Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի զինվորականների միջև շփումները, սակայն բարձր մակարդակով հանդիպման մասին չի խոսվում:
«Առայժմ չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին․ այստեղ հարկավոր է հաշվի առնել հակամարտության գոտում լարվածության աճը: Այդ լարվածությունը էականորեն հետ շպրտեց կողմերի միջև ուղղակի երկխոսության գործընթացը», – ՏԱՍՍ -ի փոխանցմամբ, ասել է նա՝ հավելելով. – «Այդուհանդերձ Ռուսաստանի միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել առճակատումը։ Առավել հավանական է, որ խոսվի զինվորականների միջև շփումները շարունակելու մասին»:
Նա նաև փոխանցել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ամենայն հավանականությամբ, Վիեննայում հանդես կգան Ղարաբաղի իրավիճակի մասին զեկույցով և կներկայացնեն իրենց հետագա գործողությունները։