Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց ԴԱՀԿ արդեն նախկին ծառայության պետ Միհրան Պողոսյանի՝ Պանամայի օֆշորներում գրանցված 3 ընկերությունների մասին: Նա հարցրեց կառավարությանը՝ ուսումնասիրե՞լ եք այդ փաստաթղթերը եւ հանգե՞լ եք եզրակացության:
Նա հիշեցրեց, թե 2013-ի սեպտեմբերին այն ժամանակվա արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ինչպես էր արձագանքել, երբ նրան հարցրել էին Միհրան Պողոսյանի կոռուպցիոն գործարքների մասին. «Նա բառացիորեն ասաց՝ եթե տեսնում եք շահերի բախում, այդ խնդիրը գտնվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տիրույթում»: Նա նաեւ ասել էր, որ ՍՊԸ-ի հիմնադիրն ու ՍՊԸ-ի բաժնեմաս ղեկավարելը առաջին կուրսի իրավաբանը կապացուցի, որ դրանք տարբեր բաներ են: Զուրաբյանի խոսքերով՝ պահանջվեց Պանամական օֆշորային ընկերությունների հաշիվների հրապարակման մի ամբողջ հաքերային հարձակում, որ պարզվի՝ այդ հարցում ճիշտը ընդդիմությունն ու քաղաքացիական հասարակությունն էր: Կարո՞ղ ենք մենք այդքանից հետո ասել, որ իշխանավորների չարաշահումների մասին մյուս տեղեկություններն էլ են ճիշտ: Սա արդեն ազգային անվտանգության խնդիր է:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց՝ «Ով էր ճիշտ, ով էր սխալ՝ գնահատականներ հնչեցնել, կարծում եմ, ավելի ճիշտ կլինի պնդումներ անել, երբ ավարտվի քննությունը այդ գործով: Կան փաստեր եւ այդ փաստերի հետ վերաբերվում են այնպես, ինչպես պետք է վերաբերվեն: Իսկ այս պահին փաստն այն է, որ պաշտոնատար անձը հրաժարական է ներկայացրել եւ իր հրաժարականի մեջ հիմնավոր կերպ ներկայացվել են պատճառները, որոնք դրվել են հրաժարականի հիմքում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ