Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Ոսկերչյանը կարող է անարգել մուտք գործել ՀՀ

Ապրիլ 27,2016 17:53

Վարչական դատարանում ապրիլի 27-ին դատավոր Անի Հարությունյանի նախագահությամբ ավարտվեց «Շանթ Ոսկերչյանն ընդդեմ ԱԱԾ-ի» գործով հերթական դատական նիստը:

Ֆրանսահայ, «Հայկական վերածնունդ» համասփյուռքյան կազմակերպության Փարիզի մասնաճյուղի պատասխանատու Շանթ Ոսկերչյանի ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հայցով դատարանում ներկայացվել է երեք պահանջ. «Առաջինը` ոչ իրավաչափ ճանաչել արդեն իսկ կատարված գործողությունը, որով մեր վստահորդի տվյալներն ԱԱԾ-ի կողմից մտցվել են ՀՀ-ի համար անցանկալի անձ համարվող օտարերկրացիների տվյալների բանկ: Երբ անուն-ազգանունը մտցվում է «բանկ», պետական մյուս մարմինների համար դա փաստական հիմք է` որպես ոչ ցանկալի անձ տվյալ անձի մուտքը ՀՀ արգելելու համար: Հիմա մենք վիճարկում ենք այդ գործողությունը` Ոսկերչյանի տվյալները չպետք է մտցվեին «բանկ»: Այդ գործողությունը վերադասության կարգով բողոքարկվել էր, նաեւ այդ մերժումն ենք վիճարկում:

Իսկ երրորդ պահանջը հետեւյալն է` մեր տեղեկություններով` մինչ այս օրը Ոսկերչյանի տվյալները շարունակում էին մնալ «բանկում», պահանջ էինք ներկայացրել` ԱԱԾ-ին պարտադրել հանել այդ տվյալները «բանկից»:

Պատասխանողի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ «բանկից» տվյալներն արդեն իսկ հանված են, քանի որ վերացել են տվյալները «բանկ» մտցնելու հիմքերը, եւ Ոսկերչյանի կողմից ՀՀ ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք գոյություն չունի: Ստացվեց, որ մեր երրորդ պահանջն առարկայազուրկ է, հետեւաբար` քննության առնելու կարիք չկա, ուստի հրաժարվեցինք այդ պահանջից»:

Արթուր Հարությունյանը տեղեկացրեց, որ առաջիկայում գործի քննությունը կշարունակվի նշյալ` առաջին եւ երկրորդ պահանջներով:

Շանթ Ոսկերչյանի մեկ այլ ներկայացուցիչ Անի Չատինյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ Ոսկերչյանն արդեն անարգել կարող է մուտք գործել Հայաստան. «Շանթ Ոսկերչյանի տվյալները նշյալ «բանկից» հանված են ապրիլի 25-ից: Առկա է նյութական վնաս, քանի որ Ոսկերչյանը Հայաստան գալով` ծախս էր կատարել: Չի բացառվում, որ նա Հայաստան էր եկել ինչ-որ գործով: Նա նախորդ տարվա մայիսին է իմացել, որ չի կարող մուտք գործել Հայաստան: Այսինքն, մոտ 11 ամիս նա չի կարողացել գալ, հնարավոր է` այս ընթացքում ֆինանսական կորուստներ կրած լինի: Փոխհատուցման կարող ենք հասնել միայն մեր ներկայացրած մյուս պահանջների բավարարվելուց հետո»:

Անին հավելեց, որ Ոսկերչյանը բուռն է արձագանքել ՀՀ-ի համար անցանկալի անձանց ցանկից դուրս գալու փաստին. «Ուրախացավ, որ կարող է հայրենիք գալ»:

Հիշեցնենք` 2015 թվականի մայիսին Ոսկերչյանին ՀՀ տարածք մուտքի արտոնություն չէր տրվել: ԱԱԾ-ն նրա տվյալները ներառել էր ՀՀ-ի համար անցանկալի օտարերկրացիների ցանկում` համարելով, որ Ոսկերչյանը կարող է սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը:

Նախորդ դատական նիստի մասին` այստեղ: 

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930