, որ շուտով այդ փոփոխությունները կներկայացնեն ԱԺ:

Հետո Հովիկ Աբրահամյանը հորդորեց քաղաքական գործիչներին, որ այս լարված իրավիճակը չօգտագործեն՝ զբաղվելու պոպուլիզմով. «Խեղդել է որոշ քաղաքական գործիչների պոպուլիզմը, իսկ դա ում ջրաղացին է ջուր լցնում՝ անհայտ է: Այստեղ պետք է համախմբենք մեր ուժերը, սա դաս է»:

Հովիկ Աբրահամյանը բոլոր քաղաքական գործիչներին՝ ընդդիմություն-իշխանություն, հրավիրեց խնդիրների քննարկման, հանդիպման, բայց՝ առանց մամուլի. «Հենց խոսափողը տեսնում են՝ միանգամից ուրիշ մարդ են դառնում, խեղդում է քաղաքական պոպուլիզմը: Ի՞նչ է պատահել՝ մեր խնդիրն է, մեր պրոբլեմն  է, պետք է միասին լուծենք»:

Նա ասաց, որ անկեղծանալու պահն է՝ մանավանդ, որ ԱԺ նոր ընտրություններին քիչ ժամանակ է մնացել. «Ես պատրաստ եմ բացատրություններ տալ, մեր ապագա տեսլականը ներկայացնել ձեզ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930